«Ղարաբաղը՝ որպես ճակատային պետություն, թույլ չի տալիս, որպեսզի թիկունքային Հայաստանի ոգևորությունը չափազանցության հասնի»․ Կոլերով

«Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության օրերս տարածած հաղորդագրությունը կրում է ոչ միայն օբյեկտիվ, այլև քաղաքական բնույթ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՀ ՊՆ հաղորդագրությանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վերջին շրջանում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են՝ ինչպես ինժեներաամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ՝ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն՝ ՊԲ առաջնային դիրքերը, այլև՝ մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները:

Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»,- հայտնել էին ԱՀ ՊՆ-ից։

Մոդեստ Կոլերովի գնահատմամբ՝ վերջին շրջանում Երևանում նույնիսկ ժամանակ առ ժամանակ ոգևորություններ են հնչում, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների արդյունքում պատրաստվում են հումանիտար վստահության միջոցառումներ՝ գերիների փոխանակում և այլն։

«Բացի դրանից՝ ակնհայտ է, որ վերջին շրջանում ամրագրվել է ճակատում ռազմական ակտիվության էական նվազում։ Այս հայտարարությունն ապացուցում է, որ այս ռազմական ակտիվության նվազումը դադարել է։ Իսկ գլխավորապես, ըստ իս, այս հայտարարությունը կոչված է սառեցնել հումանիտար հեռանկարների վերաբերյալ Երևանի ոգևորությունը։

Շատ լավ է, որ Ղարաբաղը՝ որպես ճակատային պետություն, թույլ չի տալիս, որպեսզի թիկունքային Հայաստանի ոգևորությունը չափազանցության հասնի։ Չեմ կարծում, որ սրա շուրջ կան տարաձայնություններ, բայց Ղարաբաղն արդեն հստակ հայտարարել է դիրքորոշում ԵԱՀԿ ՄԽ հայտարարված սկզբունքների վերաբերյալ, որ դրանք պետք չեն, Երևանը նման կերպ չի հայտարարել, դա ակնհայտ տարաձայնություն է։ Իսկ սա մանրուք է։

Իրավիճակի վերաբերյալ կդատենք նրանից, թե արդյոք Ադրբեջանը կհերքի՞ շփման գծում առկա իրավիճակի վերաբերյալ հաղորդագրությունը, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ չի հերքի»,- նման կարծիք հայտնեց Կոլերովը։

Անդրադառնալով ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի մեկնաբանությանը, թե չի բացառում, որ գա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ, որտեղ այդ պարտավորությունը պետք է հստակ նշվի՝ կողմերը բացառում են ոչ միայն՝ ռազմատենչ հայտարարությունները, այլև՝ ռազմական գործողություններ, Կոլերովն ասաց, որ չի կարող ՀՀ իշխող խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հայտարարություն մեկնաբանել։ Ըստ նրա՝ դա պարզապես հռետորաբանություն է։

Տեսանյութեր

Լրահոս