Բաժիններ՝

«Մեզ հայտնի պատճառներով սահմանապահ լինելը ոչ միայն կոչում է, այլև առաքելություն». Վարչապետն ԱԱԾ սահմանապահ զորքերում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ԱԱԾ սահմանապահների օրվա առթիվ այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն։

Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանն այն խորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ։

«Հայաստանի Հանրապետություն ասելիս, մենք առաջին հերթին՝ նկատի ունենք մեր սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը երկիր մոլորակի, արևի տակ։ Եվ ուրեմն, սահմանապահի օրն այս առումով ունի չափազանց կարևոր նշանակություն, այսօր մենք այդ օրը նշում ենք, առաջին հերթին՝ նկատի ունենալով ԱԱԾ-ին, նրա սահմանապահ զորքերին։ Ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի պատճառներով սահմանապահ լինելը ոչ միայն կոչում է, այլև առաքելություն, և այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի, Զինված ուժերի, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները։ Այսօր Հայաստանում առնվազն դե ֆակտո գոյություն ունի  այնպիսի հասկացություն, ինչպիսին է սահմանապահ գյուղ կամ բնակավայր։ Սահմանապահի օրն այսօր տոն է ոչ միայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև՝ մեր զինված ուժերի, ժողովրդի համար, քանի որ մեզանից յուրաքանչյուրն առաջին հերթին՝ մտածում է սահմանի մասին»,- իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը։

Նա շնորհակալություն հայտնեց սահմանապահներին, Զինված ուժերին, ոստիկանության զորքերի ծառայողներին՝ կատարած աշխատանքների համար, նաև՝ Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին՝ ՀՀ սահմանը պահելու համար։ Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց սահմանապահ գյուղերի բնակիչներին՝ իրենց սահմանն ամուր պահելու, ապրեցնելու և պահպանելու համար։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նույնպես  շնորհավորեց սահմանապահի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ հայրենիքի սահմանները սրբազան են, և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է։

«Այդ առաքելության առաջին գծում սահմանապահն է։ Համոզված եմ, որ սահմանապահներից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից և սկսվում է մեր երկիրը, մեր ընտանիքների անվտանգությունը, և վերջապես սահմանից է սկսվում Նոր Հայաստանի վերելքը։

Մասնագիտական տոնի օրը լավ առիթ է գնահատական տալու սահմանապահի կատարած աշխատանքին և շնորհակալություն հայտնելու անձնվեր աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության  մեր գործընկերներին, ՀՀ Զինված ուժերին, ոստիկանության ներքին զորքերին, ինչպես նաև բոլոր այն պետական կառույցներին, որոնց հետ արդյունավետ համագործակցում են մեր սահմանապահները։ Սահմանապահների անուններից հավաստիացնում եմ, որ մեր սահմաններն այսօր ամուր են և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը»,- ընդգծեց ԱԱԾ պետը։

Արթուր Վանեցյանի հրամանով սահմանապահ զորքերի մի շարք ներկայացուցիչներ արժանացան պարգևների։

Հավելենք, որ Հայաստանում սահմանապահի օրը նշվում է արդեն 13 տարի։

 Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս