«Սա ոչ մի տեղ չտանող քաղաքականություն է»
Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «սկզբունքորեն դեմ» է արտահայտվել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը: «Այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և՛ նախկին, և՛ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունն այս թեմայով ևս խոսել է:
Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետև բոլորն ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք»,- ասել է Մամեդյարովը:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը «168 Ժամի» հետ զրույցում Մամեդյարովի հայտարարությունները «կանխատեսելի» որակեց. «Դրան ի պատասխան՝ Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ մեզ համար դա սկզբունքային հարց է: Ես կարծում եմ՝ սա ոչ մի տեղ չտանող քաղաքականություն է, և մենք պետք է իսկապես փորձենք կարգավորման գործընթացը գործնական փուլ տեղափոխել, եթե իսկապես ձգտում ենք կարգավորման, որովհետև նաև կա տեսակետ, որ մենք ոչ թե կարգավորման ուղղությամբ ենք աշխատանքներ տանում, այլ չկարգավորելու և ստատուս-քվոն երկարաձգելու:
Ես դրան էլ եմ կողմ, բայց պետք է հասկանալ, որ ստատուս-քվոն թանկ հաճույք է, և ստատուս-քվոն սպասարկելու համար պետք է իսկապես լծվենք այնպիսի պետություն ունենալուն, որը չենք կարող ունենալ առանց հեղափոխական գործողությունների, որը մենք չենք տեսնում: Չենք տեսնում նման հայեցակարգ, նման կարողություն ու, ամենակարևորը, ծրագրեր: Ուստի, կարծում եմ, սրանք խիստ փոխկապակցված են, և եթե ամեն ինչ արվում է ստատուս-քվոն ամրագրելու և պահպանելու ուղղությամբ, ուրեմն պետք է պատրաստ լինենք վճարել դրա համար: Իսկ դրա համար պետք է վճարենք միայն ուժեղ տնտեսությամբ, ուժեղ բանակով, որը ծախսեր է ենթադրում»:
Դիտարկմանը, որ Մամեդյարովը հարցադրում է արել, թե իրենք այս 30 տարիների ընթացքում ձեռք են բերել գազամուղ, երկաթգիծ, ի՞նչ ունեք դուք, ավելին՝ շուտով Հայաստանի երրորդ բաց սահմանը կփակվի, Ա.Բաբաջանյանը պատասխանեց.
«Իրենք էլ իրենց տարածքի 20%-ն են կորցրել և մեծ հաշվով ունեն այն իրողությունները, որոնց դեմ հանդիման կանգնել է Ադրբեջանը. ԵՄ գործընկերության ամփոփիչ արձանագրության մեջ տեղ գտած ձևակերպումը, որտեղ չարձանագրվեց անդամ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ հիշատակում, դա արդեն իսկ նշանակում է, որ Ադրբեջանն էլ մտածելու բան ունի: Ի վերջո, Արցախը մեզ համար ավելին է, քան գազատարներն ու կոմունիկացիաները, որ կարող էին, այո՛, տնտեսապես մեզ ավելի գուցե ուժեղ դարձնել, բայց մենք կկորցնեինք մեր հայրենակիցներին և անվտանգության այն համալիր հարցերը, որ կբխեին Արցախը կորցնելուց հետո, ընդհուպ՝ Երևանին կսպառնար:
Հետևաբար՝ այստեղ նույնիսկ քննարկելու բան չկա, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եղել, և այն քաղաքականությունը, որ սկիզբ է դրվել 1989 թվականից, պետք է ամեն ինչ անել դա ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու և պաշտպանելու համար»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ևս նշեց, որ հասկանալի է, որ Ադրբեջանը երբևէ չի համաձայնելու, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների լիիրավ մաս. «Իրենց օրակարգը դա է, մեր օրակարգն էլ միանշանակ հստակ է՝ առանց Արցախի ժողովրդի Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել:
Ինչ վերաբերում է Մամեդյարովի մյուս իմպերատիվ հայտարարություններին, որ փաստաթուղթը սեղանին է, և այլ օրակարգ չկա, դրա շուրջ պետք է նստեն ու բանակցեն, ես շատ կցանկանայի, որ ՀՀ իշխանություններն արձագանքեին, առաջին հերթին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը, որովհետև որքան ես հետևում եմ վարչապետի հայտարարություններին, իրենք նշում են, որ բանակցություններ՝ որպես այդպիսին, չկան, մենք ընդամենը խոսում ենք բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտ ձևավորելու շուրջ, որը, ըստ էության, հակասում է Մամեդյարովի արած հայտարարությանը:
Այնպես որ, եթե մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, դրանից մի ժամ հետո Ալիևը հայտարարում է, թե Երևանն ադրբեջանական տարածք է, իսկ պատերազմը չի ավարտվել, այլ ավարտվել է միայն պատերազմի առաջին փուլը, ռազմական տարբերակով հարցի լուծումը շարունակում է մնալ իրենց օրակարգում, Մամեդյարովը նման ցինիկ հայտարարություն է անում, ինչպես արեց երեկ, սրա վերաբերյալ մեր իշխանությունները, Արտգործնախարարությունը պետք է հստակ պարզաբանումներ տան»:
Նա հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ իրենք դիմել են ԱԺ նախագահին՝ խնդրելով հրավիրել փակ լսումներ՝ ՀՀ ղեկավարության, ԱԳՆ-ի և Արցախի ԱԱԽ-ի ու պատգամավորների մասնակցությամբ, բայց այն մնացել է անպատասխան:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ հայ ժողովրդին խաղաղության նախապատրաստել պետք չէ, հայ ժողովուրդը խաղաղության էլ է պատրաստ, ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ նաև պատերազմելու է պատրաստ: Նրա կարծիքով՝ Մամեդյարովն ու Ադրբեջանի քաղաքական էլիտան խոհեմ կլինեն, եթե իրենք սպառնալիքների, ռազմատենչ հռետորաբանությունը դադարեցնեն: