«Ես էլ ունեմ տեղեկություններ, թե ինչպես է նա գոռգոռում իր իսկ ենթակաների վրա կամ կուսակցության նիստերին, կամ կառավարության իր կաբինետում». Արմեն Աշոտյան
«Ես այս մեկ տարվա ընթացքում դադարել եմ զարմանալ մեր վարչապետի հերթական գլուխգործոցներից: Ամեն շաբաթ այդ մարդը զբաղվում է այն գործերով, որոնց կոչված են բազմաթիվ այլ պետական մարմիններ` մոռանալով իր սեփական աշխատանքը: Եթե երկրում կա քրեածին իրավիճակի սրացում` սևազգեստ մարդիկ, Օպերայում ճռռացնող մեքենաներ, ապա դա ընթացիկ գործառույթ է համապատասխան պատկան մարմինների համար: Պատկան մարմինները պարբերաբար վարչապետից ստանում են իրենց ոլորտից հանձնարարականներ, որոնց վրա զարմանում են: Սա առաջին դեպքը չէ, և ես էլի եմ ասել, որոշ ուժայիններ կրակն են ընկել վարչապետի ձեռքը»,- ArmDay.am-ի եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հավելելով, որ շատ բնական է, որ վարչապետի վերջին հայտարարությունը քաղաքականացվեց:
Նրա խոսքով՝ այլակարծությունը կրիմինալի հետ նույնացնելու փորձերը զավեշտալի են: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այլակարծություն. Դրա մասին գիտեն բոլորը, անգամ՝ իր կուսակցությունում:
«Ես էլ ունեմ տեղեկություններ, թե ինչպես է նա գոռգոռում իր իսկ ենթակաների վրա կամ կուսակցության նիստերին, կամ կառավարության իր կաբինետում, բայց այդ գործիքակազմը ծիծաղելի է, եթե աշխատի: Իմ բերանը փակել չեն կարող: Ինչ-որ քրեական գործեր են անգամ բզբզում, իմ 7 տարվա նախարար լինելու գործերն են ուսումնասիրում, էս մի տարի է` փորձում են մի բան գտնել ինձ վրա: Ինչ որ գտնում են, շատ ծիծաղելի է: Մամուլից տեղեկացա, որ ՊՎԾ-ն, մի կառույց, որ սկանդալներից դուրս չի գալիս, ինչ-որ ուսումնասիրություններ է կատարել Բժշկական համալսարանում, որտեղ էլի ինձ ինչ-որ բանի մեջ է փորձում մեղադրել, բայց նորից կրկնեմ` գործից տեղյակ չեմ, որովհետև ինձ ոչ տեղեկացրել են, ոչ էլ ծանուցում են տվել»,- ասաց ԿԳ նախկին նախարարը` նշելով, որ իր անձնական խիղճը պետական ծառայության ընթացքում այնքան մաքուր է, որ կարող է իր ձեռքը դնել Նիկոլ Փաշինյանի գլխին ու մաղթել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ու ավարտին նրա խիղճն էլ նույնքան մաքուր լինի:
Արմեն Աշոտյանը կարծում է, որ վարչապետն այնքան լծակ ունի, որ ոչ թե փորձ պետք է կատարի, այլ վաղուց պետք է երկրում օրինականություն հաստատեր: Արթուր Դանիելյանին հիչքոքյան սարսափ-ֆիլմերի սցենարով գրասենյակից տանելն ու տարբեր մարդկանց ասֆալտին պառկեցնելը, ըստ նրա՝ զավեշտալի է:
«Վերջիվերջո, դու «բոեվի՞կ» ես, թե՞ վարչապետ. Կողմնորոշվի՛ր: Ժողովուրդը քեզ դրա համար չի բերել իշխանության: Ժողովուրդը քեզ բերել է իշխանության, որովհետև դու էս մարդկանց խաբեցիր, խոստացար ոսկե սարեր, խոստացար դրախտային կյանք, գտար բոլոր հարցերի մեղավորներին` Սերժ Սարգսյանին ու Հանրապետականին, մենք գնացինք, ԱԺ-ն ցրեցիր, հիմա էդտեղ էլ ես դու` 90 տոկոս հանրությանն անհայտ քո պատգամավորներով, ի՞նչ ես ուզում, տնաշեն, գործ արա»,- տարակուսեց Ա. Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ վարչապետի ագրեսիան պայմանավորված է նրանով, որ ինքը հասկանում է, որ չի կատարել իր տված խոստումները, ժողովուրդը սպասում է: Նա հասկանում է, որ «հանրային կարծիքն իր տակից կամաց-կամաց փախչում է», և դրա դեմն առնելու միակ ձևը, որին նա ունակ է, հաթաթա տալն է:
Խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին` նախորդ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը համոզվածություն հայտնեց, որ այն վարչապետի աքիլեսյան գարշապարն է, ամենաթույլ կետը:
