«Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում գործողություններ կատարելուց հետո այն կնքել են և ոստիկան կարգել». Փաստաբան
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատանքային սենյակում տեղի ունեցած մի շարք քննչական գործողություններ տեղի են ունեցել առանց Դ. Գրիգորյանի իմացության և համաձայնության։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Նրա խոսքով՝ օրենսդրությունը պահանջում է, որպեսզի դատավորին, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդին առնվազն երկու օր առաջ համապատասխան գործողություն իրականացնող պաշտոնատար անձինք այդ գործողությունների մասին տեղյակ պահեն։
«Դատավորը նման իրազեկում չի ստացել, հուլիսի 16-ին դատավորի աշխատասենյակ է ներկայացել ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչ Խորեն Մեժլումյանը և առգրավում կատարելու որոշման հիման վրա փորձել է կատարել համապատասխան քննչական գործողություն։ Վերջինս արգելել է դատավորի մասնակցությունը տվյալ գործողությանը, նույնիսկ այն առարկություններից հետո, որ առգրավվման գործողությունները պետք է իրականացվեն դատավորի մասնակցությամբ։ Մասնակից են դարձրել տվյալ դատարանի այլ աշխատակցի, առգրավել են նրա աշխատասենյակում և դատարանում գտնվող ընդհանուր համակարգիչներ»,- նշեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ դատավորի աշխատասենյակում քննչական գործողություններ իրականացնելուց հետո կնքել են աշխատասենյակի դուռը և այն վերահսկելու համար այնտեղ կարգել են ոստիկանի ու Դավիթ Գրիգորյանին թույլ չեն տվել մտնել իր աշխատասենյակ։
Ըստ նրա՝ դուռը կնքելուց հետո փորձել են պարզել, թե արդյո՞ք կա դատարանի որոշում, սակայն նման որոշում իրենց չեն ներկայացրել, որից հետո ներկայացել է քննիչը՝ նշելով, որ աշխատասենյակում պետք է իրականացնի խուզարկություն՝ բացառելով դատավորի մասնակցությունը։
«Մենք առարկել ենք՝ նշելով, որ աշխատասենյակի բանալին գտնվում է դատավորի մոտ, և այն չենք ներկայացնի, դրանից հետո քննիչը մոտ կես ժամ ինչ-որ անձանց հետ խորհրդակցելուց հետո, հայտնեց, որ դատավորը կարող է մասնակցել խուզարկության գործընթացին, բայց փաստաբանին թույլ չեն տվել։ Ընդ որում, դատարանը թույլատրել է խուզարկություն կատարել դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում, մինչդեռ քննիչը երրորդ սենյակում ևս կատարել է խուզարկություն՝ առանց դատարանի որոշման։ Հատկանշական է, որ կրիչները և արձանագրություններն առգրավվել են հենց այդ աշխատասենյակից, այսինքն՝ անօրինական։ Այս ամենը մենք բողոքարկել են Գլխավոր դատախազությունում, հատկապես՝ հարուցման որոշումը, քանի որ դրանից երևում էր պաշտոնական հայտարարությունն առ այն, որ Դավիթ Գրիգորյանին վերագրվում է պաշտոնական կեղծիք կատարելու հանցագործություն»,- հավելեց նա։
Նա տեղեկացրեց, որ դատախազությունում վիճարկել են նաև խուզարկության որոշումը և առգրավման ոչ իրավաչափությունը։ Առայժմ պատասխան չեն ստացել։
Թե այս ամենի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի դատավոր Դավիթ Գրիգորյանը, փաստաբանը չցանկացավ այդ մասին խոսել՝ նշելով, որ, եթե դատավորը ցանկություն չունի խոսելու, ապա ինքն իրավասու չէ նրա տեսակետը հայտնել լրատվամիջոցներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ՀՔԾ-ն հատուկ քննչական գործողություններ էր իրականացրել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Նա մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում էր կայացրել։
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Գեորգի Մելիքյաննասել էր, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակից առգրավված փաստաթղթերն ու կրիչները ոչ մի կապ չունեն 314 հոդվածի գործի հետ. դրանք բացառապես առնչվում են Ռոբերտ Քոչարյանի գործին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան