«Պիեսն ասում է՝ երբեք ուշ չէ ուղղել սխալները, երբեք ուշ չէ նոր ընկերներ ձեռք բերել, ուշ չէ աջակցել օտարներին»
Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Սամուել Բենշեթրիի «Մինուս երկու» ստեղծագործությունը պատմում է անբուժելի հիվանդ, սակայն ապրելու հետաքրքրությունը չկորցրած երկու տղամարդու մասին, որոնք կյանքի վերջին օրերին փորձում են վայելել այն, ձգտում են ազատության ու երջանիկ ակնթարթների:
Պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ ապրիլի 29-ին Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնում: Թատերասերներն այն ընդունեցին բուռն ծափողջույններով ու «բրավո» վանկարկումներով:
«Պիեսներ շատ եմ ընթերցում, և, եթե ինչ-որ բան ինձ շատ է դուր գալիս, մտածում եմ այն թարգմանելու, ապա նաև բեմադրելու մասին: Ընտրում եմ այն գործերը, որոնք, ըստ իս, կարող են հետաքրքրել հանդիսատեսին, խոսել թատերասերների հետ»,-նշեց ներկայացման բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը:
Նա ընդգծեց, որ «Համազգային» թատրոնն իրեն միշտ հետաքրքրել է: Մելիք-Հովսեփյանի խոսքով՝ դա այն թատրոնն է, որտեղ բեմադրված և ոչ մի ներկայացման կեսից չի լքել դահլիճը: «Աշխատում եմ «Ագորա» թատերախմբի հետ, ուստի Սոս Սարգսյանի թատրոնի հետ համագործակցելու առիթ դեռ չէր եղել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն առաջարկեց բեմ բարձրացնել այս ներկայացումը, որը խոսում է մեր հույզերի, ապրումների հետ, հիշեցնում է կյանքի դրվագներ, որոնց հաճախ ուշադրություն չենք դարձնում: Պիեսն ասում է, որ երբեք ուշ չէ ուղղել սխալները, երբեք ուշ չէ նոր ընկերներ ձեռք բերել, ուշ չէ աջակցել օտարներին»,-ներկայացրեց բեմադրիչը:
Գլխավոր դերակատարներից Դավիթ Հակոբյանն ասաց, որ այն իրավիճակը, որը նկարագրվում է պիեսում, նոր չէ: «Այդ թեմային անդրադարձել են և՛ ֆիլմերում, և՛ թատրոնում, բայց այս պիեսում զարգացումներն այլ կերպ են ընթանում. հերոսները ձգտում են բարոյականության, որովհետև նրանք ամբողջ կյանքում տառապել են, դժբախտ են եղել ու գնում են մաքրագործվելու, երջանկություն փնտրելու: Հերոսները երեք կամ չորս ժամվա ընթացքում, որ պտտվում են հիվանդանոցից դուրս, ընկերանում են, երջանկանում ու երջանկացնում ուրիշներին»,-պատմեց դերասանը:
Նրա շեշտեց, որ անգամ մահվան շեմին մարդը մտածում է ուրիշին օգնելու մասին: «Պիեսում և՛ ծիծաղն է շատ, և՛ լացն է շատ, և՛ հոգոցը, և՛ զարմանքը, հանկարծակին»,-նշեց Հակոբյանն ու հավելեց՝ ուրախ է, որ թատրոնը նման բեմադրություն կունենա:
Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Դավիթ Հակոբյանը, Վանիկ Մկրտչյանը, Տաթև Ղազարյանը, Մարիա Սեյրանյանը, Վարշամ Գևորգյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արմինե Անդրեասյանը, Ստեփան Ղամբարյանը:
Նկարիչը Միկա Վաթինյանն է, պարուսույցը՝ Ինեսա Արձականցյանը:
Նույն հիվանդասենյակում պառկած տղամարդիկ որոշում են փախուստի դիմել և վայելել իրենց կյանքի վերջին արկածը:
Ճանապարհին հանդիպած դժվարությունները, զարմանալի հանդիպումներն ու անձնական խոստովանությունները ստիպում են նորից ու նորից փնտրել հավերժ հարցերի պատասխաններ՝ հայրության, միայնության, դավաճանության, սիրո և մահվան մասին։