«Մինչև վարչապետ դառնալը նա չուներ համապատասխան գիտելիք, փորձ արտաքին հարաբերությունների մեջ: Ես տեսել եմ, հետն աշխատել եմ: Նա լավ պատգամավոր էր, ուրիշ ոչինչ: Արտաքին հարաբերությունների մասով նա խորհրդարանական դիվանագիտության փորձ էլ չուներ: Հիմա հայտնվել է Սահմանադրությամբ վերապահված լիազորություններով, արտաքին քաղաքականության պատասխանատուի դերում, և ի՞նչ է արել այս մեկ տարվա մեջ: Նա խոստացել էր, որ իր թավշյա հեղափոխությունը կապիտալիզացնելու է արտաքին քաղաքականության մեջ»,- նշեց Ա. Աշոտյանը`անդրադառնալով արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններին:
Ըստ ՀՀԿ փոխխոսնակի` եթե Ռուսաստանի հետ հարաբերություններն այդքան լավ են, ինչո՞ւ են ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի յուրաքանչյուր ստատուսից հետո նիկոլական ֆեյքերը վայնասուն բարձրացնում, ինչո՞ւ գազի գնի վերաբերյալ մինչ այժմ հստակություն չկա, ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացնելուց հետո իր թեկնածուին նշանակել:
«Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տան, ի՞նչ կլինի այս իշխանությունների վիճակը: …Իշխանափոխությունից մինչ այսօր Միհրան Պողոսյանն իրեն պահել է շատ հստակ ու շատ ճշգրիտ` իր քաղաքական գնահատականների մեջ: Ես եմ տեսել հոկտեմբերի 2-ի լույս 3-ի այն հակասահմանադրական գիշերը, երբ Նիկոլը գրոհեց ԱԺ-ն, և մենք այդ գիշերն անցկացրինք Արա Բաբլոյանի աշխատասենյակում, ոնց էր Միհրանը քաղաքական բանավեճի բռնվել Փաշինյանի հետ, և ինչ դժվար է նրա համար դուրս գալ բոլորիս, մասնավորապես՝ Միհրան Պողոսյանի հարցերի տակից»,- ասաց Ա. Աշոտյանը` արձագանքելով այն դիտարկմանը, թե իրենք են «աճեցրել» ԴԱՀԿ նախկին պետին, և նշելով, որ իրենց իշխանության հետ ասոցիացվող, մշտապես քննադատության ներքո գտնվող բազմաթիվ մարդիկ այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին են, նրա թիմի համար դեկտեմբերին ձայն են բերել, վերջինիս տիկնոջ հիմնադրամին մեծ թվեր են փոխանցում, վարչապետի սրբազան նկարով մոմեր ու օղիներ են արտադրում, և այլն:
Այսինքն, ըստ Արմեն Աշոտյանի՝ խնդիրն այդ մարդկանց մեջ չէ, քանի որ, եթե նրանք վատն էին, որովհետև Հանրապետական իշխանության հետ էին, բայց լավն են, երբ իրենց իշխանության հետ են, ուրեմն խնդիրը ոչ թե նրանց, այլ գործող իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ընկալումների մեջ է:
Նա նաև նշում է, որ վերջին ամիսների` մարդկանց հետ իր շփումները ցույց են տալիս, որ մարդկանց մեջ ջերմություն կա իր անձի հետ կապված, և քանի որ ինքը Սերժ Սարգսյանի տեղակալն է, այնուամենայնիվ, այդ վերաբերմունքը նաև քաղաքականացված է:
«Սա նշանակում է, որ, եթե ընտրությունները լինեին ոչ թե դեկտեմբերին, այլ՝ ինպես նախատեսված էր, որքան էլ որ ՀՀԿ-ին ճնշեին, մենք մեր 8-10 տոկոսը կտանեինք: Այս իշխանության ագահությունը նրա մեջ էր, որ հասկանալով, որ ՀՀԿ-ում մնացած քաղաքական կորիզը կարող է պիտանի լինել երկրին… Հիմա մեր տեղը խորհրդարանում չի՞ զգացվում»,- ասաց Ա. Աշոտյանը` նշելով, որ իրենց թույլ չտվեցին մտնել խորհրդարան` կիրառելով տոտալ վարչական ու քաղաքական ճնշումներ, իսկ չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները, որովհետև ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավական հիմքերը չունեին:
«Մենք ղզիկ կուսակցություն չէինք, որ փչացնեինք ընտրությունները, ինչպես դա արեցին ոմանք 2017թ.»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները` տեսանյութում: