Բաժիններ՝

3,5 տարեկան երեխայի բռնության դեպքը ջրվեց-գնաց. Երևանի քաղաքապետարանում «քնած» են

Երևանի թիվ 94 մանկապարտեզում երեխայի բռնության դեպքն այդպես էլ անհետևանք մնաց: Ոստիկանությունը՝ փաստն արձանագրած կապտուկների  լուսանկարները,  առկա տեսագրությունների ու   ծնողների նամակագրություների բազան բավարար հիմք չհամարեց, որպեսզի  28-ամյա դաստիարակի նկատմամբ  քրեական գործ հարուցի:  Դատախազությունն էլ, իր հերթին, ամրագրեց ոստիկանության տված  դիրքորոշումը: Անհասկանալի է մնում   ոլորտի լիազոր մարմնի՝ քաղաքապետարանի կեցվածքը:

Քաղաքային հեղափոխական իշխանության ներկայացուցիչները՝  ձեռքները ծալած նստել են,  դեռ  նոր-նոր պիտի հանդիպեն միջադեպի կողմերին՝  ուսումնասիրելու  երկու-երեք ամիս առաջ երեխայի նկատմամբ գրանցված բռնության դեպքի հանգամանքները:

Նշենք, որ իրավապահների դիրքորոշումը վերաբերում էր կնոջ նկատմամբ քրեական գործ հարուցելու  հիմքերին, մինչդեռ քաղաքապետարանը չպետք է կաշկանդվեր այս մարմնի գնահատականից,  զուտ երեխայի իրավունքի նկատառումով և հետագա բռնության դեպքերը բացառելու համար պարտավոր էր  ինքն իր լիազորությունների տիրույթում որոշում ընդունել՝ վարչական տույժի կիրառումից, նկատողություն տալուց մինչև  ազատման հրաման:

Մինչդեռ շահագրռվածություն կարծես թե չկա,   քաղաքապետարանը կախված է դաստիարակի քմահաճույքից, սպասում են՝  մինչև դեպքի «հերոսը» կվերադառնա արձակուրդից:  Միջադեպի առանցքում հայտնված 28-ամյա դաստիարակին դեպքերից հետո ծնողների մոտ  կրքեր չթեժացնելու  համար հարկադրաբար էին ուղարկել մեկամսյա արձակուրդ:

«Ուսումասիրությունները  դեռ չեն սկսվել, որովհետև մարդը, ով այս ամենի կենտրոնում է կանգնած, արձակուրդում է գտնվում: Իսկ մենք չենք պարտավորվում, չենք ուզում նրա արձակուրդում գտնվելու  հատվածում հրավիրել  նրան և որևէ  աշխատանք տանել:  Այդ կնոջ  ներկայությունը կարևոր է,  միայն  էմոցիաներով չենք կարող սահմանափկվել,  որևէ hրաման արձակելու համար մեզ  փաստական հանգամանքներ են հարկավոր, որպեսզի անվիճարկելի որոշում կայացնենք»,- 168.am-ին պարզաբանում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ այս կերպ պատճառաբանելով մինչ օրս չձեռնարկած քայլերը:

«Կվերադառնա դաստիարակը արձակուրդից և երևի թե տասնօրյա ուսումանսիրություների արդյունքներից հետո մենք մեր տիրույթում կհասկանանք՝ ինչ անել»,-նորից ժամանակ վերցնելով՝ հայտարարում է պաշտոնյան:

Կինը մայիսի 8-ին  վերադարձել էր աշխատանքի և հենց նույն օրը քաղաքապետարանի կամքին հակառակ՝  իր հաշվին կրկին արձակուրդ էր վերցրել:

Կնշանակի թեման փակվեց… անհարկի ձգձգումներով  քաղաքապետարանը դեռևս անգործության կմատնվի,  քանի որ առանց  մեղավոր անձի ոչ մի կերպ չեն ուզում  ներքին քննությանն ընթացք տալ:

Փոխքաղաքապետ Վիրաբյանն ու մյուս պաշտոնյաները  հարկ չեն համարել մինչ օրս լսել  միջադեպի մյուս կարևոր  հերոսին.  պարբերաբար ծեծի ենթարկելու դեպքին տեղյակ է եղել մանկապարտեզը տնօրինած Լուսինե Ղասաբօղլյանը: Հիշեցնենք, այս կինն էլ իր հերթին էր կոծկել միջադեպը, ծնողների բողոքների  ու ժողովների մասին չէր զեկուցել վերադասին: Միայն հետագայում պարզ դարձավ, որ տնօրենը ծածկադմփոց էր արել  բարձրացող աղմուկից խուսափելու համար, որպեսզի չխոչընդոտի  թիվ 51 դպրոցում  տնօրեն նշանակվելու գործընթացին:

Ստացվում է՝  առանցքային դեմքերը  խուսափել են պատասխանատվությունից, իսկ միջադեպի առանցքում  տուժած երեխայի ընտանիքը  մնացել է մեն-մենակ:

Իսկ երեխա՞ն…

Ի՞նչ եղավ երեխայի հետ, որի  նկատմամբ  նույն դաստիարակը պարբերաբար բռնություն էր գործադրել։

Այս հարցի պատասխանը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը չուներ: Մինչ օրս  տուժած երեխային գոնե ձևի համար  քաղաքապետարանից  հարկ չէին համարել հանդիպել: Նրան փորձ չի արել տեսնելու  նաև  փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը,  ում  կուրացիայի տակ է գտնվում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը, և նա է պատասխանատու   ու պիտի երաշխավորի պետական մանկապարտեզ հաճախող  ամեն մի երեխայի անվտանգոթյունը:

