Բաժիններ՝

«Արարատցեմենտ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը պատասխանել է Հայկ Գևորգյանին

Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ»  գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին:  Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին:  Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ:

Հայկ Գևորգյանը, հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե իբր Գագիկ Ծառուկյանը գործարանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով:

Նախ Հայկ Գևորգյանին և նրա նման նույն սկզբունքով որոշումներն ընթերցողներին և մեկնաբանողներին խորհուրդ ենք տալիս այդ որոշումները կարդալ այնպես, ինչպես գրված է, այլ ոչ թե մեկնաբանել սեփական հայեցողությամբ:

Հայկ Գևորգյանի կողմից անընդհատ մատնանշվող 12.09.2002 թվականի N 1465-Ա որոշումն ունի 9 կետ (որոշումը կցված է):  Որոշման առաջին կետով ներկայացված է անվանական արժեքի և  մասնավորեցման վերաբերյալ ձևակերպումը:

Երկրորդ կետը սահմանում է բաժնետոմսերի արժեքը՝ 200 հազ. ԱՄՆ դոլար և վճարման ժամկետը՝ 3 օր:

Երրորդ կետը՝ ա և բ ենթակետերի համաձայն՝

ա) գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ»  բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները

բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի նկատմամբ ունեցած 9,7 մլն ԱՄՆ  դոլարի ապրանքային մատակարարման պարտքից,  6,866 մլն ԱՄՆ  դոլարի արտարժութային վճարման չափով՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք:

գ) գնորդին արգելում է, մինչև վերը նշված երրորդ կետի և սույն կետի բ ենթակետի կատարումը,  «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքի գրանցում կատարել:

Որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը պաշտոնական առումով վերաբերում են «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքին, հողատարածքների վարձակալության, ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումներին և այլ սահմանափակումներին:

Ընթերցելով որոշման 7-րդ կետը իր բոլոր ենթակետերով և 8-րդ կետը՝ հասկանալի է դառնում, որ «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնորդ «Ռոբերտո» բելգիական ընկերությունը (Բելգիան օֆշորային գոտի չի հանդիսանում) 3 օրվա ընթացքում ուղղակի վճարման միջոցով վճարում է 6,866 մլն ԱՄՆ  դոլար, որով Հայաստանի Հանրապետությանն ազատում է ներքոհիշյալ պարտքերից, մասնավորապես՝

  • Հայաստանի Հանրապետության առանձին սպառողների համար օրենքով և Կառավարության որոշմամբ՝ 50% սակագնով 01.07.1999 – 31.12.2001 թվականներին մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 788,977 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը:
  • Հայաստանի Հանրապետության հանրապետական ենթակայության պետական բյուջետային հիմնարկների կողմից սպառված էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ջրահեռացման գծով առաջացած 6,077,023 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը:

Արդյունքում` տարրական թվաբանության դեպքում էլ պարզ է դառնում, որ  «Ռոբերտո» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարել է  7,066,000 ԱՄՆ  դոլար:

Կարծում ենք, որ այսքանն էլ բավարար է, որպեսզի Հայկ Գևորգյանն իր տարածած հերյուրանքների համար առնվազն ներողություն խնդրի:

Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե իբր շվեյցարական  «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով  ներդրումները չեղարկվել են:

Իրականությունը հետևյալն է.  «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով  գործարանի հավելյալ պարտքերն ու  անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական  բիզնես շահը որոշում է կայացրել հրաժարվել որևէ  ներդրումային ծրագրից, ինչի մասին բազմիցս հայտարարել է հենց ընկերության  բաժնետեր Թոմաս Շմիդհայնին:

Անդրադառնալով Գագիկ  Ծառուկյանի կողմից «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ տեղեկացնենք, որ 24.12.2002 թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից ձեռք է բերվել  25% բաժնետոմսերը և 25.12.2002 թ.-ին հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: Միևնույն ժամանակ, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությունը ևս հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմանը:

03.04.2006թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից «Ռոբերտո» ընկերությունից ձեռք է բերվել 75% բաժնետոմսերը, որը նաև արտացոլված է պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի գույքի և եկամուտների մասին 2006թ.-ի հայտարարագրում (5-րդ էջի II.5. պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ աղյուսակի 10-րդ հորիզոնականում), որը հրապարակային է և հասանելի յուրաքանչյուրի համար:

25.12.2002թ.-ի դրությամբ գործարանն ունեցել է պարտքեր՝ ընդհանուր 1 միլիարդ 400 միլիոն դրամի չափով, որի փակելու դեպքում հնարավոր կլիներ միայն շահագործել գործարանը: Վերը նշված պարտքերը մարվել են արդեն պարոն Ծառուկյանի անձնական միջոցներով:

25.12.2002թ.-ից մինչ օրս գործարանում 6 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում է կատարվել, որն արտացոլված է ընկերության հաշվեկշիռներում:

