Պաշտպանը բողոքներ է ստանում հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ․առաջարկներ են ուղարկել ՊԵԿ
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ։
Բողոքների համաձայն՝ հաճախ դիմում-բողոք ներկայացրած անձը տեղեկացված չի լինում իր բողոքի վերաբերյալ կայացված որոշման բովանդակությանը, ինչն առաջացնում է բողոքը բավարարված լինելու ակնկալիք։ Մինչդեռ, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից, իսկ դիմում-բողոք բերած անձին այն տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Պատշաճ վարչարարության իրավունքի և որոշակիության սկզբունքի երաշխավորման նպատակով Պաշտպանի կողմից առաջարկվել է բողոքարկման հանձնաժողովում հարուցված վարչական վարույթի եզրափակիչ փուլում նաև նախատեսել կայացրած որոշման հրապարակման փուլ և սահմանել, որ բողոքարկման հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Բացի այդ, բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության բարձրացման նպատակով, առաջարկվել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակման օրինակով սահմանել նաև գանգատարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման պահանջ, ինչի արդյունքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության և անաչառության մակարդակը, և, դրանով պայմանավորված, նաև հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։
Բողոքարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման դեպքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության և անաչառության մակարդակը, և, դրանով պայմանավորված, նաև հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։ Առաջարկություններն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժին