Բաժիններ՝

«Տատիկիս վարսերը» կինոնախագածում միջազգային ներդրումները սառեցվել են՝ սպասում են դատարանի որոշմանը և քննարկում են միջազգային արբիտրաժ դիմելու հարցը

«Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» կիոնանախագծի հետ կապված դատական գործընթացը դեռ չի ավարտվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց կինոռեժիսորը։

Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծը հայկական կողմից չֆինանսավորելու պատճառով կինոռեժիսորը երկու անգամ արդեն հացադուլ է իրականացրել։

Վերջին հացադուլի ժամանակ՝ փետրվարի վերջին, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոստացել էր բանակցությունների միջոցով լուծել հարցը, որպեսզի ՀՀ մշակույթի նախարարությունը և Ազգաին կինոկենտրոնը կատարեն իրենց պարտականությունները։

«Արայիկ Հարությունյանն արեց ամեն ինչ, որպեսզի բանակցությունների միջոցով հարցը լուծվի, և այս տարի մենք նկարահանենք ֆիլմը և միջազգային ներդրումները չսառեցվեն։ ԿԳ նախարարը հրավիրեց մեր և Կինոկենտրոնի փաստաբաններին, տնօրենին, նախարարը նշեց, որ կան բավարար հիմքեր, որպեսզի գանք համաձայնության, որի պարագայում ֆիլմը չի տուժի։ Սակայն Կինոկենտրոնի տնօրենն ասաց, որ ճիշտ ուղին դատական գործընթացի շարունակությունն է, քանի որ այդ գումարները չկան, որպեսզի մեզ տան, ուստի միայն դատարանի պարտադրելուց հետո կարող են գումարը տալ։ Սա մի վերաբերմունք է, որը տապալում է ֆիլմը, դատական գործընթացը ֆիլմի արտադրությունը երկարացնում է, քանի որ այն կարող է տևել մեկ տարի։ Քանի դեռ դատական գործընթացը շարունակվում է, մենք որևէ նկարահանում չենք կարող անել, որովհետև մեր գործընկերներն իրենց ներդրումները չեն բերի Հայաստան, դրանք սառեցված են, Հայաստանն իր ստանձնած պարտավորությունները չի իրականացրել։ Գերմանիան կինոնախածի համար պատրաստվում էր ներդնել 375 հազար եվրո»,- ասաց Հովհաննես Գալստյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այժմ միջազգային գործընկերների հետ քննարկում են Ազգային կինեկենտրոնի դեմ միջազգային արբիտրաժ դիմելու հարցը՝ պարտավորությունները չկատարելու համար։

«Մշակույթի նախարարության իրավաբանական վարչությունը տվել է եզրակացություն, որ մեր ֆիլմի հայտը կասեցվել է անօրինական, և այն այժմ պետք է բավարարվի, այսինքն՝ ֆիլմի նկարահանման գումարները պետք է տան, բայց քանի որ բյուջեում գումարներ չունեն, ասում են՝ գումար չունեն տալու, թող դատարանը պարտադրի, այն ժամանակ կտան։ Եթե դատարանը պարտադրի, մենք միայն այդ գումարով չենք սահմանափակվելու, մենք պահանջելու ենք նաև այս երկու տարվա չաշխատելու գումարը և մեր գործընկերների վնասը, այդ բոլորը ծանրանալու է ՀՀ պետական բյուջեի վրա, էլ չեմ ասում ֆիլմին հասցրած վնասի մասին»,- շեշտեց կինոռեժիսորը։

Նրա կարծիքով՝ կինոնախագծի կրած մեծ վնասն այն մարդկանց մեղքով է, որոնք այսօր կառավարում են կինոն և չեն արտադրել լիամետրաժ ֆիլմեր և ընդհանրապես չգիտեն՝ ինչ բան է կինոարտադրությունը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին պատրաստվում են երկրորդ դատական հայցը ներկայացնել վարչական դատարան, քանի որ ունեն Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության եզրակացությունը, որ ֆիլմի նկատմամբ անօրինականություն է տեղի ունեցել, ուստի կարծում են, որ այս գործը վարչական դատարանում ավելի արագ կավարտվի։

Հովաննես Գալստյանի փոխանցմամբ, այժմ աշխատում են «Թողություն» ֆիլմի նկարահանման վրա, որտեղ հնարավորինս արտացոլված է կինոռեժիսորի անցած ճանապարհը՝ կապված «Տատիկիս վարսերը» նկարելու պայքարի հետ։

«Ֆիլմի գլխավոր հերոսը խորեոգրաֆ է, որը բախվում է վարչարարական ապարատի հետ, որը արվեստագետին կանգնեցնում է սարսափելի խոչընդոտների դեմ։ Այնպես որ՝ միջազգային ներդրումների մի մասը կգնա այս ֆիլմի վրա, այնուհետև դատարանի որոշումից հետո կշարունակենք «Տատիկիս վարսերը»։ Սա շատ բարդ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք։

Հայկական կինոնախագծերում միջազգային ներդրումների թիվը զրո է, եղածներ էլ դրամաշնորհների տեսքով են։ Հայկական կինոարտադրության նկատմամբ կա մեծ անվստահություն, քանի որ այդ արտադրությունը չկա, միջազգային շուկայում հայկական ֆիլմեր չկան։ Մենք կինոկենտրոնին 10 ֆիլմերի ցանկ ենք ուղարկել, որոնց վրա 1 մլրդ դրամից ավելի գումար են ծախսել և խնդրել ենք մեզ տալ շուկայի տվյալները, թե դրանք որտեղ են ցուցադրվել, բայց արդեն երեք ամիս է՝ այդ տվյալները չեն փոխանցում՝ խախտելով տեղեկատվություն տրամադրելու մասին ՀՀ օրենքը»,- հավելեց Հ. Գալստյանը։

Նա նաև նկատեց, որ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնն» այն բացառիկ կինոընկերություններից է, որն ունի միջազգային գործընկեր, որոնք «Տատիկիս վարսերը» ֆիլմի հետ կապված մեծ վնասներ են կրել, սակայն դուրս չեն եկել արտադրությունից։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս