Բաժիններ՝

«Ամենայն հավանականությամբ՝ ապակողմնորոշել էին վարչապետին». տնտեսագետը՝ 50 հազար աշխատատեղերի մասին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է քննարկումների կիզակետում գտնվող տնտեսական, քաղաքական ու հասարակական մի շարք թեմաների։ Նաև անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված 50 հազար «նորաստեղծ» աշխատատեղերին, մեկնաբանել տնտեսական հեղափոխության տնտեսագիտական կողմը և պատմել, թե ի՞նչ խորհուրդ ունի իր համար Քաղաքացու օրը։ 

– Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 50 հազար աշխատատեղերի մասին, որոնք ստվերից բերվել են հարկային դաշտ, մինչդեռ ԵԽԽՎում նա խոսել էր 50 հազար նոր աշխատատեղերի մասին, որոնք իբրև թե վերջերս՝ թավշյա հեղափոխությունից հետո են ստեղծվել։

– Արտառոց բան չկա. ամենայն հավանականությամբ, ապակողմնորոշել էին վարչապետին (նա կարող էր այդ թիվը բարձրաձայնել, որն իրականությանը չի համապատասխանում)։ Դա, փաստորեն, հասարակության մեջ կառաջացներ զայրույթ ու զարմանք։ Տվյալ պարագայում, երբ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ըստ էության լուծված չեն, տարբեր չհիմնավորված մոտեցումների պարագայում տեղի են ունենում, այսպես ասած՝ տրանսֆորմացիաներ, որոնք բերում են աշխատանքից ազատման՝ առանց այդ էլ գործազրկության բարձր մակարդակի պայմաններում, բնականաբար, շոշափելի չի 50.000-ը։ Բայց այս մասին բարձրաձայնելը… Միգուցե օտար հարթակներում կարելի էր հնչեցնել, բայց կարծում եմ՝ պետք չի, որ երկրի ղեկավարին ապակողմնորոշիչ թվեր տրամադրեն։

Նույն շարքից էր նաև հայտարարությունը, թե Հայաստանում չկան մենաշնորհներ: Կարելի՞ է ենթադրել, որ մրցակցային միջավայրը բարելավվել է։

– Բնական է, որ չկա իսկապես ազատ մրցակցություն՝ խիստ պայմանավորված այն հանգամանքով, որ (օրեր առաջ վարչապետն իր խոսքի մեջ անընդհատ «իներցիա» բառը կրկնում էր. էստեղ իներցիան լայն իմաստով պիտի ընկալել) հասկանալի է, որ մենք գործ ունենք մեծ համակարգի հետ, ինչպիսին տնտեսական համակարգն է, և տնտեսական համակարգում փոփոխությունները կտրուկ տեղի չեն ունենում, որքան էլ դու այն ցանկանաս։

Հիմա, տեսեք, տեղի է ունեցել, այսպես կոչված՝ իշխանափոխություն։ Իրենք համառորեն ասում են՝ հեղափոխություն, սակայն հեղափոխության բաղկացուցիչներ մենք չենք նկատում։ Նկատում ենք մի վիճակ, երբ հասարակությունը գտնվում էր ոչ հանդուրժող վիճակում, որի պարագայում ամեն վայրկյան հնարավոր էր՝ տեղի ունենար այդպիսի ժայթքում, որը եղավ, և այդ պարագայում փոփոխությունն ուզեցին անվանել հեղափոխություն։ Կարո՛ղ են անվանել, պրոբլեմ չեմ տեսնում։ Հիմա մենք ունենք խնդիր՝ իսկապես դնենք էնպիսի հիմքերի վրա, որ երկիրը զարգանա, համակարգը դառնա արդյունավետ կառավարմամբ։ Այս առումով՝ մենք չենք տեսնում նվաճումներ, ոչինչ, որ չկա, այս կարճ ժամանակահատվածում, բայց գոնե միտումները չեն նկատվում, որ վաղը կլինի այդպես։

Որպես տնտեսագետ՝ կմեկնաբանե՞ք՝ ի՞նչ ասել է՝ տնտեսական հեղափոխություն։ Ե՞րբ կկարողանանք արձանագրել, որ Հայաստանում վարչապետ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունը տեղի է ունեցել, և Ձեզ բավարարե՞ց արդյոք ԵՊՀում վարչապետի պատասխանը Ձեր հարցին, թե նույն ալգորիթմով պիտի լուծվեն տնտեսական ու քաղաքական հեղափոխությունները։

– Միայն կարելի է համաձայնել այն բանի հետ, որ վարչապետն ինքը նշեց, թե քաղաքական հեղափոխությունը, այո, նույնը չէ, ինչ տնտեսական հեղափոխությունը։ Տնտեսական հեղափոխություն, որպես էդպիսին, չի լինում։ Կրկնում եմ, մենք գործ ունենք մեծ համակարգերի հետ. պարզապես համակարգը պետք է արդիականանա։ Մեծ համակարգի արդիականացումը, ըստ էության, ժամանակ է պահանջում, երկար ժամանակ։ Իսկ հեղափոխությունը, որպես կանոն, ինչպես մարդկության պատմությունն է ցույց տալիս, ակնթարթային մի երևույթ է. մի պահ՝ ինչպես հրաբուխն է ժայթքում։ Չի կարող տնտեսության մեջ, եթե ես որակավոր չեմ, արտադրական կամ սպասարկման կուլտուրա չունեմ…

Հեղափոխությունը նշանակում է, որ ես վաղվանից պետք է կտրուկ՝ 180 աստիճանով փոխվեմ, դառնամ ավելի լավը. էդպես հնարավոր չի։ Հենց էստեղ գործում է էվոլյուցիոն պրոցեսը։ Ես ուզում եմ մինչև անգամ հանդուրժող լինել այդ՝ «տնտեսական հեղափոխություն» բառակապակցության հանդեպ։ Ոչինչ, թող ասվի։ Մարդիկ գնացել էին մի գործի, բնականաբար, բոլոր չհասկացողների համար պետք է կիրառել առանձին բառեր-բառակապակցություններ, որոնք քիչ մատչելի, քիչ հասկանալի կլինեն. սա դրանցից մեկն է։

– Քաղաքացու օրվան ընդառաջ. տոնի խորհուրդը Ձեզ համար և արդյոք արդարացվա՞ծ ծախս է, ըստ Ձեզ, 124 միլիոն դրամը:.

– 124 միլիոնը, ես մտածում եմ, մեծ գումար չէ։ Բոլոր դեպքերում, սա գումարի խնդիր չէ, բայց Քաղաքացու օրը պետք է էնպես անել, ինչպես կանոնակարգված ու հարուստ երկրներում՝ ինչպիսին են Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը, Կանադան, և այլն, որ ամեն օրը քաղաքացու օր է համարվում, և կապ չունի՝ դա օրացույցում կնշենք, թե չենք նշի։ Խոշոր առումով, Քաղաքացու օրը նշանակում է, որ քաղաքացին շատ հարմարավետ է զգում իրեն տվյալ երկրում, տվյալ տիրույթում։ Ապրիլի 27-ին էլ կարող ենք էդ տոնը անել, 28-ին էլ, ի՞նչ կա որ, մեկ է՝ առոչինչ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս