«Արդյո՞ք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը կդրսևորի քաղաքական գործչին հարիր կեցվածք»

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը Ազգային Ժողովի ապրիլի 18-ի լիագումար նիստում, դիմելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, պահանջել էր վերջինիս մեկնաբանությունը այն կապակցությամբ, որ նախկինում ՀԾԿՀ-ը տվել է ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր տարբեր նախկին պաշտոնյաներին, այդ թվում նշելով նաև իմ անունը, փաստելով, որ «այդ ոլորտներում բազմաթիվ օրինախախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել և այսօր էլ դրանք շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ»: Այսինքն, նշված պատգամավորը հրապարակավ մեղադրել է ինձ ապօրինությունների և հանցագործության մեջ:

Այդ հայտարարությունից անմիջապես հետո ես կապվեցի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար պարոն Մարուքյանի հետ և տեղեկացնելով, որ իր խմբակցության անդամի հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի, առաջարկեցի հորդորել պատգամավորին հրապարակավ հերքել իմ հասցեին հնչեցրած զրպարտությունը:

Ի դեպ, այդ օրը նույն առաջարկով պատգամավորի հետ կապնվելու իմ բոլոր փորձերը անցել են ապարդյուն:

Տեսնելով, որ իմ հորդորը մնաց անարձագանք, ես ապրիլի 26-ին գրավոր դիմել եմ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ առաջարկելով նրան Ազգային Ժողովի առաջիկա լիագումար նիստում հրապարակավ իր հարցադրումը որակել անտեղյակությամբ պայմանավորված դիպված և ներողություն խնդրել ինձնից զրպարտելու և պետական գործչի իմ հեղինակությունը վարկաբեկելու համար:

Ի դեպ, այդ գրությանը կցել եմ նաև Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի պաշտոնական տեղեկանքը այն մասին, որ ո՛չ ես, ո՛չ էլ իմ միջնորդությամբ որևէ ընկերություն որևէ ոլորտում գործունեություն ծավալելու արտոնագիր երբևէ չի ստացել:

Այս մասին ես գրավոր տեղեկացրել եմ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Հուսով եմ, պարոն Բաբաջանյանը կդրսևորի պատգամավորին հարիր կեցվածք և կհետևի քաղաքական ողջամտության և բարոյականության իմ այս հորդորին:

Խոսրով Հարությունյան

Տեսանյութեր

Լրահոս