Որտեղի՞ց հայտնվեց 136 մլրդ դրամ գերավճարի վերադարձը. Ի՞նչ է կատարվում բյուջեի մուտքերի հետ
Պետական բյուջեի հարկային եկամուտների հրապարակվող ցուցանիշների հետ վերջին շրջանում ինչ-որ բան է կատարվում։ Ու որքան էլ ՊԵԿ նախագահը տարբեր առիթներով փորձում է հիմնավորումներ տալ դրանց, միևնույն է՝ անվստահությունը չի փարատվում։ Եվ ինչն է հետաքրքիր. տարօրինակությունները շատ հաճախ թելադրված են նույն պաշտոնական հրապարակումներից։ Ահա դրանցից ևս մեկը։
Ֆինանսների նախարարությունը, ի վերջո, հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետությունը։ Դրանից հաշված օրեր առաջ նույն ժամանակահատվածում բյուջեի հարկային մուտքերի ցուցանիշները հրապարակել էր նաև Պետեկամուտների կոմիտեն։ Ու հիմա, երբ համադրում ենք այդ երկու հրապարակումները, բազմաթիվ հարցեր են ի հայտ գալիս։ Ասենք` ինչպե՞ս է ստացվել, որ հունվար-փետրվարին անցումային գերավճարների տեսքով տնտեսվարողներին վերադարձվել էր ընդամենը 58,4 մլն դրամ, իսկ միայն մարտին` 136 մլրդ դրամ։ Բերենք մի հատված Ֆինանսների նախարարության երկու տարբեր հաշվետվություններից:
«2019 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 188,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 65,9 տոկոսը: 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 30,5 տոկոսով կամ 44 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է տնտեսվարողների հարկային հաշվետվություններով չհիմնավորված կանխավճարների (գերավճարների) վերադարձի ու դրանց հաշվին հարկային պարտավորությունների հետ հաշվանցման գումարների էական նվազմամբ, որոնք կազմել են 58,4 մլն դրամ՝ նախորդ տարվա 53,8 մլրդ դրամի դիմաց»,- ասված է հունվար-փետրվար ամիսների բյուջեի կատարման վերաբերյալ Ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ։
Պարզ ասած, սրանով արձանագրվել է, որ նախորդ տարվա համեմատ՝ պետական բյուջեի եկամուտների ավելացումը պայմանավորվել է հիմնականում նրանով, որ 2018թ. հունվար-փետրվարին գերավճարների կամ կանխավճարների դիմաց հաշվանցված գումարները մի քանի տասնյակ անգամ ավելի են եղել, քան 2019թ.։
Արդեն հաջորդ ամիս կամ առաջին եռամսյակում բյուջեի կատարման հաշվետվության մեջ Ֆինանսների նախարարությունը հարկային եկամուտների աճի համար բոլորովին այլ հիմնավորում է բերել. «2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 299,7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 4,6 տոկոսով գերազանցել են եռամսյակային ծրագրով սահմանված ցուցանիշը:
2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 24,9 տոկոսով կամ շուրջ 59,8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի, շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով մուտքերի աճով: Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում տնտեսավարողների հարկային հաշվետվություններով չհիմնավորված կանխավճարների (գերավճարների) վերադարձի ու դրանց հաշվին հարկային պարտավորությունների հետ հաշվանցման գումարները կազմել են 136 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 54 մլրդ դրամի դիմաց»:
Ինչպե՞ս եղավ, որ հունվար-փետրվարին հարկային եկամուտների ավելացումը պայմանավորված էր գերավճարների կամ կանխավճարների քիչ վերադարձով, իսկ արդեն հունվար-փետրվար-մարտին` եկամտահարկի, շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով մուտքերի աճով։ Այսինքն` ի՞նչ, մարտին այդ հարկատեսակների գծով ֆանտաստիկ ա՞ճ է եղել։
