Բնակիչներն Արթուր Բաղդասարյանից իրենց փողերն են պահանջում
«Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է վաճառել ՀԱՊԿ ակադեմիայի շենքը՝ այդ տարածքում գտնվող բնակելի տների տարածքների հետ՝ առանց հատուցելու բնակիչներին»,- այս մասին լրագրողներին հայտնեցին Այգեստան 11 փողոց 34/1, 34 հասցեների բնակիչներ Լիլիթ Ասատրյանն ու Էմմա Հակոբյանը:
«Հայց են ներկայացրել դատարան՝ պայմանագիրը լուծելու և գույքը հետ վերադարձնելու, սակայն խնդիրն այլ է: Այն գույքը, որ ուզում ենք, որ վերադարձվի քաղաքացիներին,իր նշանակությունը՝ որպես բնակելի տուն, կորցրել է: Կատարված շինարարական աշխատանքները հանգեցրել են նրան, որ տունն արդեն ունի նստվածք, երկու տարի չբնակվելու արդյունքում անձրևաջրեր են լցվել, կատարվել է գողություն, այսինքն՝ նաև կողմերի գույքն է թալանվել, քանդվել է նաև դեպի տուն տանող ճանապարհը, չեն կարողանում մուտք գործել իրենց բնակարան»,- մանրամասնեց փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ քաղաքացիները փակուղու առջև են, նրանք բնակարանների գումարը դեռևս չեն ստացել:
«Բացի դա՝ Էմմա Հակոբյանը նամակ է ստացել փաստաբանից, որտեղ գրված է, թե՝ խնդրում են գույքը հանձնել ՀԱՊԿ ակադեմիային, թե չէ միջոցներ կկիրառվեն: Մարդիկ երեք տարի վարձով են բնակվում, ի՞նչը հանձնեն: Կոնկրետ պահանջ կա՝ Արթուր Բաղդասարյանը և աշխատակիցները պատասխանեն, թե քաղաքացիներն ի՞նչ են անելու»,- նշեց փաստաբանը:
Այգեստան 11 փողոցի բնակիչ Էմմա Հակոբյանն էլ հայտնեց, որ երբեք Արթուր Բաղդասարյանին չեն տեսել: «Արթուր Բաղդասարյանի անունից Խանիկ Պետրոսյանն է ներկայացել, ճոխ-ճոխ խոստումներ է տվել: Պայմանագիրը կապել ենք, ասել են, թե՝ ոչ մի տեղ մի բողոքեք, ամեն ինչով կապահովենք: Մենք էլ նստած սպասում ենք, թե երբ կկատարեն պահանջները: Պարտադրում էին, որ գնանք վարձով ապրենք: Ասում էին՝ թեկուզ 1000 դոլար էլ լինի՝ կվճարեն: Մեզ մեկ տարի են վճարելու ու անհետ կորել են»,- պատմեց Էմմա Հակոբյանը:
Նույն փողոցի բնակիչ Լիլիթ Ասատրյանն էլ նկատեց. «Շատ ենք ցանկացել հանդիպել Արթուր Բաղդասարյանին, բայց չի ստացվել: Ըստ երևույթին, խնդիրը ոչ թե մեր տունը գնելն էր, այլ մեզ տարածքից մեկուսացնելը: Այսօր մեր տունըվթարային է ու օդի մեջ: Իրենք իրենց տներում տաքուկ ապրում են, իսկ մենք իրենց պատճառով վարձով տներում ենք ապրում, մտածում վարձավճարի մասին: Խանիկն ասում էր՝ օր առաջ բնակարանն ազատեք, տարաժամկետումով պայմանագիր կա, դուք ի՞նչ ունեք մտածելու, 1.5 ամսից փողը լինում է»:
Բնակիչները հայտնեցին, որ նաև տների գներն են իջեցվել, քանի որ արդեն քանդել էին. 300.000-ից դարձել է 200.000 դոլար, 1/3-րդ մասը վճարել ու իրենց տարել են նոտարական գրասենյակ, որպեսզի պայմանագիր կնքեն:
«300.000-ից դարձրեցին 200.000 դոլար, որ տունը մեկ շաբաթվա մեջ վաճառվի: Մեկ շաբաթն արդեն դարձել է երեք տարի: Ու երբ բողոքում էինք, ասում էին՝ ո՞ւմ պետք է բողոքեք, ուր էլ բողոքեք՝ մենք ենք»,- ընդգծեցին նրանք:
Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը գրել էր «2013թ. այդ ժամանակ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ կստեղծվի ՀԱՊԿ ակադեմիա, որը զբաղվի ռազմական անվտանգության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրներով… Ակադեմիա ստեղծելու համար Երևանի կենտրոնում տարածք հատկացվեց, շենք կառուցվեց, որի վրա գրված է՝ «ՀԱՊԿ ակադեմիա», բայց այն ընդհանրապես չբացվեց և չգործեց:
Ավելին՝ պարզվում է, որ այդ շենքը Արթուր Բաղդասարյանի սեփականությունն է, որը նա պատրաստվում է վաճառել»:
Անի Կարապետյան