«Սրբապիղծների միակ պատիժը այդ ծնողների հայացքի խորությունն ու իմաստը հասկանալու մեջ պիտի լինի». Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եռաբլուրում հանդիպեցի քառօրյաի տղերքի մայրերին, որ մաքրում էին շիրմաքարերը… Հիշեցի, թե ինչ մեծ էր հպարտությունս, երբ 2016 թվականի մայիսին առաջարկեցին ընգրկվել ապրիլյան պատերազմում զոհվածների գործերով ՄԻԵԴ դիմող աշխատանքային խմբում… Պրագմատիկ ու «անսիրտ» իրավաբանի համար առաջին հայացքից մասնագիտական աշխատանք կատարելու հերթական հանձնարարականն էր, որը պետ քա կատարվեր անշեղորեն, անձնվիրաբար ու անշահախնդիր… Հանուն մեր պետության ու նահատակված տղերքի վառ հիշատակի։
Բայց այդ աշխատանքի զգացականը հետո պիտի երևար․․․ Պարզ հիշում եմ, երբ առաջին անգամ լիազորագրի օրինակը վերցրեցի ու ուղևորվեցի Քանաքեռ՝ Տիգրան Բերակչյանի տուն․․․ Ամբողջ ճանապարհին մարմինս ցնցվում էր նենց, ոնց սովորաբար ցնցվում էր քամոտ տարածքում բերանիցս դուրս թողնված սիգարետիս ծուխը․․․ Հասա տեղ․․․ Աասնհինգ րոպե մեքենայից չէի կարողանում իջնել․․․ Հավաքվեցի ու դուրս եկա, ներքուստ հույս ունենալով, որ տանը մարդ չի լինի․․․ Դռան շեմին կախված շղարշից վարագույր էր, ներսում նշմարվում էր միայն մոմի լույսը, որը հետո պիտի պարզվեր, որ Տիգրանի նկարն էր լուսավորում․․․
Մեկ ժամից ավել տևած խոսակցությունից հետո լիազորագիրը մեկնեցի տիկին Եվգինեին՝ Տիգրանի մայրիկին․․․ Մտքով դեռ Արցախի ճանապարհներին էր․․․ Հնչեց հարցը, որից խուսափելու համար այդ պահին պատրաստ էի տալ ամեն ինչ․ «Իսկ ի՞նչ ա տալու սա ինձ, ո՞նց ա պատժելու մեղավորին»․․․ Մոտս ինքնաբերաբար արհեստական հազ առաջացավ, որը երկարեցնում էր իմ պատասխանը․․․ Ձգվեցի ու պատասխանեցի. «Գումար, որը վճարելու ա Ադրբեջանը, ու էդքանով պակաս զենք ա կարողանալու գնել»․․․ Պատասխանիս չորս բառերի ժամանակ գրիչն աստիճանաբար հետ էր գնում, միայն վերջին բառերից հետո տիկին Եվգինեն, ով, ի դեպ, մանկապարտեզում դաստիարակչուհի էր, անվարան ստորագրեց․․․
Եռաբլուրում նրանց հայացքները կրկին փոխվել էին․․․ Մտքով էլի Արցախի ճանապարհին էին․․․
Սրբապիղծների միակ պատիժը այդ ծնողների հայացքի խորությունն ու իմաստը հասկանալու մեջ պիտի լինի․․․ Հավերժ փառք տղերքին․․․»: