«Հրադադարի պայմանագիրը պետք է կնքվեր Ադրբեջանի և ԼՂ-ի միջև․ Հեյդար Ալիևն ինձ դիմեց, որպեսզի կապ հաստատեմ նաև Երևանի հետ»

Մայիսի 5-ին լրացավ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի՝ Բիշքեկի արձանագրության 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին` Բիշքեկում, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպման ավարտին ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում մայիսի 9-ի գիշերը դադարեցնել կրակը:

Նույն օրը` մայիսի 9-ին, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին՝ Երևանում, համաձայնագիրը ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Փաստաթղթում ասվում է. «Արձագանքելով Բիշքեկում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված կրակը դադարեցնելու մասին կոչին և հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը, հակամարտող կողմերը պայմանավորվել են հետևյալի մասին՝

1. Ապահովել հրադադար և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994թ. մայիսի 11-ին:

Մայիսի 12-ին մինչև 23:00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու և նմանատիպ փաստաղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:

2. Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջև՝ նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալումը:

3. Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցությունները 10 օրվա ընթացքում ավարտելու և մայիսի 22-ից ոչ ուշ Ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:

4. Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել է լիովին համարժեք փաստաթղթեր՝ ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:

25 տարի առաջ այս օրերին ստորագրված արձանագրությունն իր տեսակի մեջ եզակի է ԼՂ հակամարտության կարգավորման պատմության ողջ ընթացքում։ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված բարդ իրավիճակում հայկական դիվանագիտությունը ժամանակ առ ժամանակ առավել ակտիվորեն է մեջբերում այս պայմանագիրը՝ որպես հրադադարի պահպանման միակ փաստաթուղթ, որը կնքվել է հակամարտող երեք կողմերի միջև։ Այսօր ևս այն չի կորցնում իր կարևորությունն ու նշանակությունը։

«168 Ժամի» հետ զրույցում Վլադիմիր Կազիմիրովը կիսվեց իր հուշերով։ Ըստ նրա՝ ներկայումս կարևոր է արձանագրել, որ հրադադարի համաձայնագիրը կնքվել է հակամարտող բոլոր երեք կողմերի միջև, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի։ Սակայն, Կազիմիրովի խոսքով, մինչ եռակողմ ձևաչափով նման համաձայնագիր պատրաստելը, ծրագրվում էր ստորագրել համաձայնագիր երկկողմ ձևաչափում՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ։

«Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է կնքվեր հրադադարի պայմանագիրը՝ սկզբից առանց Հայաստանի մասնակցության։ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդովը նախագահ Հեյդար Ալիևի հրամանով արդեն ստորագրել էր այն տեքստը, որը ես առաջարկել էի։ Զուգահեռաբար՝ ես այդ տեքստը փոխանցում էի Երևան և Ստեփանակերտ։ Երևանում գիտեին այդ տեքստի մասին։ Մամեդովը ստորագրում է այդ փաստաթուղթը, որից հետո, երբ արդեն համաձայնեցված էր տեքստը Ստեփանակերտի և Ադրբեջանի հետ, Հեյդար Ալիևը դիմում է ինձ՝ պնդելով, որպեսզի ես կապ հաստատեմ Երևանի հետ, քանի որ միգուցե դրան միանա նաև Երևանը։

Բայց ես Ձեզ ասեմ, այդ հարցում իմ մոտեցումը երկակի էր, քանի որ մի կողմից մենք՝ որպես միջնորդներ, Հայաստանի ղեկավարներին ասում էինք, որ նրանք ևս հակամարտության կողմ են, նրանք այդ փուլում դա չէին ընդունում, միայն ասում էին, թե աջակցում են Լեռնային Ղարաբաղին՝ չհանդիսանալով հակամարտության ակտիվ կողմ։ Մյուս կողմից՝ ես հասկանում էի, որ հայերը խուսափելու էին ստորագրելուց, ուստի Հեյդար Ալիևին համոզում էի, որ մենք չենք հասնի նրան, որպեսզի Երևանն իր ստորագրությունը դնի։

Բայց Հեյդար Ալիևը պնդում էր, և ես պարզապես հարգանքից ելնելով, հասկանալով, որ նա փորձառու է, տարիքով, ի վերջո, զանգահարեցի Երևան։ Մեկուկես ժամից Երևանից զանգ է գալիս և Դավիթ Շահնազարյանը, ով այդ փուլում կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ուներ, հայտնում է, որ Հայաստանը ևս պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը։

Այդ ժամանակ մենք ուղարկում ենք Երևան այն տեքստը, որն արդեն ստորագրված էր Մամեդովի կողմից, իսկ այդ ժամանակ արդեն ՀՀ Պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ով՝ ստանալով այդ տեքստը, որը ես ուղարկել էի նրան ֆաքսով, երկու ուղղում է դրանում մտցնում։ Հիմա չեմ խոսի այդ ուղղումների բնույթի մասին, դրանք ընդունելի էին, բայց այլ ժամանակահատվածում այդ ուղղումները կարող էին շաբաթով երկարաձգել խոսակցությունները պայմանագրի կնքման շուրջ, իսկ այս դեպքում ադրբեջանական կողմն ակնթարթորեն համաձայնեց Սերժ Սարգսյանի այդ երկու ուղղումներին։

Երբ Մամեդովը ևս մեկ անգամ ստորագրեց, եկավ տեքստը նաև Երևանից Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, իսկ հետո այդ վերանայված տեքստը ստորագրեց նաև Սամվել Բաբայանը, որը ԼՂ ԶՈՒ ղեկավարն էր»,- պատմեց Կազիմիրովը՝ հավելելով, որ սա է հրադադարի պայմանագրի կնքման բանակցությունների ողջ պատմությունը։

Նրա համոզմամբ՝ այս ամենը հատկանշական է նրանով, որ Ադրբեջանը շահագրգռված է եղել հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ՝ ԼՂ-ն ճանաչելով որպես պետություն, առանձին սուբյեկտ, այսօր՝ հրաժարվելով նստել բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտի հետ։

«Առաջին հերթին՝ ԼՂ-ի հետ է Ադրբեջանը ստորագրել հրադադարի պայմանագիր, և հետագայում իրավիճակը կախված է եղել հետևյալից՝ Երևանը կտա՞ համաձայնություն, թե՞ ոչ, որպեսզի ստորագրի այդ փաստաթուղթը։

Ադրբեջանը ֆորմալ կերպով չէր ընդունում ԼՂ-ն՝ որպես հակամարտության կողմ, որպես պետություն, իսկ իրականում իր բոլոր քայլերով ճանաչում էր ԼՂ-ն՝ որպես հակամարտող կողմ։ 1995 թվականի փետրվար ամսին բոլոր երեք կողմերը ստորագրեցին կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը։ Այս երկու համաձայնագրերը հակամարտության 30 տարիների ընթացքում միակն են, որոնք երեք կողմերի միջև են կնքվել և անժամկետ են»,- ասաց Վլադիմիր Կազիմիրովը՝ շարունակելով, որ այսօր ևս այդ պայմանագրերը հակամարտության կարգավորման համար կարևոր հիմք են, քանի որ կնքվել են անժամկետ ռեժիմով և չեն կորցրել իրենց ուժը նաև այսօր։

Տեսանյութեր

Լրահոս