Յուրօրինակ նշանակում. Զարուհի Բաթոյանը բավարարեց հավակնոտ երիտասարդի ցանկությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանիպուլյատիվ լուծում է գտել՝ իր երիտասարդ օգնականին բարձր պաշտոնի նշանակելու համար:

Ստեփան Մաչյանը հավակնում էր դառնալ նախարարության աշխատակազմի ղեկավար: Բաթոյանը, չնայած երիտասարդի համեստ կենսագրությանն ու կառավարման փորձի պակասին, արեց ամեն բան՝ իր նախընտրելի թեկնածուի նշանակումը պետական բարձր պաշտոնում ապահովելու համար: Իսկ ահա գտնված լուծումը, խոստովանենք, բավականին օրիգինալ է ընդհանրապես կառավարման համակարգի ողջ պատմության մեջ: Պետական կառավարման փորձ չունեցող Ստեփան Մաչյանը միանգամից երկու պաշտոն է նվաճել, ընդ որում՝ երկուսն էլ խիստ կարևոր:

Երեկվանից Մաչյանը նշանակված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, միաժամանակ երիտասարդի վրա դրվել են նաև նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները:

Եվ սա՝ այն դեպքում, երբ նախարարությունում երկրորդ մարդը դարձած ղեկավարի կառավարման փորձը չի բավարարում քաղծառայողի մասին օրենքով պաշտոնի անձնագրի պահանջներին: Հեղափոխության ալիքով պետական համակարգ մտած Ստեփան Մաչյանը մինչ այդ հասարակական հիմունքներով Բաթոյանի օգնական էր աշխատում:

Սուպերպաշտոնյայի նշանակման մասին լուրը չգտանք նախարարության պաշտոնական կայքէջում, չգտնվեց նաև որևէ խոսուն տող, որը կվկայեր Ստեփան Մաչյանի կենսագրության մասին:

Նկատենք, Մաչյանի զբաղեցրած երկու որոշիչ պաշտոնները դերակատարում ունեն ոչ միայն կադրային քաղաքականության հարցում, այլև նա է որոշում կայացնելու նախարարության առնվազն 3 առանձին ծառայութունների, ինչպես նաև 27 ՊՈԱԿ-ների համար անցկացվող ողջ գնումների գործընթացի ապահովման համար:

Հիշեցնենք, ավելի վաղ 168.amգրել էր ՀՀԿ-ական Արտակ Գրիգորյանի՝ այս պաշտոնից հեռանալու և դրդապատճառների մասին, ինչպես նաև տեղեկացրել էինք Ստեփան Մաչյանի հնարավոր նշանակման և հեղափոխական կադրին խանգարող ստաժի բացակայության մասին:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս