Պայմաններ՝ ինչպես Սիլիկոնյան հովտում. ինչպիսի՞ն է Renderforest-ի նոր գրասենյակը
Օրերս հայկական Renderforest վիդեոանիմացիաների և լոգոների ստեղծման հարթակը ներկայացրեց իր նոր գրասենյակը, ինչպես նաև՝ նոր ծառայությունը:
Renderforest-ը վիդեո անիմացիաների, լոգո ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։
Renderforest-ի նոր գործիքը նախատեսված է՝ ինչպես մասնագետների, այնպես էլ՝ խմբագրման և դիզայներական խորը գիտելիքներ չունեցող օգտատերերի համար։
Հնարավորինս պարզեցնելով կայքերի պատրաստման գործընթացը՝ ընկերության նպատակն է՝ ապահովել օգտատերերին բրենդավորման ամենաանհրաժեշտ գործիքներով։ Պարզապես ընտրելով համապատասխան կատեգորիան՝ օգտատերերը կարող են գտնել մասնագետների կողմից մշակված վեբ կայքերի օրինակներ, խմբագրել դրանք կամ օգտագործել պատրաստի դիզայնը և բովանդակությունը։
Վեբ կայքերի պատրաստման գործիքն օրերս ներկայացվեց ընկերության արդեն նոր գրասենյակում:
«Շենք կառուցելու գաղափարը եկավ այն ժամանակ, երբ թիմն արդեն սկսում էր մեծանալ, ու մենք անհարամարություններ էինք ունենում: Սկսեցինք առաջնորդվել այն մտքով, որ պետք է մեր աշխատակիցների համար ունենանք ամենալավ պայմանները, և մենք պետք է մրցենք ոչ թե՝ հայկական ՏՏ ընկերությունների հետ, այլ պետք է մրցենք Սիլիկոնյան հովտի ընկերությունների հետ, որոնք ունեն շատ լավ պայմաններ: Ինչո՞ւ չեն կարող Հայաստանում աշխատող մասնագետները ևս ունենալ նման պայմաններ: Շենքի կառուցումը սկսել ենք «Ստորակետ» ընկերության հետ, տևեց մոտ 1 տարի: Բավական ժամանակ մենք աշխատում էին ոչ այնքան հարմար պայմաններում, քանի որ դեռ տարածքում աշխատանքներ կային անելու: Տեղափոխվել ենք մոտ մեկ ամիս առաջ, բայց պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 26-ին»,- 168.am-ի հետ զրույցում նշում է Renderforest-ի մարքետինգի թիմի ղեկավար Ռոման Դանեղյանը:
Շենքի բացմանը ներկա են եղել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարության ներկայացուցիչներ: Ներկա են եղել ՏՏ ընկերությունների շատ ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:
Հակոբ Արշակյանի խոսքով՝ Renderforest-ի հաջողությունը թույլ է տալիս հասկանալ, որ հիմա Հայաստանն առաջատար է տեսանյութերի փոխակերպման ծրագրերի մեջ՝ ի դեմս Renderforest-ի, ինչպես նաև Հայաստանն առաջատար է լուսանկարների փոխակերպման ծառայություններում ՝ ի դեմս PicsArt-ի:
Մենք փորձել ենք պատճաշ կերպով անել բացումը, որպեսզի ցույց տանք ամբողջ երկրին ու արտերկրում գտնվող գործիչներին, որ Հայաստանում հնարավոր է նման բան:
«Մեր հիմնական միտքն այն է, որ մենք միշտ փորձում ենք պահպանել այն սկզբունքը, որ կարող է լինել Հայաստանում հիմնադրված ու զարգացող, ոչ մի ներդրում չստացած ու հայ մասնագետների ռեսուրսներով հիմնված բիզնես: Մենք օրինակ ենք ծառայում մեր բիզնեսով»,- նշում է Ռոման Դանեղյանը:
Հայկական ընկերության նոր գրասենյակը նաև զերծ է մնում էկոլոգիական խնդիրներից:
«Ռենդերֆորեսթի նոր գրասենյակի նախագծման ժամանակ մեր համար առաջնային նպատակ էր՝ մնալ հնարավորինս կանաչ շենք՝ նվազագույն վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Մեր շենքի էլեկտրականության գրեթե 50 տոկոսն ամբողջովին մաքուր է և սնուցվում է արևից։ Արդեն եկող շաբաթվանից մենք որոշել ենք տեսակավորել մեր ողջ աղբը՝ տարանջատելով թուղթը, պլաստիկը և սննդային թափոնները՝ տեղադրելով տեսակավորման աղբամաններ։ Ողջ տեսակավորված աղբը տրամադրելու ենք վերամշակման ու ստացված հասույթն օգտագործելու ենք բարեգործական նպատակներով»,- նշում է RenderForest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը:
Հայկական Renderforest-ի օգտատերերի մեծ մասն Ամերիկայի Միացյալ Նահանգներից են, հետո գալիս են եվրոպական երկրները, ինչպիսիք են՝ Գերմանիան, Անգլիան, Իսպանիան, Պորտուգալիան, ինչպես նաև՝ Թուրքիան»:
Հայկական հարթակի հաճախորդներից են ԱՄՆ կառավարության մարմինները, «Ջեներալ էլեկտրոնիքսը», «Վոդաֆոնը», «Քենոնը», այլք։
Սիրարփի Աղաբաբյան