«Հրամանը ճիշտ ժամանակին էր տրված՝ դրա շնորհիվ էր, որ խուսափեցինք հնարավոր վատ հետևանքներից». Քոչարյանը մանրամասնեց, թե ինչու էր հանդիպել բանակի հրամկազմի հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում անդրադարձավ 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին։
«Նախագահական ընտրություններից անմիջապես հետո 21,8 տոկոս ձայն հավաքած թեկնածուն հայտարարել էր, որ ինքն ընտրված նախագահ է, սրա մասին արդեն խոսվել է, նրա իրավունքն է՝ կարող էր հայտարարել։ Հայտարարվել էր շուրջօրյա հանրահավաք կազմակերպելու մտադրության մասին, և արդեն փետրվարի 20-ի երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հանրահավաքում հայտարարվել էր, որ ինքը «սյուրպրիզ» ունի և պետք է հայտարարի շատ կարևոր բանի մասին։
Հաջորդ օրը հայտարարել էր, որ հանդիպել է Պաշտպանության փոխնախարարների հետ, որոնք ասել էին, որ միանալու են իրենց։ Այդ ժամանակ Մոսկվայում էի, ամեն օր ինձ զանգահարում էին ԱԱԾ-ից. չափազանց մեծ մտահոգությունն այս ամենին ԵԿՄ-ի միանալն էր։
Մոսկվայից Երևան եմ վերադարձել փետրվարի 22-ի ուշ երեկոյան։ Հենց օդանավակայանում ԱԱԾ խորհրդի անդամներն ինձ զեկուցեցին իրավիճակը՝ այդպես էր կարգը։ Զեկույցից անմիջապես հետո ցանկություն հայտնեցի հաջորդ օրը հանդիպել պաշտպանության բարձրագույն հրամկազմի հետ։
Ասեմ, որ այն առաջին հանդիպումն էր 10 տարվա ընթացքում նախագահի նստավայրում, սովորաբար դա տեղի էր ունենում Պաշտպանության նախարարությունում։ Հիմա պատկերացրեք իմ վիճակը. որպես նախագահ՝ Սահմանադրության երաշխավորն եմ, և տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահի խոսքով՝ այս ամենից հետո իրեն մնում էր հանդիպել բանակի հրամկազմի հետ և զգուշացնել, որ անթույլատրելի է Զինված ուժերի ներքաշումը քաղաքական իրադարձությունների մեջ, ինչը կարող էր կործանել երկիրը։
Նա նաև հավելեց, որ բանակի բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումը կայացել է փետրվարի 23-ին, ժամը 11։00-ին, նախապես չի հրահանգել, թե ովքեր կարող են լինել հանդիպմանը, միայն նշել է, որ կարող է ներկա լինել սպայական բարձրագույն կազմը։
«Հանդիպումը տևել է 20 րոպե, ոչ ավել, քննարկում չի եղել, հաղորդակցությունը եղել է միակողմանի, ես իմ մոտեցումն եմ արտահայտել, և հանդիպումն ավարտվել է։ Երկու հարցի վրա էի ուշադրություն դարձրել, առաջինը՝ հասունանում էր ներքաղաքական ճգնաժամ, քանի որ մենք գիտեինք, որ ընտրությունների արդյունքները չեն ընդունվելու, որովհետև հակառակորդ կողմը մինչև ընտրությունների արդյունքները հայտարարում էր, որ իրենք հաղթել են, և եթե պարտվեն, ուրեմն ընտրությունները կեղծվել են։ Մեզ մնում էր՝ ուշադիր լինեինք սահմաններին, քանի որ այդ իրավիճակում հակառակորդը կարող էր ակտիվանալ, այդ պատճառով էլ զգուշացրել եմ, որ այլ կարգի ծառայության ռեժիմով մենք պետք է այդ ժամանակահատվածում ծառայենք։
Կարծում եմ՝ զորանոցային վիճակը եղել է հենց այդ նպատակների համար։
Երկրորդը՝ ԵԿՄ-ում այդ իրադարձություններին մասնակցելն էր, հարցը շատ հստակ է դրվել, որ իրենք կա՛մ ԵԿՄ-ական են, կա՛մ քաղաքական գործիչ։ Այս երկու հարցը միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ, եթե բանակի պառակտում տեղի ունենար, ապա հակառակորդն անպայման կօգտվեր այդ հնարավորությունից, այս երկու վտանգը պետք է դիտարկել միասնության մեջ»,- շեշտեց Ռ. Քոչարյանը։
Ըստ նրա՝ Զինված ուժերի հրամկազմի հետ չհանդիպելն ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետևանքների առումով ամբողջ պատասխանատվությունը մնում էր իր վրա։
Նա վստահեցրեց, որ հանդիպման ընթացքում որևէ հրաման չի արձակել, այսինքն՝ չի ասել, թե սպայական կազմն ինչ պետք է անի: Ավելին՝ նրա խոսքով՝ իր աշխատաոճի մեջ երբեք որևէ մեկին չի ասել, թե ինչպես պետք է իր խնդիրը լուծի, թե ինչպես պետք է իրենց խնդիրները լուծեն՝ դա տվյալ մարմնի ղեկավարի պարտականությունն է, և նրանք ավելի լավ գիտեն իրենց, թե ինչ պետք է անել:
«Այն ժամանակից մինչև այժմ, կարծում եմ՝ բանակն ամենակայացած կառույցն է, իմ խնդիրը չէր բանակին ասել, թե այդ հարցն ինչպես պետք է լուծեին, նրանք ինձանից լավ գիտեին։ Նույն օրն այդ հրամանն արձակվեց, որի մասին ես իմացել եմ այս գործի շրջանակներում։ Համոզված եմ, որ այդ հրամանը ճիշտ ժամանակին տրված հրաման էր, քանի որ դրա շնորհիվ էր, որ խուսափեցինք հնարավոր վատ հետևանքներից։ Հրամանն իր մեջ որևէ հակաօրինական կետ չէր պարունակում և ամբողջությամբ Պաշտպանության նախարարի լիազորությունների շրջանակում էր»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Զվարթ Խաչատրյան