Ավտոմատացված եղանակով լոգոներ և տեսանյութեր՝ հայկական Renderforest-ի միջոցով
Նոյեմբերի սկզբին Լիսաբոնում տեղի ունեցավ ամենամյա Web Summit-ը, որին առաջին անգամ մասնակցում էր ներկայացուցիչ նաև Հայաստանից: Այդ ներկայացուցիչը 2013 թվականին հիմնադրված Renderforest ստարտափի թիմն էր, որը սամմիթի ընթացքում պաշտոնապես հայտարարել է իր 2 նոր ծառայությունների թողարկման մասին։
Այսուհետ, վիդեո անիմացիաներ ստեղծելու հետ մեկտեղ, Renderforest-ն առաջարկում է նաև լոգոյի ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ, այսպիսով դառնալով «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ։
«Մասնակցեցինք Web Summit-ին ու դրա ընթացքում ներկայացրինք մեր երկու պրոդուկտները՝ լոգոներ և վեբ կայքեր պատրաստելու հարթակները: Բացի այդ, ներկայացրինք մեր առաջարկած այն հնարավորությունը, որը թույլ է տալիս տեքստի հիման վրա պատրաստել վիդեո հոլովակ: Այսինքն, օգտատերն ընտրում է վիդեո շաբլոններից մեկը, գրում է սցենարը, և մեր ավտոմաացված համակարգը՝ մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի հիման վրա աշխատող, ընտրում է տեսարանները, որոնք այդ բանալի բառերին ամենահամապատասխանն են՝ առաջարկելով օգտատիրոջը պատրաստի վիդեո-հոլովակ»,- 168.am-ի հետ զրույցում նշում է Renderforest-ի մարքետինգի բաժնի ղեկավար Ռոման Դանեղյանը:
«Եթե նախկինում ամեն օգտատեր տեսարանների գրադարանից կարողանում էր ընտրել տեսարաններ ու հավաքել վիդեոներ, ապա այժմ մենք կարողանում ենք վերցնել վիդեո սցենարը, մշակել այն և կառուցել վիդեո 3 վայրկյանում՝ ավտոմատացված եղանակով:
Օգտատիրոջ գրված տեքստերում եթե մենք գտնենք ավելի լավ տեսարանների առաջարկներ, մենք դա կառաջարկենք նրանց՝ օգնելով ստանալ ավելի արդյունավետ վիդեոներ»,- ավելի վաղ նշել էր RenderForest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը:
Ընկերությունը հայտարարել էր նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա հիմնված լուծում գործարկելու մասին՝ օգտատերերին առաջարկելով վայրկյանների ընթացքում վիդեոպատրաստում՝ կայքին տրամադրելով նախընտրած համառոտ սցենարը։
Նարեկ Սաֆարյանը նշում է, որ 15 օրում ընկերության գործարկած լոգո մեյքերի միջոցով ստեղծվել է 10.000 անվճար լոգո:
Ներկայումս Renderforest-ն ունի օգտատերերի կողմից պատրաստված ավելի քան 5 միլիոն տեսահոլովակ, շուրջ 3 միլիոն օգտատեր և ավելի քան 200,000 ամսական գրանցում։ Հիշեցնենք, որ վերջերս հարթակը գրանցել էր օրական 8000 նոր օգտատեր, ինչպես նաև 5 նոր գրանցում՝ 1 րոպեում:
Նշենք նաև, որ հայկական հարթակի միջոցով կարելի է րոպեների ընթացքում պատրաստել պրեզենտացիաներ և տեսանյութեր: Հայկական հարթակն օգնում է հատկապես կորպորատիվ տեսանյութեր կամ բիզնես անիմացիաներ պատրաստելիս: Սակայն հարթակը հրաշալի տարբերակ է նաև ծննդյան շնորհավորանքները, հարսանեկան հուշերը, կարևոր իրադարձությունների լուսանկարները մեկ տեսանյութում հավաքելու համար:
Սիրարփի Աղաբաբյան