«Գործող իշխանություններն արագ հարմարվեցին իշխանական կենսակերպին և սկսեցին քայլեր ձեռնարկել մամուլի դեմ». Ժուռնալիստների միության նախագահ
Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աննախադեպ երևույթ է, երբ 90-ից ավելի հայցեր լինեն մեդիաների դեմ, որից, իր տվյալներով՝ շուրջ 30-ն է վարույթ ընդունվել դեռևս:
Հիշեցնենք, որ օրերս մեդիադաշտի ներկայացուցիչներն ահազանգեցին մամուլի դեմ աննախադեպ քանակի դատական հայցերի մասին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջով։ Հուլիսի 3-ին դատարանը՝ դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, որոշել է մասնակի բավարարել հայցվորի պահանջը. Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանին՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ։
«Սա սպասելի էր ինչ-որ իմաստով, որովհետև այն գործողությունները, որոնք իշխանափոխություն-հեղափոխությունից հետո տեղի ունեցան Հայաստանում, գործող իշխանությունների, հատկապես՝ վարչապետի կողմից մամուլի նկատմամբ գրառումներ կատարվեցին, սուր հայտարարություններ հնչեցին, այս բոլոր կոչերը պետք է բերեին սրան»,- հավելեց նա:
Ըստ Ժուռնալիստների միության նախագահի՝ բոլոր ժամանակներում իշխանությունները մշտապես ազատ խոսքի դեմ ինչ-որ քայլեր են ձեռնարկել. «Մենք տեսել ենք նաև մեդիաների փակման պրոցեսներ, լրագրողների դեմ ճնշումներ և այլն, սակայն սպասում էինք, որ, այնուամենայնիվ, մեր գործընկերը որ եկավ իշխանության, մեդիայի նկատմամբ այլ կլինի վերաբերմունքը: Ցավոք, գործող իշխանություններն արագ հարմարվեցին իշխանական կենսակերպին և սկսեցին քայլեր ձեռնարկել մամուլի դեմ՝ լռեցնելով խոսքը»:
Ս. Սեյրանյանը նշեց, որ, չնայած իշխանությունները միջազգային բարձր հարթակներից հայտարարում են Հայաստանում խոսքի, մամուլի աննախադեպ ազատության մասին, սակայն փաստերը, դեպքերը հակառակի մասին են վկայում:
Իսկ ազատ խոսքի, մամուլի նկատմամբ այս ոտնձգությունները, նրա համոզմամբ, պետք է ահազանգ լինեն ոչ միայն մամուլի և մեդիայի համար. «Մամուլն այն օղակն է, որը հասարակության ձայնը տեղ է հասցնում, իշխանություններին է հասցնում:
Մամուլի դերը պետք է գիտակցեն բոլորը, և ես կարծում եմ՝ հասարակության բոլոր շերտերը պետք է սա հասկանան: Իհարկե, ես համոզված եմ, որ ազատ խոսքը հնարավոր չէ լռեցնել, բայց այս քայլերը լրացուցիչ խնդիրներ են առաջացնում՝ թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական: Կարծում եմ՝ շարքային քաղաքացուց մինչև պաշտոնյաներ, պետք է բարձրաձայնեն այս խնդրի մասին»:
Սաթիկ Սեյրանյանը նաև նկատեց, որ մամուլի աշխատանքը հեղինակազրկելու տենդենց կա:
«Մամուլի դեմ պայքարի նոր փուլ ենք մտնում, որը բնորոշվում է բազում դատական հայցերով և մեծ ֆինանսական պահանջներով»,- այսպես ներկայացրեց իրավիճակը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ տեղեկացնելով, որ իրենց խմբագրության դեմ արդեն կա 9 դատական հայց: Հայցերին անդրադառնալով՝ նա հիշեց նաև «զանգովի արդարադատության մասին»՝ տարակուսելով, որ, չնայած դատարանների ահռելի ծանրաբեռնվածությանը, մամուլի նկատմամբ դատական հայցերը «կայծակնային արագությամբ» վարույթ են ընդունվում: «Միայն մեր լրատվամիջոցն ունի երկու դատական հայց «Իմքայլական» պատգամավորների կողմից: Ընդ որում, եթե դատական համակարգը շատ դանդաղ, շատ դժվար ու հանգիստ է քննում գործերը, որովհետև յուրաքանչյուր դատավորի վարույթում շուրջ 1500 գործ կա, բայց այս պատգամավորների գործերն ուղղակի կայծակնային արագությամբ են ընդունվել վարույթ, ինչը նշանակում է, որ այդքան էլ այնպես չէ, որ չկա «զանգովի» արդարադատություն, այդքան էլ այնպես չէ, որ դատական համակարգն իշխանության ճնշումների տակ չէ: Չի կարող երկրիս փոխվարչապետը, որը շատ անելիքներ ունի, դիմել դատարան, շահել դատը, ու փոքր լրատվամիջոց հայտնվի 1 մլն տուգանքի տակ:
Սա անթույլատրելի է. մենք անցյալում էլ ունեցել ենք իշխանական տարբեր օղակներից դատական հայցեր, բայց, օրինակ, երբ Սեյրան Օհանյանի կինը մեզ դատի էր տվել, դրա մեջ դրամական պահանջ չէր ներկայացրել. դրա մեջ ինչ-որ բարոյականություն կար, որ մարդիկ հասկանում են՝ չի կարելի ֆինանսական ճնշման ենթարկել լրատվամիջոցներին»,- ասաց Ա. Օհանյանը:
«Այս վեթինգի, անցումային արդարադատության տակ, այսօր դատարանները բավականին վախեցած են իշխանություններից և բավականին կառավարելի»,- անդրադառնալով թեմային՝ ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, մեդիափորձագետ Աղասի Ենոքյանը: Ըստ նրա՝ այսօր, երբ իշխանության ներկայացուցիչները դիմում են դատարան, բավականին շահեկան դիրքում են, իսկ մամուլն ունի լուրջ խնդիրներ. «Ընդհանրապես, երբ մամուլը մտնում է դատական պրոցեսի մեջ, ունենում է լուրջ խնդիրներ, որոնք կապված են ժամանակային, ֆինանսական ռեսուրսների հետ. Այս ամենը ճնշում է մամուլը
Սա լուրջ ու վտանգավոր միտում է ազատ խոսքի դեմ: Այստեղ ամենակարևորը լրագրողական համայնքի միասնականությունն է: Պետք է միասնական լուսաբանում լինի»:
Մեդիափորձագետը դատական հայցերի մասին էլ տեղեկացնում է, որ առաջ պետական պաշտոնյաները, բիզնեսմենները չէին ուզում, որ իրենց անունը շատ շոշափվեր, փորձում էին լուծումներ գտնել մինչև դատարան՝ դրանով իսկ թույլ չտալով իրենց անվան շահարկումներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Զարուհի Դիլանյան