«Տնտեսական զարգացման արդյունքում անտառի վրա ճնշումը կնվազի». Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ բնապահպանական դրամաշնորհների շրջանակներում փոքր պիլոտային ծրագիր է իրականացվել երկու գյուղերում, այս տարվա սկզբին Հարմարվողականության հիմնադրամի կողմից 2.5 մլն դոլարին համարժեք դրամաշնորհներ են ստացվել, որոնք ծախսվել են Դիլիջանի շրջակա համայնքներում և Խոսրովի արգելոցի հարակից համայնքներում: Նմանատիպ ծրագիր այս պահին գործում է Սյունիքում, որի շրջանակներում իրականացվում է գյուղատնտեսական շուկայի կառուցում, տարբեր էներգաարդյունավետության, բիզնեսի զարգացման ծրագրեր:

Է.Գրիգորյանի խոսքով՝ տնտեսական զարգացման արդյունքում անտառի վրա ճնշումը կնվազի: Նա տեղեկացրեց, որ մյուս շաբաթ համանման մի մեծ ծրագիր կսկսեն Արթիկի շրջանում: «Բացի դրամաշնորհներից, որոշակի փոփոխություններ նախատեսում ենք օրենքում, որպեսզի մարդիկ կարողանան անտառի առկայությունից իրենք եկամուտ ստանալ»,- ասաց նախարարը՝ պարզաբանելով, որ կարգավորվելու և պարզեցվելու են տարածքների վարձակալության հարաբերությունները, որպեսզի մարդիկ առանց երկար քաշքշուկի՝ կարողանան անտառի առկայության շնորհիվ գումար գեներացնել:

Է.Գրիգորյանի խոսքով՝ Ֆրանսիայի հետ համատեղ անտառտնկման մեծ ծրագիր է իրականացվելու և հնարավորություն կստեղծվի, որ մարդիկ անտառ տնկելով՝ գումար աշխատեն, ինչը հանրօգուտ աշխատանք է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ չպետք է տպավորություն լինի, որ կառավարությունն արհամարհում է մարդկանց խնդիրները, բայց մյուս կողմից՝ ապօրինի և անսկզբունք համաձայնություններ չեն կարող լինել:

 

Տեսանյութեր

Լրահոս