«Բա ասում էին՝ փողոցը չնախատեսված հատվածով անցնող քաղաքացիները տուգանվում են 5000 դրամով. ո՞ւր է, չտեսանք». Տաքսու վարորդները դժգոհում են
Հայաստանում քաղաքացիները չեն կարողանում ձերբազատվել փողոցը չթույլատրվող հատվածով հատելու սովորությունից: Իրենց կյանքի մասին մտածելը թողնում են դիմացինի վրա՝ առաջնորդվելով այն իրողությամբ, որ հայերի 95 տոկոսը սիրում է քիթն ուրիշի գործերի մեջ մտցնել: Մեծ մասն էլ ալարում է 10 քայլ անել ու հասնել ստորգետնյա կամ վերգետնյա անցումին, ուստի անթարթ հայացքով ու գլուխը վեր՝ անցնում է փողոցը: Մեր տեղեկություններով՝ հետիոտնի հետ կապված՝ այս պահին աշխատանքներ են տարվում, ուսումնասիրվում է միջազգային փորձը, և ճանապարհային ոստիկանությունն առանձին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու:
Տաքսու վարորդները, ովքեր ավելի շատ են լինում ղեկին, մեզ հետ զրույցում ասացին, որ վթարների մեծ մասի պատճառը հետիոտնն է լինում:
«Մեկ-մեկ մտածում եմ՝ կարո՞ղ ա՝ էս ժողովուրդը, բացի անտարբերությունից՝ դալտոնիկ էլ է»
«Ականջակալները չեն հանում, հեռախոսի մեջ մտած՝ փողոց են անցնում, էլ աջ ու ձախ էլ չեն նայում: Մեկ-մեկ մտածում եմ՝ կարո՞ղ ա՝ էս ժողովուրդը բացի անտարբերությունից՝ գույներն էլ չի տարբերում, դալտոնիկ է: Կարմիր լույսի տակով բռնում-անցնում են, սիգնալ տաս-չտաս՝ պետքները չէ, մի հատ էլ կարող ա գան, դուռը բացեն՝ ասեն՝ ի՞նչ ա եղել»,- ասաց տաքսու վարորդներից Հրայրը:
«Մարդիկ լուսացույցներին չեն նայում, համբերություն չունեն, ոնց որ թքած ունենան իրանց կյանքի վրա… ո՞ւր ա, չտեսանք, բա ասում էին՝ փողոցը չնախատեսված հատվածով անցնող քաղաքացիները տուգանվում են 5000 դրամով: Քանի՞ հոգու են տուգանել: Մինչև գրպաններին չկպնեն՝ էս ժողովուրդն ուշքի չի գա: Մի քանի օր առաջ ջահել աղջիկ՝ նորածին երեխեն գիրկը, ալարեց 20 քայլ անել ու հասնել անցումին, կտրեց, փողոցն անցավ… Իր մասին չի մտածում, բա երեխա՞ն: Վաղը նույնն էլ իր երեխան է անելու, ու այս վիճակը շարունակվելու է»,- նշեց վարորդ Տարոնը:
«Մեկ-մեկ գոռում, ասում եմ՝ անցումն ինչի՞ համար ա, մեկն ասում ա՝ ծեր եմ, մյուսը՝ հեռու ա»
«Տո ես դրանց չեմ էլ զիջում ճանապարհը, զահլա են տանում արդեն: Փողոցը հատում են վերգետնյա անցման տակով, ստորգետնյա անցումի վերևով կամ հետիոտնային անցումից 100 մետր հեռու: Մեկ-մեկ գոռում՝ ասում եմ՝ անցումն ինչի՞ համար ա, մեկն ասում ա՝ ծեր եմ, մյուսը՝ հեռու ա… բա ես ի՞նչ ասեմ»,- վրդվոված ասաց վարորդ Արմենը:
«Ճանապարհային ոստիկաններն ու հետիոտնը ոնց որ մի խելքի լինեն, լուրջ եմ ասում: Բռնել մի շարք փողոցներից լուսացույցները հանել են, իբր թե մեքենաների կուտակում չլինի, չդառնա խցանում: Ասենք, էսքան ժամանակ եղե՞լ ա, որ մի տեղ գնաք ու ամենաքիչը 20 րոպե խցանման մեջ չմնաք: Իհարկե՝ ոչ: Ոնց հանել են լուսացույցները, այնպես էլ թող բերեն-դնեն տեղը՝ Հանրապետության հրապարակից սկսած:
Մեկ-մեկ տեսնում եմ՝ ոստիկանների են բերում-կանգնեցնում, սրանք էլ ժողովրդին ասում են՝ կանգնեք, մեքենաներին՝ քշեք, ու հակառակը: Դե երեք գույներն էլ դրեք էդ խեղճ ոստիկանների վրա, թող միանան-անջատվեն՝ կհասկանանք, մարդիկ էլ իրենց ձայնը կխնայեն: Թե չէ այսպես ի՞նչ է. մեկն անցնում ա, ուզում ես քշես՝ մյուսն ա վազում, ու այդպես շարունակ: Ես եմ ու տաքսու մեջ վատ զգացող մարդու եմ տանում, գլուխս ո՞ր պատին տամ»,- մտահոգությունը հայտնեց տաքսու վարորդ Նարեկը:
«Քշում ես, չգիտես՝ որտեղից, մեկը հայտնվում է մեքենայի դիմաց, ես դրանց սև կատու եմ ասում»
«Խայտառակ վիճակ է, խայտառակ: Քշում ես, չգիտես՝ որտեղից մեկը հայտնվում է մեքենայի դիմաց, ես դրանց սև կատու եմ ասում… ծլում են, այ մարդ…: Վերջերս Փակ շուկայի մոտ էի, հերիք չէ՝ գետնանցումը կա, հետիոտնային անցումն էլ մի քանի քայլ վերև է, մի կին փողոցը հատեց ու ընկնելու էր մեքենայի տակ, մեղավորն էլ վարորդն էր լինելու, բայց ինչո՞ւ, երբ այդ մարդու մեքենայի դիմաց տուրիստական ավտոբուս էր, մարդ է, ի՞նչ իմանար, որ ինչ-որ մեկը հայտնվելու է երկու մեքենաների արանքում: Բա որ անձրևային եղանակներին են որտեղից ասես փողոցը հատում, ուզում ես հելնես տաս գլուխները ջարդես»,- հավելեց վարորդ Գագիկը:
Անի Կարապետյան