«Պատրաստ ենք շոգ ամառը դիմավորել». «Վեոլիա ջրի» ներկայացուցիչներ
2017 թվականի հունվարի 1-ից հանրապետության 356 տարածքներում՝ 44 քաղաքներում և 311 գյուղական բնակավայրերում, ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ է կատարում «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընկերության «Արևելք» տարածաշրջանային տնօրեն Կարապետ Օհանյանը, «Արևմուտք» տարածաշրջանային տնօրեն Արամ Սահակյանը և տեխնիկական տնօրեն Վահե Բատոյանն անդրադարձան բնակիչներին հուզող խնդիրներին։
«Ամռան ամիսներին արել ենք այն ամենը, որ ջրամատակարարման գրաֆիկներից շեղումներ չունենանք»,- հայտարարեց Արամ Սահակյանը՝ նշելով, որ գրաֆիկը տեղադրված է ընկերության կայքում և հրապարակվել է բազմիցս։
Ի դեպ, ջրամատակարարարման միջին տևողությունը, ըստ «Վեոլիա ջրի» ներկայացուցիչների՝ Երևան քաղաքում 23.5 ժամ է։
Գրաֆիկից շեղումներին անդրադառնալով՝ Կարապետ Օհանյանը տեղեկացրեց, որ դրանք պայմանավորված են շինաշխատանքներով, պլանային անջատումներով, և հավելեց. «Մեր բոլոր պոմպակայաններում, ջրաղբյուրներում կատարել ենք աշխատանքներ, որի շնորհիվ՝ պատրաստ ենք շոգ ամառը դիմավորել»։
Ընկերության աշխատակիցներն ասացին, որ ջրամատակարարման որակի՝ տևողության ու ճնշման մասին տեղեկությունը հասանելի է ցանցում տեղադրված սարքավորումների միջոցով, որոնց տվյալները տրվում են գերմանական անկախ աուդիտորական կազմակերպության։
Վահե Բատոյանն էլ խոսելով ջրի որակի մասին՝ նշեց, որ Հայաստանում գործում է 7 խոշոր կենտրոնացված լաբորատորիա, 28 մանր տեղամասային լաբորատորիա, որոնք իրականացնում են ստուգումներ 24-ժամյա գրաֆիկով։
«Համագործակցում ենք նաև Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ՊՈԱԿ-ի հետ, և այն լաբորատոր հետազոտությունները, որոնք հնարավոր չի իրականացնել մեզ մոտ, պատվիրակում ենք նրանց»,- հավելեց նա։
Բատոյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Արմավիրի մարզի ջրի որակին, որով պայմանավորված՝ հաճախ բնակիչները ջուրը գնում են. «Արմավիրի մարզում ջրի գնումը պայմանավորված է բարձր կոշտությամբ։ Հարցը մեր կողմից բարձրացվել է տարբեր գերատեսչություններում, արձանագրվել է, որ կա խնդիր, մեր կողմից առաջադրվել է երկու տարբերակ. առաջինը՝ կառուցել խմելու ջրի փափկեցման կայան, երկրորդը՝ կառուցել ջրատար՝ Էջմիածնին հարակից բնակավայրերից՝ Ղազարավան կոչվող տարածքից։ 26 կմ ջրագիծ, որը թույլ կտա ողջ Արմավիրի մարզին մատակարարել որակյալ լեռնային աղբյուրների ջուր։ Հարցը քննարկման փուլում է»։
Ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրներին անդրադառնալով՝ Կարապետ Օհանյանն ասաց, որ սպասարկում են մի համակարգ, որը կառուցվել է 1930-ական թվականներից. «Քանաքեռ թաղամասում մենք փոխեցինք մի խողովակ, որը 1912 թվականին էր կառուցվել։ Չի՛ կարող այդ համակարգը հեշտ շահագործվել, բավականին դժվար է դրա շահագործումը։ Հիմնական խողովակները կառուցված են նախորդ դարի կեսերին»։
Նա նաև տեղեկացրեց, որ, ըստ վարձակալության պայմանագրի՝ ողջ խողովակների փոփոխությունը ենթադրում է նաև պետության ներդրում. «Այն տարածքներում, որտեղ մեծածավալ աշխատանքներ են, այնտեղ պետք է պարտադիր մասնակցություն ունենա պետությունը ևս։ 200 մլն ներդրման մասին է խոսքը»։
Օհանյանն անդրադարձավ նաև Նոր Նորքի զանգվածի խնդիրներին, խոսակցություններին, թե ջրանջատումներն ամռանը պայմանավորված են «Ջրաշխարհի» հանգամանքով. «Ես ինքս էլ 2-րդ զանգվածի բնակիչ եմ և գիտեմ խնդիրը։ Մենք նախատեսում ենք Նոր Նորքի 1-ին և 2–րդ զանգվածները 24-ժամյա ջրամատակարարմամբ ապահովել 2020թ. ամռանը։ Հույս ունեմ, որ մեր հարևաններն ու ընտանիքիս անդամները հաջորդ տարի պատվով ինձ շնորհակալություն կհայտնեն։
Իսկ ինչո՞ւ է նվազում ամռանը՝ քանի որ այն ժամանակահատվածում, երբ ջրի սպառումը նվազ է, կարողանում ենք գրաֆիկից ավելի ջուր տալ, իսկ երբ ռեսուրսների սղության պատճառով ստիպված ենք պակասեցնել, մենք դա պակասեցնում ենք, բայց ոչ նվազ, քան հայտարարված ջրամատակարարման գրաֆիկն է»։
Զարուհի Դիլանյան