3,5 տարեկան երեխային բռնության ենթարկած դաստիարակի փոխարեն՝ դայակն է ազատվել աշխատանքից
Ավարտվել է Երևանի Թիվ 94 մանկապարտեզում երեխայի բռնության դեպքի առնչությամբ հետաքննությունը, սակայն Ոստիկանությունը դաստիարակի նկատմամբ գործ չի հարուցել:
Նյութերն ուղարկվել են Դատախազություն, որտեղ ուսումնասիրվում է ոստիկանության եզրակացությունը: Վաղը պարզ կդառնա՝ բռնի մեթոդներով մանկահասակների դաստիարակությամբ զբաղվող մասնագետը կպատժվի՞ օրենքի ուժով, թե՞ այսքանից հետո շարունակելու է աշխատել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 94 մանկապարտեզում:
Ոստիկանության հիմնավորումն այն է, թե ուսումնասիրած նյութերը բավարար հիմքեր չէին պարունակում՝ դաստիարակի գործողություններում հանցակազմ տեսնելու համար:
Մինչդեռ 168.am-ին երեխայի մոր կողմից խմբագրություն ներկայացված նյութերում առկա էին տարբեր օրերին բռնության ենթարկված մարմնի հետքերի լուսանկարները (մոր հեռախոսում էլ ժամկետներ են նշվում), վերջին դեպքին ականատես եղած ծնողներից մեկի թողած գրառումը՝ խմբի մայրերի ֆեյսբուքյան ընդհանուր չաթում, դրան հաջորդող մյուս ծնողների երկխոսությունը, որը ոչ պակաս հետաքրքիր նյութ էր իր մեջ պարունակում, և հեռախոսով նկարած տեսանյութը, երբ պարտեզից տուն եկած բալիկն իր հետ կատարվածը պատմել է տատիկին:
Հիշեցնենք, որ առաջին անգամ, ծեծի ենթարկվելու մասին, նոր-նոր լեզուն բացված երեխան ինքն է մի կերպ մորը հասկացրել՝ հազիվ մի քանի բառ արտաբերելով ու ձեռքի նշաններով ցույց է տվել, թե ինչպես է դաստիարակը պատժել իրեն։ Իսկ օրեր անց, երբ 28-ամյա դաստիարակը կրկին նույն երեխայի վրա ձեռք էր բարձրացրել, երեխայի մարմնի վրա մատնահետքեր էին մնացել: Մեկ ամսվա մեջ արդեն երրորդ անգամ դաստիարակի բռնության դեպքին ականատես էր եղել այդ պահին մանկապարտեզում գտնվող երեխաներից մեկի ծնողը: Բռնության ենթարկված երեխայի մոր խոսքով՝ առաջին դեպքից հետո փորձել էր առանձնազրույց ունենալ և պարզաբանում ստանալ դաստիարակից: Բնականաբար, նա հերքել էր:
«Հերքեց նաև, որ ասեղով վախեցրել է իմ ու մնացած բոլոր բալիկներին, բայց այս մասին շատ երեխաներ էին տանը պատմել: Տղաս էլ պատմում է, թե ինչպես է մի քանի անգամ սպառնացել, որ՝ եթե գնաք ձեր մամաներին պատմեք, ասեղով ձեր թաթիկները կծակեմ: Ես հեռախոսով փորձել եմ նկարել, թե ոնց է երեխաս տատիկին պատմում, ձեռքով ցույց է տալիս, թե ոնց է դաստիարակը ծեծում իրեն, ոնց է հարվածում իր գլխին, թևը կճմթելով՝ հատակին շպրտում: Եվ ամեն անգամ երեխան տարբեր շարժումներով է բացատրում: Բայց էս ամենը դաստիարակը միայն հերքում է…»,- 168.am-ին պատմել էր բռնության ենթարկված երեխայի մայրը:
Օրեր անց տղայի մարմնի վրա մայրը նորից կապտուկներ է նկատում, նորից մոտենում է, որ պարզաբանում պահանջի, դաստիարակն ամենաանտրամաբանական հիմնավորումներով փորձում է ապացուցել, որ երեխան շատ նուրբ մաշկ ունի, ու ամեն անգամ նրան հպվելուց՝ մարմնի տարբեր մասերում մատնահետքեր են մնում: Հաջորդ դեպքի ժամանակ իրավիճակը պայթում է՝ դաստիարակի կամքից անկախ: Նույն երեխայի նկատմամբ հերթական բռնության դեպքին ականատես է լինում ծնողներից մեկը, տագնապած շտապում է տուն ու մայրիկների համար հատուկ բացված Ֆեյսբուքի խմբում մանրամասն պատմում է աչքի տեսածը, հետո հորդորում նրանց, որ անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ «անդաստիարակ դաստիարակին» մանկապարտեզից դուրս անելու համար:
Ի դեպ, այն, ինչ տեղի է ունեցել հետաքննության օրերին և մեր հրապարակումից հետո, բավականին ուշագրավ տեղեկություններ են, որոնք, ուշադրության արժանանալու դեպքում, հնարավոր է՝ լույս սփռեին պատմության թաքնված կողմերի վրա:
Օրինակ, այն, որ տվյալ դաստիարակի հետ աշխատող դայակն անսպասելի ազատման դիմում է գրել, և սա՝ այն դեպքում, երբ կինը խիստ անապահով ընտանիքից էր, տան միակ աշխատող ձեռքն էր, ամուսին և երկու անչափահաս զավակ ունի: 35-ամյա դայակին խմբում բոլոր երեխաները սիրում են, ջերմ են վերաբերվում, այս մասին վկայում են մեզ հետ կապի դուրս եկած ծնողները:
168.am–ի հետ զրույցում դայակն իր ազատման պատճառները չի թաքցնում, ասում է՝ այդ մթնոլորտում այլևս աշխատել հնարավոր չէր: Իրեն ազատման դիմում չեն պարտադրել, ավելին, ներսում վստահ պնդել են, որ դաստիարակն էլ կվերադառնա արձակուրդից, միասին կշարունակեք աշխատել այնպես, ասես ոչինչ չի եղել:
Ինքն այդ մթնոլորտում իրեն չի տեսնում, հուզված պատմում է, որ իր գրած դիմումը նույնիսկ չի քննարկվել տնօրենի կաբինետում, ազատման հրամանը տվել են՝ առանց այլընտրանք առաջարկելու, թեկուզ մեկ այլ խմբի հետ աշխատանքը շարունակելու համար:
«Էս ազիզ օրով ես իմ հացին վայիս եղա, վերևն Աստված կա, կարևորը՝ իմ խիղճը հանգիստ ապրում եմ, թող մնացածն իրենց մասին մտածեն ու հետևություներ անեն»,- մեզ հետ հեռախոսազրույցում լացով պատմում է դայակը և ափսոսում, որ խմբի բոլոր 30 երեխաների հետ շատ է կապված, ու դժվար է եղել օրակարգ փոխել դեպքի պատճառով ու անտեղի այս ամենի «զոհը» դառնալ:
Բռնության դեպքերի օրերին աշխատած տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը լուռ հեռացել է իր պաշտոնից՝ մինչ այդ քողարկելով դեպքերը վերադասից, իսկ բողոքի ալիք բարձրացրած ծնողներից ժողովի ընթացքում ժամանակ է խնդրել՝ անուղղակիորեն նպաստելով, որ այդ ընթացքում բռնության հետքերն անհետանան երեխայի մարմնի վրայից: Սա արել է իր ղեկավարած հիմնարկի հեղինակությունը փրկելո՞ւ, դաստիարակի՞ մասնավոր շահից ելնելով, դժվար է հասկանալ, փաստացի երեխային փորձաքննության ուղարկելու համար ոստիկանությունն ուշացած է որոշում կայացրել: Մոր և փաստաբանի խոսքով, արդեն իմաստը չկար:
Մի կարևոր հանգամանք ևս, ոստիկանություն դիմել է ոչ թե տուժող ընտանիքը, այլ նյութեր նախապատրաստվել են Ֆեյսբուքում ընտանիքի բարեկամի արած գրառման հետքերով: Ընդ որում, Երևանի քաղաքապետարանը համարում է՝ սա առավելագույնն է, որ կարող էր անել այս ընթացքում, իսկ դաստիարակը նախկին տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանի որոշմամբ՝ դեպքերից հետո պարտադրված արձակուրդ է վերցրել, որպեսզի չառնչվի երեխաներին ու վկա կանչվող ծնողներին:
Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել 2019թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում, և ինչպես 168.am-ը տեղեկացրել էր՝ կես տարվա աշխատանքային փորձ ունեցող 28-ամյա դաստիարակը 3 ու կես տարեկան տղա երեխայի վրա ձեռք է բարձրացրել, մի քանի անգամ երեխայի մարմնի վրա մատնահետքեր էին մնացել: Մոր խոսքով՝ երեխայի մոտ դեպքերը հետևանք են թողել, երկար ժամանակ գիշերային քուն չունի, անհանգիստ վարք է դրսևորում:
Սյուզի Բադոյան