Ի դեպ, միջադեպից տուժած երեխան  դեպքերից հետո հրաժարվել է ոտք դնել մանկապարտեզ, անհասկանալի պատճառով ձգձգվում է փոքրիկ տղային մեկ այլ մանկապարտեզում տեղավորելու գործընթացը:  Փոխարենը՝ դեպքերի ազդեցությունը մեղմելու համար մայրը՝ որդու  հետ   հոգեբանի մոտ մի քանի այց է կատարել:

Երեխան հայր չունի, մայրը շոու-բիզնեսի հայտնի արտիստներից մեկն է, դա էլ քաքաղապետարանում նոր են պարզել:

Քաղաքապետարանը մամուլից էր տեղեկացել նաև այն մասին, որ գործի նախաքննության փուլում խմբի  դայակը լքել է  մանպարատեզը:

168.am-ը գրել էր, միջադեպի հետ անուղղակիորեն առնչվող խմբի դայակը, որին երեխաներն անչափ շատ էին սիրում, գործի քննության փուլում  անսպասելի ազատման դիմում է գրել:  Վարկած կա, որ կնոջը ներսում բարոյապես ճնշել էին, «գործ տվող» անվանել, մեղադրել էին բռնության դեպքերի մասին ծնողներին  ինֆորմացիա տալու մեջ:  Բայց այս հանգամանքի վրա փոխքաղաքապետ Վրաբյանը աչք է փակել, քաղաքապետարանի ուշադրությունից դուրս  է մնացել  գործով միակ վկայի նկատմամբ հնարավոր ճնշումների գործոնը, նրան լսելու խիստ կարևոր  հանգամանքը:  Ընդ որում, մեզ հասած տեղեկություններով՝ մանկապարտեզում դայակի դեմ արշավին միացած է եղել նաև տնօրեն Անի Սուքիասյանը,  ով դիմումը մակագրելուց առաջ  նույնիսկ փորձ չի արել հանդիպել  հեղինակին, պարզել հանգամանքները, մեկ այլ խումբ տեղափոխելու առաջարկ անել:

Ստացվում է՝ դայակը,  որ   խիստ անապահով ընտանիքից էր,  անուղղաիորեն դարձավ այս միջադեպի երկրորդ զոհը… Ընտանիքի միակ կերակրող կինը կորցրել է աշխատանքը: Եվ այս կնոջ  ազատման դիմումը, դրա հետևում թաքցվող ինտրիգային պատմությունը այդպես էլ չհետաքրքրեց վերադաս մարմնի պաշտոնյաներին:

168.am-ի հարցին, թե ո՞վ է, ի վերջո, այս անպաշտպան կնոջը մեկ  այլ աշխատանք երաշխավորելու, փոխքաղաքապետ Վիրաբյանը աբսուրդի հասնող պատասխան տվեց: Նրա ասածից պարզ էր դառնում, որ իրենք տեր չեն թույլերին ու անպաշտպան մարդկանց, որոնց վրա կարող են ճնշում գործադրել:

«Եթե մեկին կարողանում են հարկադրել՝ դիմում գրելու և ինքը չգիտի իր իրավուքներն ու պարտականությունները, և ինքը չի տիրապեում իրավիճակին, որ այլևս մեր երկրում ոչ ոք ոչ մեկին չի կարող պարտադրել, ուրեմն այդ մասով ես անելիք չունեմ»,- այսպես ասաց փոխքաղաքապետ Վիրաբյանը:

Պաշտոնյայի տարօրինակ մեկնաբանությունից հետո  հարցապնդմանը, թե  Ձեր կուրացիայի տակ անպաշտպան են, փաստորեն, ոչ միայն երեխաները, այլև նրանց մասին հոգ տանող դայակները, փոխքաղաքապետը ասվածը փորձ արեց իբր մեղմել:

«Այո շատ ազատումների, կճատումների մասին մենք իմանում ենք մամուլից, և սա նորմալ է: Ընդհանուր առմամբ մեր ենթակայության տակ գործող բոլոր 350 ՊՈԱԿ-ներին, այդ թվում՝ մանկապարտեզների տնօրեններին տրված  է իրենց աշխատակազմերը ղեկավարելու լիիրավ իրավունք և հետևապես պարտադիր չի, որ իրենց  մոտ ցանկացած ազատումից կամ նշանակումից Երևանի քաղաքապետարանը տեղյակ լինի: Եթե այդ կնոջը իսկապես ճնշել են, և ինքը պատրաստ է բարձրաձայնել այդ մասին, ես  կուսումնասիրեմ այդ դեպքը»,-եզրափակեց Վիրաբյանը:

Սյուզի Բադոյան 

Հ.Գ.  Ապրիլի 23-ին Երևանի ավագանու նիստին ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը բարձրացրել էր այս միջադեպի թեման և  պահանջել քաղաքային իշխանության գնահատականը՝ պետական մանկապարտեզում գրանցված երեխայի բռնության դեպքին և դայակի ազատման դիմումի վերաբերյալ:

Փոխքաղաքապետը հոխորտալից տոնով հայտարարել էր,  թե այդ պատմությունն ունի ենթաշերտ,  ինչին լավատեղյակ է և շուտով կբարձրաձայնի, ու կոչ էր արել երեխաների հետ կապված խնդիրները չտեղափոխել ներանձնային դաշտ և չդարձնել մամուլի քննարկման առարկա: Պարզվում է՝ ինտրիգային հայտարարության տակ շատ լուրջ բան չկար,  հասցեատերերը միջադեպի կողմեը չէին, ընդամենը կոչ էր այս թեմայից  առիթավորվողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս