Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը, բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը, բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։
Մոտենում ենք պատվիրատուներին պատասխանատվության կանչելուն. քիչ մնաց»։
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը նշել էր.
«Թե՛ խուզարկություն թույլ տալու որոշումը, թե՛ քննիչի` մեր գնահատմամբ՝ ապօրինի գործողությունները բողոքարկված են: Իրավական հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվելու են Դավիթ Գրիգորյանի` արդեն իսկ խախտված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»։ Նա նաև շեշտել էր, որ քննչական գործողությունների ժամանակ տեղի են ունեցել քրեադատավարական նորմերի աղաղակող խախտումներ։
Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատանքային սենյակում տեղի ունեցած մի շարք քննչական գործողություններ տեղի են ունեցել առանց Դ. Գրիգորյանի իմացության և համաձայնության։ Օրենսդրությունը պահանջում է, որպեսզի դատավորին, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդին առնվազն երկու օր առաջ համապատասխան գործողություն իրականացնող պաշտոնատար անձինք այդ գործողությունների մասին տեղյակ պահեն։
«Դատավորը նման իրազեկում չի ստացել, հուլիսի 16-ին դատավորի աշխատասենյակ է ներկայացել ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչ Խորեն Մեժլումյանը և առգրավում կատարելու որոշման հիման վրա փորձել է կատարել համապատասխան քննչական գործողություն։ Վերջինս արգելել է դատավորի մասնակցությունը տվյալ գործողությանը, նույնիսկ այն առարկություններից հետո, որ առգրավվման գործողությունները պետք է իրականացվեն դատավորի մասնակցությամբ։ Մասնակից են դարձրել տվյալ դատարանի այլ աշխատակցի, առգրավել են նրա աշխատասենյակում և դատարանում գտնվող ընդհանուր համակարգիչներ»,- նշեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց նաև , որ դատավորի աշխատասենյակում քննչական գործողություններ իրականացնելուց հետո կնքել են աշխատասենյակի դուռը և այն վերահսկելու համար այնտեղ կարգել են ոստիկանի ու Դավիթ Գրիգորյանին թույլ չեն տվել մտնել իր աշխատասենյակ։
Ըստ նրա՝ դուռը կնքելուց հետո փորձել են պարզել, թե արդյո՞ք կա դատարանի որոշում, սակայն նման որոշում իրենց չեն ներկայացրել, որից հետո ներկայացել է քննիչը՝ նշելով, որ աշխատասենյակում պետք է իրականացնի խուզարկություն՝ բացառելով դատավորի մասնակցությունը։
Ավելի ուշ նա մեզ հայտնել էր, որ «Առգրավել են այդ գործին չառնչվող, այլ բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ: Խուզարկության գործողության ժամանակ չեն պատճառաբանում, թե ինչու են առգրավում այս կամ այն փաստաթուղթը կամ կրիչը, սակայն մենք դիմել ենք թե գլխավոր դատախազին, թե Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին` Դավիթ Գրիգորյանի բոլոր հիմնարար իրավունքների խախտման ու դրանք անհապաղ վերացնելու համար»։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի (գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արձակուրդում է) կողմից հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։
Ինչպես տեղեկացրել էին Բարձրագույն դատական խորհրդից, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ. Գրիգորյանին, որոշվել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։