Եթե այն, ինչ ասում է Ֆինանսների նախարարությունը, այդպես է, ապա դա նշանակում է, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում պետական բյուջեն տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 136 մլրդ դրամ։ Սա ևս ֆանտաստիկայի ժանրից է։
Ու ինչն է այստեղ հետաքրքիր` դա որևէ կերպ չի երևում հարկային մուտքերի վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեի հրապարակումից։ Այստեղ որևէ խոսք չկա 136 մլրդ դրամ վերադարձի մասին։ Ընդհակառակը` հարկերի անցումային գերավճարներ տողում առաջին եռամսյակի կտրվածքով ամրագրված է ընդամենը -224,1 մլն դրամ։
Բայց, իհարկե, սա ամենը չէ։
Ինչպես Ֆինանսների նախարարությունը, այնպես էլ ՊԵԿ-ը, արձանագրել են, որ առաջին եռամսյակում բյուջեի հարկային մուտքերն ու պետտուրքերը կազմել են 299,7 մլրդ դրամ։ Թե՛ մեկը, և թե՛ մյուսն այդ ցուցանիշը բացել է և ներկայացրել նաև առանձին հարկատեսակների տեսքով։ Եվ ահա ինչ է ստացվել։
Պետեկամուտների կոմիտեի հրապարակման համաձայն, առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի մուտքերը եղել են 110,1 մլրդ դրամ։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ ԱԱՀ-ն նույն ժամանակահատվածում կազմել է 142,2 մլրդ դրամ, որից շուրջ 76,6 մլրդ դրամը ստացվել է Հայաստան ներմուծվող ապրանքների, 65,6 մլրդ դրամը` Հայաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների գծով:
Շահութահարկի գծով հրապարակված տվյալների տարբերությունն անցնում է 52,6 մլրդ դրամը։ ՊԵԿ-ի դեպքում ցուցանիշը մի քանի անգամ փոքր է Ֆիննախի ցուցանիշից. Առաջինը արձանագրել է՝ 19,5 միլիարդի, երկրորդը՝ 72,1 մլրդ դրամի մուտք։
Նույնը նաև եկամտային հարկի գծով է. ՊԵԿ-ի տվյալներով՝ մուտքերը կազմել են 95,7 մլրդ դրամ։ Մինչդեռ, Ֆինանսների նախարարությանն արձանագրել է, որ՝ «2019 թվականի առաջին եռամսյակում եկամտային հարկի գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 126,6 մլրդ դրամ»։
Տարբերություններն առկա են նաև մի շարք այլ հարկատեսակների, այդ թվում` շրջանառության հարկի, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, արտոնագրային հարկի գծով։
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ թյուրիմացություն է եղել։ Բայց այդպես չէ։ Այս անհամապատասխանությունը կապված է վերը նշված 136 մլրդ դրամի հետ։ Մի դեպքում՝ դա ներառվել է առանձին հարկատեսակների մուտքերում, մյուս դեպքում` ոչ։ Թեև, եթե այդպես էր, այն հավանաբար պետք է երևար նաև ՊԵԿ-ի ցուցանիշներում, ինչպես, ասենք, նախկինում էր։
Հիմա հարցեր են առաջանում, ինչպե՞ս հանկարծ առաջացավ այդ 136 մլրդ դրամը։ Կամ՝ ինչպե՞ս է ստացվել, որ հունվար-փետրվարին գրեթե վերադարձ չի իրականացվել, իսկ մարտին միանգամից ահռելի գումար է վերադարձվել, ընդ որում` ավելի քան 38 տոկոսը՝ շահութահարկի գծով։ Գուցե այդ ամենը կապված է նաև անցած տարվա հարկային մուտքերի և դրանց ապահովման առումով ի հայտ եկած խնդիրների՞ հետ, որոնք այդպես էլ մինչև վերջ չպարզաբանվեցին։
Սրանք հարցեր են, որոնք դեռ պատասխան չունեն։ Բայց անկախ այդ պատասխաններից, բյուջեի հարկային մուտքերի հետ կապված ինչ-որ անհասկանալի երևույթներ են տեղի ունենում, որոնք մի օր, անշուշտ, ջրի երես են դուրս գալու։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