Վերը նշված գումարում հաշվարկված չէ 2003թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին և պրոֆեսիոնալ մասնագետներին  խորհրդատվության  նպատակով Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելուն ուղղված նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց դրա շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում մեր արտադրած ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, և բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին:

Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արժեքի նվազեցմանը, որը ոմանք կապում են մեր երկրում տեղի ունեցած Թավշյա Հեղափոխության հետ, տեղեկացնում ենք, որ դեռևս 2018թ.-ի մարտի 30-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության արտոնագրով պահպանվող գյուտի օգտագործման մասին լիցենզիայի պայմանագիր, որը պետական գրանցում է ստացել 23.04.2018թ.-ին Ն 2070 (կցվում է):

Հենց վերը նշված գյուտի կիրառմամբ է պայմանավորված  2018թ.-ի երկրորդ կիսամյակից  սկսած ցեմենտի ինքնարժեքի նվազումը, որն էլ արտացոլվել է իրացման արժեքի իջեցմամբ:

Ինչ վերաբերում է Վրաստան արտահանվող ցեմենտի արժեքին և քանակին, տեղեկացնում ենք, որ 2017թ.-ին իրացվել է 265,707 տոննա ցեմենտ, որից 265,040 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 666 տոննան արտահանվել է Վրաստան (ընդհանուր իրացման 0,25%, միջին արժեքը կազմել է 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է  առանց ԱԱՀ:

2018 թ.-ին իրացվել է 392,504 տոննա, որից 389,713 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 2791 տոննան արտահանվել է Վրաստան (իրացման 0,7%-ը, գինը՝ 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է  առանց ԱԱՀ:

Վրաստան արտահանման նպատակը եղել է մեր ներկայության ապահովման ցանկությունը` թույլ չտալու համար վրացական ցեմենտի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Տեղեկացնենք նաև, որ 2009թ.-ից Վրաստանի ցեմենտի գործարանները աշխատում են իրենց իսկ տեղական ածուխով և ադրբեջանական գազով:

Դեռևս 2003թ.-ին, երբ ցեմենտը Հայաստանի Հանրապետությունում վաճառում էինք 21,000 դրամով, Վրաստան արտահանումը սկսեցինք 25 ԱՄՆ դոլար արժեքով՝ ներառյալ ճանապարհածախսը, որը միանշանակ վնասաբեր էր, սակայն նպատակն այն էր, որ Վրաստանում փորձեին մեր արտադրանքը:

Շուրջ 12,000 տոննա ցեմենտ իրացնելուց հետո, մի քանի ամսվա ընթացքում ցեմենտի արժեքը հետզհետե բարձրացնելով, Վրաստանում ցեմենտի արժեքը դարձավ 100 ԱՄՆ դոլար և ամսական իրացվում էր 15-20 հազար տոննա ցեմենտ:

2009թ.-ից արդեն, երբ Վրաստանում բացվեցին ածուխի հանքերը և մատակարարվեց ադրբեջանական գազը, ինչպես նաև ադրբեջանական Վրաստանին սահմանամերձ  Ղազախ քաղաքում  բացվեց ցեմենտի գործարան՝ մեր գործարանի հզորությամբ և տեխնոլոգիայով, մենք դուրս մնացինք վրացական շուկայից, միայն ապահովելով մեր արտադրանքի սիմվոլիկ ներկայությունը:

Ինչ վերաբերում է վճարված հարկերին, ինչպես ոմանք անհիմն հայտարարություններ են տարածում, թե 2018թ.-ին վճարված հարկերը համեմատելի չեն 2017թ.-ին վճարված հարկերի հետ, տեղեկացնում ենք, որ 2018թ.-ին ավելի քան 125,000 տոննա ավելի է իրացվել՝ համեմատած 2017թ.-ի հետ, որի միայն ԱԱՀ-ն կազմում է 1,041,875,000 (125,000×8335):

Ի դեպ` 2018 թվականին տեղի է ունեցել «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, որի արդյունքում եկամտահարկը և դրոշմանշային վճարները ավելացել են ավելի քան 83 միլիոն դրամի չափով: Արտադրական ծավալների ավելացմամբ էլ պայմանավորված` բնօգտագործման վճարն էլ ավելացել է շուրջ 31 միլիոն դրամի չափով:

2003 թվականից առ այսօր, «Արարատցեմենտ» ընկերությունը երբեք չի մասնակցել պետական տենդերների և պետական ձեռնարկություններին ցեմենտ գրեթե չի մատակարարել: Այն երբևէ չի հանդիսացել Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարար:

Բոլոր ժամանակներում պետական տենդերները և Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարարումը կատարվել է «Միկա ցեմենտ» ընկերության կողմից:

Ի տարբերություն «Միկա ցեմենտ»-ի՝ «Արարատցեմենտ» ընկերությունը երբևէ հարկային որևէ արտոնությունից չի օգտվել և չի ազատվել որևէ հարկային պարտավորությունից, ինչպես թյուրիմացաբար հայտարարել էր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:  Միայն «Միկա ցեմենտ» ընկերության սնանկությունից հետո և վերակենդանացման փորձեր անելու ընթացքում է, որ «Արարատցեմենտ»-ի իրացման ծավալները սկսեցին աճել:

ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը և ոմանք, տարակուսանք են հայտնում, թե ինչպես է, որ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում աճել է 4,5%-ով, իսկ ցեմենտի իրացումն ավելի շատ: Մենք ևս կիսում ենք այդ տարակուսանքը և խորհուրդ ենք տալիս պարզել, թե շինարարական կազմակերպությունների կողմից օգտագործված ցեմենտն ո՞ւմ արտադրանքն է եղել և ո՞վ է իրականում ինչ որ բան թաքցրել: «Արարատցեմենտ« գործարանը մշտապես աշխատել է բաց և թափանցիկ, և ցանկության դեպքում շահագրգռված յուրաքանչյուր ոք կարող է հավաստիանալ դրանում:

«Արարատցեմենտ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ

Համարը  N 1465-Ա Տեսակը  Հիմնական
Տիպը  Որոշում Կարգավիճակը  Գործում է
Սկզբնաղբյուրը  ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.984 Ընդունման վայրը  Երևան
Ընդունող մարմինը  ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվը  12.09.2002
Ստորագրող մարմինը  ՀՀ վարչապետ Ստորագրման ամսաթիվը  20.09.2002
Վավերացնող մարմինը  ՀՀ Նախագահ Վավերացման ամսաթիվը  24.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը  10.10.2002 Ուժը կորցնելու ամսաթիվը 
 Փոփոխողներ և ինկորպորացիաներ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1465-Ա

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317003 բաժնետոմսը` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել մասնավորեցվող բաժնետոմսերի գինը` 200 հազ. ԱՄՆ-ի դոլար, որը գնորդի կողմից ենթակա է վճարման մասնավորեցման հատուկ հաշվին` մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` հետևյալ էական պայմաններով`

ա) գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս, քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները.

բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն ԱՄՆ-ի դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն ԱՄՆ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք.

գ) «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքը գրանցվում է բաժնետոմսերի գնի վճարումից և սույն կետի «բ» ենթակետի պահանջը կատարելուց հետո:

4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ 10-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող 457,5 հեկտար հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը՝ 49 տարի ժամկետով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության՝ վարձակալված հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքի, ինչպես նաև շենքերի և շինությունների սեփականության իրավունքի պետական գրանցումը։

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ քննարկել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր։

7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը պարտքից ազատելու դիմաց ապահովել հետևյալ հատուցման մեխանիզմով համապատասխան գործարքների կնքումը, հաշվապահական հաշվառման մեջ դրա արտացոլումը և հաշվետվություններ ներկայացնելը՝

ա) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված գազի դիմաց 6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորությունից և Հայաստանի Հանրապետությանը՝ առանձին սպառողների համար օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված 50 տոկոս զեղչ սակագներով 1999 թվականի հուլիսի 1-ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 788.977 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի պարտավորությունից.

բ) «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել իր և «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից՝ «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության մասով՝ փոխադարձ հաշիվներով ձևակերպելով որպես դեբիտորական պարտք.

գ) «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորությունից.

դ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը սպառած էլեկտրական էներգիայի գծով՝ երկկողմանի հաստատված ակտերով մինչև 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 300,22 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքից և «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի փաստացի մնացորդի չափով պարտքից.

ե) «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների գծով՝ երկկողմանի ակտերով հաստատված 229,3 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից, առանձին սպառողների համար օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված զեղչ սակագներով 1998-2001 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վնասների փոխհատուցման գծով 151 մլն դրամ պարտավորությունից.

զ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների գծով՝ երկկողմանի ակտերով հաստատված 102,3 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից և առանձին սպառողների համար օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված զեղչ սակագներով 1998-2001 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վնասների փոխհատուցման գծով 197,92 մլն դրամ պարտավորությունից.

է) սույն կետի «դ» ենթակետով «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պարտքից ազատման գումարի և սույն կետի «ե» ենթակետում նշված փոխհատուցման գումարի տարբերությունը համարվում է բնակչության պարտքերի դիմաց պետության կողմից տրվող փոխհատուցում։

8. Հայաստանի Հանրապետության նախարարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարներին՝ ապահովել իրենց համակարգի բյուջետային հիմնարկների կողմից սույն որոշման 7-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված համապատասխան պարտքերի մարման մասին ակտերի ստորագրումը և իրենց սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքներ հաշվետվություններ ներկայացնելը։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան
 

2002 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս