Բաժիններ՝

«Եթե մարդը դրսի գրանտներից է օգտվում, դրսի պատվեր է կատարում, նա ինչքանո՞վ է գիտության մարդ». Գրիգոր Բրուտյանը՝ Զորաց քարերում ստեղծված իրավիճակի մասին

«Հնագետ Աշոտ Փիլիպոսյանի թիմը Զորաց քարերում պեղումներ է իրականացնում լուրջ խախտումներով»,- այս մասին մայիսի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էին «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Նանա Հերունին, ճարտարապետ «Ազգային հնչյուն ստուդիայի» տնօրեն Թովմաս Բադալյանը, իրավաբան Պերճուհի Եթարյանը:

«Պեղումների համար նրանք ծանր տեխնիկա են օգտագործել, ինչը կտրականապես արգելված է։ Նրանք բահերով և քլունգներով են փորել, և քարերի վրա հետքեր են մնացել։ Քարերի ստորին հատվածն ամբողջությամբ քանդված է։ Դրանք գրեթե օդից են կախված, այսինքն՝ կարող են տեղից շարժվել։ Եվ եթե դրանք փոքր-ինչ տեղաշարժեն, դա կխախտի աստղադիտարանի ողջ անսամբլը»,- նման կարծիք էր հայտնել Նանա Հերունին։

Աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Զորաց քարերի շուրջ ստեղծված աղմուկին՝ ասաց, որ երկու տարի է՝ այդ հարցը բարձրացնում են, բայց ձայն բարբառոյ հանապատի:

«Անցած տարի գնացինք աղմուկի հետքերով՝ տեսնելու, թե իրականում ի՞նչ է կատարվել: Պեղումներից հետո վիճակին ականատես եղանք: Այնպիսի վիճակ էր, որ հստակ որևէ բան ասել հնարավոր չէր: Ավելի լուրջ հետազոտություն էր պետք մասնագետների կողմից: Ամեն դեպքում, ես անցած տարի շարժված քար չեմ տեսել, բայց տեսել եմ քարեր, որոնց վրա ծանր գործիքի հետք կար՝ քլունգի, լինգի: Պեղումների ժամանակ նման ծանր գործիքներ չի կարելի օգտագործել: Առաջարկել եմ համապատասխան մասնագետներից կազմված հանձնաժողով ունենալ, որը կգնա, տեղում հարցը կքննի ու եզրակացություն կանի, բայց դե՝ ձայն բարբառոյ հանապատի»,- ասաց Գրիգոր Բրուտյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով տարածված այն խոսակցություններին, որ քարերը նաև անհետանում են, Գրիգոր Բրուտյանը նկատեց.

«Չի բացառվում: Պահակն անհասկանալի անձնավորություն է (նկատի ունի «Քարահունջ» հնավայր արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանին.- Ա.Կ.): Նա լրիվ այլ աշխարհայացք ունի: Մի քիչ այն կողմ իր համար իբր թե նոր Զորաց Քարեր է սարքել: Ինչ-որ ակցիաներ են անում՝ մերկ կանանց մասնակցությամբ: Քարերի վրա նշաններ են անում: Հիմա, ինքն ասում է՝ նշանները ես եկել ջնջել եմ: Պետական վերաբերմունք է պետք, որը չկա: Մշակույթի նախարարությունն էլ շատ զբաղված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարցերը լուծելով: Պետական ապարատը մեզ մոտ լավ չի աշխատում: Այս օղակից գնում է այն օղակ, իսկ 3-4-րդ օղակում կորչում է:

