Սպասելի հրաժարական՝ անսպասելի կերպով

Երեկ հրաժարական է ներկայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Այդ մասին արդեն նախկին նախարարը տեղեկացրել է ֆեսյբուքյան իր էջի միջոցով, որտեղ, սակայն, հրաժարականի որևէ հոդաբաշխ պատճառ չի ներկայացրել։

Նա ընդամենը գրել է, թե որքան պատասխանատու էր հեղափոխությունից հետո Արդարադատության նախարարի պաշտոնի ստանձնումը։

Ասել, որ Զեյնալյանի հրաժարականն անսպասելի էր՝ սխալ կլինի, քանի որ վերջին շրջանում քաղաքական կուլիսներում խոսվում էր այդ մասին։

Զեյնալյանի աշխատանքից դժգոհություն կար նաև իշխանության որոշակի խմբերի շրջանում։ Անսպասելի էր, սակայն, Զեյնալյանի կողմից հրաժարականի ներկայացումը հենց երեկ, երբ Հայաստանից բացակայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ փաստը հիմք է տալիս մտածելու, որ Զեյնալյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել օր առաջ՝ չսպասելով անգամ այսօր վարչապետի վերադարձին։

Դժվար է, իհարկե, միանշանակ ասել՝ ինչը կարող էր Արդարադատության արդեն նախկին նախարարին նման շտապողական քայլի դրդել։ Ենթադրություններ, սակայն, հնարավոր է անել։

Բացառված չէ, որ Արտակ Զեյնալյանը շտապել է օր առաջ հրաժարական ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով։ Նրա պաշտպաններն ու բժիշկներն ահազանգում են, որ Գրիգորյանի վիճակը կրիտիկական է, և, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Դրա վերաբերյալ նախօրեին վճիռ է կայացրել նաև Եվրոպական դատարանը։

Չնայած քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո նախարարն այլևս օրենքով պատասխանատու չէ կալանավորի համար, սակայն Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և, Աստված մի արասցե, մահվան դեպքում հանրային պատասխանատվությունը մնալու էր նաև Արդարադատության նախարարի ուսերին: Արտակ Զեյնալյանը, ով նաև Արցախյան ազատամարտի մասնակից է, ըստ ամենայնի ցանկացել է խուսափել նման իրավիճակից, այդ պատճառով հրաժարական է ներկայացրել՝ չսպասելով անգամ Նիկոլ Փաշինյանի վերադարձին։

Նկատենք, որ կառավարությունից Զեյնալյանի հեռացմամբ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ կտրելու է իր քաղաքական կապն իր քաղաքական անցյալի հետ։ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նախկին ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ։

Տեսանյութեր

Լրահոս