Նիկոլ Փաշինյանը խմբագրեց Նուրսուլթան Նազարբաևի կենսագրությունը
Մայիսի 29-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Ղազախստան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախկին նախագահ, ներկայումս՝ Անվտանգության խորհրդի ցմահ ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ։
Հանդիպման ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը Նազարբաևին մասնավորապես ասել է.
https://www.youtube.com/watch?v=tgs9kUbgcHg&fbclid=IwAR0lkIurNJjrlha2YfltvBf9VVO5bzrHUDu1L4c-_84V5j6tri0wAKlbA1c
«Իհարկե, Դուք քաղաքական առաջնորդ եք, ով խորհրդանշում է մի ողջ դարաշրջան։ Այո, Դուք հիշատակեցիք, որ դեռ խորհրդային ժամանակում եղել եք Ղազախստանի առաջնորդը։ Դուք այն առաջնորդներից մեկն եք, ով ստորագրել է Բելովեժյան համաձայնագիրը, դուք մասնակցել եք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ստեղծմանը, դրանից հետո ակտիվ մասնակցություն եք ցուցաբերել ՀԱՊԿ-ի ստեղծման գործում, և Հայաստանը հանդիսանում է թե ԱՊՀ, և թե ՀԱՊԿ հիմնադիր անդամ։ Բոլորին է հայտնի, որ Ձերն է նաև Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը»։
Տպավորություն էր, թե Նազարբաևը չի լսում Փաշինյանին, այլապես կհակադարձեր նրան։
Բանն այն է, որ Նուրսուլթան Նազարբաևը չի մասնակցել Բելովեժյան համաձայնագրի ստորագրմանը։
1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (ՌԽՍԴՀ), Ուկրաինան՝ որպես 1922 թվականի Միութենական պայմանագիրը ստորագրած ԽՍՀ Միության հիմնադիր պետություններ, այսուհետ՝ Բարձր Պայմանավորվող Կողմեր, արձանագրել են, որ ԽՍՀ Միությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցնում է իր գոյությունը:
Համաձայնագիրը ստորագրել են՝
Բ. Ելցին, ՌԽՍԴՀ նախագահ
Գ. Բուրբուլիս, ՌԽՍԴՀ առաջին փոխվարչապետ, ՌԽՍԴՀ պետքարտուղար
Ս. Շախրայ, ՌԽՍԴՀ պետական խորհրդական
Լ. Կրավչուկ, Ուկրաինայի նախագահ
Վ. Ֆոկին, Ուկրաինայի վարչապետ
Ս. Շուշկևիչ, Բելառուսի Հանրապետության ԳԽ նախագահ
Վ. Կեբիչ, Բելառուսի Հանրապետության վարչապետ
Ինչպես տեսնում եք, Նազարբաևը չի ստորագրել նշված համաձայնագիրը, ավելին, նա այնտեղ չի էլ եղել, ու առհասարակ դեմ է եղել դրան ու ասել, որ, եթե ինքն այնտեղ լիներ, միանշանակ թույլ չէր տա, որ ԽՍՀՄ-ը փլուզող համաձայնագիր ստորագրվեր։
Հանդիպմանը ներկա էին վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով կարծես թե դիվանագիտական աշխատանքի փորձ ունի, արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը. հետաքրքիր է՝ նրանք վարչապետին հետո ասե՞լ են, թե ինչ լուրջ կիքս է թույլ տրվել, թե՞ շառից-փորձանքից հեռու՝ ոչ էլ ձայն են հանել։