Փչացած հեռախոսի պատմությունն է: Զորաց քարերին պահակ է պետք, դեռ տնօրեն պետք չէ: Պահակը չպետք է ոչ ոքի թույլ տա՝ ինչ-որ բանի դիպչեն: Եվ հետո, հարց է թե պեղումների թույլտվությունն ո՞վ է տալիս, ինչի՞ հիման վրա է տալիս: Հիմա պատկերացրեք՝ ես Մշակույթի նախարարությունից լեզու գտնելով թույլտվություն ստանամ՝ Էջմիածնում պեղումներ իրականացնելու համար: Բայց ինձ ո՞վ կթողնի, որ պեղումներ կատարեմ. կասեն՝ տղա ջան, հո դու չե՞ս գժվել: Հիմա, Զորաց քարերը խնդրահարույց հուշարձան է, մեծ արձագանք է ստացել, պարտավոր ենք ստեղծել մեխանիզմներ, որ պաշտպանվի, ու ամեն թղթի կտոր ունեցող չգնա այնտեղ տեխնիկա մտցնի, քլունգով, լինգով աշխատի»:

Գրիգոր Բրուտյանն առաջարկում է ՝ քանի դեռ հարցը լուծված չէ, ոչ ոքի թույլ չտալ որևէ բան այնտեղ անել, ստեղծեն հանձնաժողով, որը կգնա, ամեն ինչ կգույքագրի, կնկարի:

«Թող նաև տեսախցիկներ տեղադրեն տարածքում, ու ով որ խախտում անի՝ օրենքով պատժեն: Պետք է վաղվա համար մտածենք: Եթե մարդը դրսի գրանտներից է օգտվում, դրսի պատվեր է կատարում, նա ինչքանո՞վ է գիտության մարդ: Գիտությունն ազնիվ բան է, ու գիտության մեջ 7+8 պետք է միշտ հավասար լինի 15-ի՝ ով էլ պատվերը տա: Իսկ մեզ մոտ որոշ բնագավառներում, հատկապես՝ հնագիտություն, պատմություն, ով որ պատվերը տա, այդ ձև էլ թիվ կստացվի: Գիտական պաշտոններ զբաղեցնում են, բայց դա գիտության մարդ չի նշանակում: Եթե մարդը պատվերով է իր եզրակացությունն անում… եթե հնագետը պեղումները սկսելուց առաջ հայտարարում է՝ ես հիմա կպեղեմ ու կապացուցեմ, որ այսպես է, բայց պեղողը չգիտի, թե տակն ի՞նչ կա: Պետք է մի բան հանես ու դա երկար հետազոտես: Կամ ասում է՝ պեղում ենք և ապացուցում, որ այն աստղադիտարան չի կարող եղած լինել: Տղա՛ ջան, դու ի՞նչ գիտես աստղագիտությունից: Դու կարող ես ապացուցել, որ այս բանը եղել է, բայց չեղածը չես կարող ապացուցել: Ահա, այսպիսի անհեթեթ վիճակում ենք»,- նկատեց աստղաֆիզիկոսը:

Կապ հաստատեցինք նաև Զորաց Քարերում պեղումներ կատարող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի հետ:

Հարցին՝ ճի՞շտ են այն մեղադրանքները, որ քարեր են վաճառել, Աշոտ Փիլիպոսյանը պատասխանեց.

«Դա բանից անտեղյակ, գործին չտիրապետող մարդկանց բարբաջանք է»:

Այսինքն, քարերը ոչ վնասվել, ոչ տեղաշարժվել, և ոչ էլ վաճառվե՞լ են:

«Իհարկե, մենք այդ բոլորը նույնիսկ հավաքել ենք: Իրեր կան, որ 50-60 կտորից են հավաքված: Եթե մենք վարելով միայն թափել ենք հողը, ինչպե՞ս ենք այդ բեկորները հավաքել և 100-ից ավելի անոթ վերականգնել: Կարող են ասել, որ այդտեղ այլմոլորակայիններ էլ են իջել: Այդ հարցերի շուրջ պետք է մասնագետները խոսեն»,- եզրափակեց Աշոտ Փիլիպոսյանը:

Նա հավելեց, որ պեղումներն այս տարի ևս շարունակվելու են և սկսվելու են օգոստոսից:

Անի Կարապետյան

Լուսանկարները՝ «Տեր կանգնենք Քարահունջին» ֆեյսբուքյան էջից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս