«Իշխանությունը պարտիզանական պայքար է մղում դատական համակարգը վերցնելու համար». Աղասի Ենոքյան
Դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակը պարզ արտահայտությունն է այն բանի, որ այսօրվա Քրեադատավարական օրենսգրքի մեջ դրված են այնպիսի պահանջներ, որոնք այսօրվա դատարանները չեն կարողանում ապահովել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Հայաստանում կա ընդամենը 270 դատավոր, նրանցից շատերը քննում են մինչև 100 դատական գործ, սա սարսափելի մեծ թիվ է։ Սա նշանակում է, որ դատավորները չեն հասցրել գործերը քննել և այս դեպքում էլ չեն հասցրել և ինչ-որ թուղթ են գրել, որ հետաձգվում է։ Այստեղ հանցագործություն տեսնելը պարզապես զարմանալի է, քանի որ հանցագործության մեջ պետք է լինի շահ։ Թե ինչ շահ կարող էր հետապնդել Դավիթ Գրիգորյանը դատը հետաձգելով, ինձ համար զարմանալի է»,- նշեց Ա. Ենոքյանը։
Նա վստահեցրեց, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործողությունները քաղաքական հետապնդում է, նաև՝ դատական համակարգն իրենց ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն է։
Նա նաև նկատեց, որ դատական համակարգում իշխանությունների որոշ քայլեր հաջող էին, որոշները՝ ոչ։ Օրինակ՝ իշխանությունները կարողացան Բարձրագույն դատական խորհուրդն ու դատավոր Արմեն Դանիելյանին իրենց ենթարկել։ Իսկ Դավիթ Գրիգորյանին ու Սահմանադրական դատարանն իրենց ենթարկելու փորձերն անօգուտ էին։
«Իշխանությունը պարտիզանական պայքար է մղում դատական համակարգը վերցնելու համար»,- շեշտեց նա։
168.am-ի հարցին, եթե Դավիթ Գրիգորյանը Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում չընդուներ, նրա նկատմամբ նման գործողություններ կլինեի՞ն, թե՞ ոչ, Աղասի Ենոքյանը պատասխանեց՝ չէր լինի։
«Սա այնպիսի գործ է, որն ամբողջովին փուչիկ է, հաջորդ անգամ Առաջին ատյանում այս գործը կարող է ջրվել, էլ չեմ խոսում, եթե այս գործը հասնի մինչև ՄԻԵԴ, ապա դա պարզապես խայտառակություն կլինի ՀՀ դատական համակարգի իրավիճակի մասով։ Դատավորի նկատմամբ այս գործընթացը սկսելով և նրա լիազորությունները կասեցնելով՝ իշխանությունները ցանկանում են, որ այդ գործը նրանից փոխանցեն մեկ այլ՝ ավելի ճկվող դատավորի»,- ընդգծեց նա։
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վրա իշխանությունների կենտրոնանալն ունի երկու պատճառ։ Նախ՝ հեղափոխության օրերին իշխանությունները հայտարարում էին, որ Քոչարյանը երկիրը թալանել է, ուստի, անկախ ամեն ինչից՝ նրան պետք է բանտարկեն։ Երկրորդը՝ հեղափոխությունից հետո քաղաքացիների կյանքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ Քոչարյանին բանտարկելը մեկ կոնկրետ «նվաճում» է վարչապետի կողմից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան