Արաբական երկրները համերաշխություն են հայտնել Իրանին հակազդելու հարցում
Արաբական երկրները Մեքքայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների գագաթնաժողովի արդյունքներով հայտաարարել են, որ հաստատակամ են պաշտպանելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը եւ դատապարտել են Իրանի կողմից հնչող սպառնալիքները։
«Խորհուրդը վերահաստատեց Պարսից ծոցի արաբական պետությունների վճռականությունը պաշտպանելու տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը, համաշխարհային տնտեսության աճը եւ նավթաշուկաների կայունությունը եւ դատապարտեց ծովային նավագնացության ազատությանն ու նավթի մտակարարումներին Իրանի սպառնալիքները»,- ասված է գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ տարածված ամփոփիչ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, բանաձեւը կոչ է անում միջազգային հանրակցությանը՝ կատարելու միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր պարտավորությունները եւ վճռական միջոցեր ձեռնարկել իրանական ռեժիմի դեմ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները պահանջում են «ավելի արդյունավետ ու լուրջ քայլեր կատարել Իրանի կողմից միջուկային ներուժի ստեղծում թույլ չտալու նպատակով» եւ «ավելի խիստ սահմանափակումներ կիրառելու բալիստիկ հրթիռների իրանական ծրագրի դեմ»:
Բանաձեւում նաեւ հայտարարվում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարությանն աջակցության մասին: Ներկայում Մեքքայում միաժամանակ անցկացվում է երեք գագաթնաժողով՝՝ Իսլամական համագործակցության կազմակերպության, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի եւ Արաբական պետությունների լիգայի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: