Ղազախստանի նախագահական ընտրություններին կմասնակցեն նաև այդ երկրի՝ Հայաստանում ապրող քաղաքացիները
Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ նույնքան կայուն, որքան եղել են նախորդ տարիների ընթացքում: Այս մասին մայիսի 4-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:
«Մեր հարաբերություններն ինչպես երկար տարիների ընթացքում եղել են շատ կայուն, այդպես էլ մնում են: Մեծ փոփոխություններ չկան, նույնիսկ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Դա Հայաստանի ներքին հարցն է, որից չեն տուժում ոչ առևտրաշրջանառությունը, ոչ դիվանագիտական հարաբերությունները Ղազախստանի և Հայաստանի միջև, որովհետև երկու երկրներն ունեն շատ կայուն քաղաքական ու ազգային հետաքրքրություններ, որոնց համար սարսափելի չեն ներքին կյանքում տեղի ունեցող փոփոխությունները»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով առաջիկայում Ղազախստանում կայանալիք նախագահական ընտրություններին, դեսպանը նշեց, որ դրան հնարավորություն կունենան մասնակցելու նաև Հայաստանում ապրող Ղազախստանի քաղաքացիները:
«Հունիսի 9-ին Ղազախստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Հայաստանում բնակվող մեր քաղաքացիները Ղազախստանի դեսպանատանը կկարողանան մասնակցել ընտրություններին»,- նշեց Ուրազաևը: