Բաժիններ՝

«Արթուր Վանեցյան-Մհեր Սեդրակյան կապը շրջանառվում է, որպեսզի իշխանությանը կաշկանդեն». «Գաջ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրինագիծն է: Անցած շաբաթ խորհրդարանական քննարկումներում օրինագծի ընդունման վերաբերյալ հնչած սոցիալ-տնտեսական հետևանքների շուրջ բանավեճն ավելի թեժացավ, երբ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները բանավեճն «Արարատցեմենտ» ընկերության մասնավոր շահի պայքար որակեցին, դրա սեփականատեր Գագիկ Ծառուկյանին սպառնացին խոցելի վիճակագրությունը և գործարանի ձեռքբերման կասկածելի գործարքը հրապարակել, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փոխրաձգության ժամանակ անուններ ակնարկեցին:

Հաջորդ օրը մամուլը հրապարակեց Երևանի «Գաջ» ՓԲԸ և դրա սեփականատիրոջ՝ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) անունը՝ նշելով, որ ցեմենտի շուկայում ի հայտ եկած իրավիճակը խնդիր է դարձել իշխանությունների համար, և ուզում են Գագիկ Ծառուկյանին հեռացնել շուկայում գերիշխող դիրքից՝ փոխարենն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հովանավորյալ Մհեր Սեդրակյանի արտադրությունը խրախուսել: «Գաջ» ՓԲԸ իրավաբան և մենեջեր Ալեքսան Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է իրենց կողմից չպարզաբանված մի շարք հարցադրումների:

– Ինչո՞ւ էիք լուռ և ինչո՞ւ էիք թաքնված, երբ ցեմենտի տուրքի մասին առաջարկվող աղմկահարույց օրինագծի շուրջ Ձեր ընկերության շահերին դեմ և կողմ ակտիվ քննարկումներ էին ծավալվում Ազգային ժողովում:

– Իրականում մենք թաքնված չէինք, պատրզապես հրավիրված չենք եղել խորհրդարանական հանձնաժողովի քննարկումներին, ու, փաստացի, օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Թեև այն պահից, երբ Մհեր Սեդրակյանի անունը սկսեց շահարկվել, ընկերությունն իր անունից երկու հաղորդագրություն տարածեց, բայց մեր ձայնն այդպես էլ լսելի չդարձավ, ֆեյսբուքյան ակտիվ քննարկումներից դուրս միայն մեկ-երկու լրատվամիջոց արձագանքեց մեր հայտարարությանը:

Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն տեղեկությունները, որ Ձեր ընկերության ներկայացուցչի հետ իշխանական ուժի կուլիսային պայմանավորվածությունների հետևանք է ցեմենտի շուկայում նոր իրավակարգավորումներ առաջարկող այս օրինագիծը, և, որ այն բխում է բացառապես Ձեր շահերից։

– Ինձ թվում է՝ այս ամենի շուրջ հանրային ճիշտ ընկալում ձևավորելու համար նախ պետք է ասենք, թե ինչ է իրականում կատարվում ցեմենտի շուկայում:

Այս օրերին «Արարատցեմենտ» ընկերությունը և նրան փոխկապակցված քաղաքական ուժը բոլորի համար ընդունվող նորմատիվ ակտը, ըստ էության, փորձում են բացառապես իրենց վերագրել, մինչդեռ սա երկրի օրենսդրություն է՝ այսօր կվերաբերի մի քանի տնտեսվարողի, վաղը գուցե նոր շուկա մտնող խաղացողների իրավահարաբերություններ կարգավորի:

Բայց այս հանգամանքը ստվերվում է, փորձ է արվում ամեն կերպ տանել մասնավոր դաշտ և հասնել այնպիսի իրավակարգավորումների, որ հարմարեցնեն օրենսդրությունը բացառապես իրենց շահերին: Ու սրա համար գործի է դրվում մի ահռելի համակարգ՝ պրեսինգ է արվում քաղաքական ռեսուրսերով, տնտեսական լծակներով, տեղեկատվական մանիպուլյացիայով, սոցիալական դաշտում շանտաժի լեզվով սպառնում են երկրի իշխանությանը, թե աշխատատեղեր կկորցնենք, կփակվի ազգային արժեքի դռները, արտադրական գիգանտ միավորը կկանգնի փակուղու առաջ… Փորձում են նույնիսկ խնդիրը անձնական դաշտ տեղափոխելով՝ այնպիսի լուծումներ ստանալ, միայն թե դաշտում նոր խաղացողներ չհայտնվեն… Սա անընդունելի մոտեցում է և հաստատ չի բխում պետության և քաղաքացու շահերից: Մենք կողմնակից ենք, որ պետությունը խրախուսի իր արտադրողին, բայց իր բոլոր արտադրողներին պիտի այդ աջակցությունը ցուցաբերի, և ոչ թե՝ ընտրողաբար մոտենա խնդրին:

– Իսկ «Արարատցեմենտի» ինչի՞ն է պետք այս ամենը, չէ՞ որ այդ ընկերությունն իր արտադրական ծավալներով, առանց այդ էլ, միակն է երկրի շուկայում, արտադրանքի սպառման դաշտի 80%-ը և ավելին իրենն է, նաև արտահանում է, այսինքն՝ փաստացի գերիշխող դիրք ունի:

– Փորձենք հիմնական փաստարկներն ի մի բերել, որպեսզի ընկալելի դառնա:

Կլինկեր ասված հումքը մենք ձեռք ենք բերում Իրանից, մինչդեռ շուկայում մյուս երկու մրցակիցները՝ «Արարատցեմենտն» ու «Հրազդանցեմենտը», արտադրում են՝ որպես հանքահումք: Իրենց փաստարկն այն է, որ, եթե կլինկերը չհարկվի պետական տուրքով, ապա իրենց գործարանը կփակվի: Նշվում է, որ թվով 20-30 նոր ընկերություններ կհիմնվեն կլինկերի նոր պետտուրքով չհարկման պարագայում: Այսօրվա օրենսդրության պայմաններում մենք շուկայում, փաստացի, միակն ենք, որ կլինկերի ներկրմամբ ցեմենտի արտադրություն ենք հիմնել: Այլ տնտեսվարող չկա շուկայում: Իսկ մի՞թե վատ կլիներ, եթե նոր ընկերություններ հիմնվեին, ու առողջ մրցակցային պայքարում դրանց գոյության իրավունքը որոշվեր, այլ ոչ թե՝ այս կամ այն ընկերությանն օրենսդրական առավելություններ շռայլելով:

– Այդքան հե՞շտ է կլինկեր ներմուծելն ու ցեմենտի արտադրություն հիմնելու գործընթացը:

– Չէ, բնականաբար հեշտ չէ, դրա համար ահռելի ֆինանսական ներդրումներ են պահանջվում, մասնագետների պրոֆեսիոնալ խումբ, շրջակա միջավայրի փորձագիտական գնահատման դրական եզրակացություն և էլի մի շարք գործոններ… Այս ամբողջ շղթան և շուկայի փոքր լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ ուղղակի իրատեսական չէ այն պնդումը, թե 20-30 նոր ընկերություններ կհիմնվեն դաշտում: Չնայած նորերի հիմնումը միայն ու միայն ՀՀ քաղաքացու շահերից կբխեր մրցակցային նոր պայմաններում. իսկ ինչո՞ւ ենք մենք այդքան սարսափում այդ մրցակցությունից…

Ի դեպ, հաշվի առեք, որ «Գաջ» ՓԲԸ-ն մինչ այդ, տասնյակ տարիներ գաջի արտադրությամբ էր զբաղվում, այսինքն՝ պայմանները կային, հետագայում 1.5 մլրդ դրամ ներդրումների միջոցով նոր հոսքագծեր ձեռք բերվեցին, ներդրվեցին լրացուցիչ ռեսուրսներ, և ցեմենտի արտադրություն հիմնվեց: Այսօր 120 աշխատուժով արտադրությունը ստաբիլ ռեժիմով աշխատում է, ունի զարգանալու տեսլական, բայց տնտեսվարողը դրան երկար տարիների ընթացքում պիտի հասնի:

– Քանի՞ տարի է՝ ցեմենտի արտադրություն ունեք, ի՞նչ ծավալների եք հասել, և արդյո՞ք արտադրության համար անհրաժեշտ մնացած բաղադրիչներն էլ են ներկրվում, միախառնվում կլինկերի հետ՝ ցեմենտ դառնալու համար:

– Մյուս բաղադրիչները տեղական արտադրության են, արտադրվում է մեզ մոտ գաջը, տեղական արտադրության գիպսն է և այլ նյութեր, դրանք հոսքագծերով միախառնվում են և վերջնական զանգված են դառնում: Նշեմ, որ բոլոր հետաքրքրվող անձանց հրավիրում ենք գործարան՝ արտադրական պրոցեսին ծանոթանալու, գործարանի հնարավորություները տեսնելու, պատրաստ ենք նաև փաստաթղթերը ներկայացնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Մենք, երրորդ տարին է, ինչ սկսել ենք ցեմենտ արտադրել, և մեր առավելագույն ծավալը 47 000 տոննա ցեմենտն է եղել, իսկ սա չափելի ծավալ չէ «Արարատցեմենտի» կողքին: Եվ եթե վիճակագրությունը համեմատեք, ապա կնկատեք, որ այս ընթացքում մենք փաստացի չենք հարվածել նրանց գործին, իրենք էլ այս շրջանում էականորեն արտադրական ծավալների աճ են գրանցել: «Արարատցեմենտն» այդ մտահոգության կարիքն էլ չունի, բացարձակ գերիշխող դիրք է զբաղեցնում շուկայում, և սա վկայում է այն մասին, որ գործարանն ուղղակի չի կարող փակվել երրորդ տնտեսվարողի ներկրած խիստ փոքրածավալ կլինկերի պատճառով: Իրականում նրանց ցանկությունն այն է, հավանաբար, որ այսօրվա գերիշխող դիրքից շուկայում մոնոպոլ դիրքի հասնեն: Իսկ մեր պետությանն արդյո՞ք պետք են հեգեմոններ… առանց այդ էլ՝ այսօր եղած ռեսուրսներով նույն այդ գերիշխող դիրքի հասած անձն իր լծակներով է սպառնում:

– Իսկ ինչո՞ւ փորձ չի արվել ներկրելու փոխարեն՝ այստեղից ձեռք բերել կլինկերը, այդ դեպքում գուցե «Արարատցեմենտի» հետ այս լարվածությունը բացառվեր:

– Մենք այնտեղից ձեռք բերելու համար պատճառներ ունենք։ Եթե հարմար պայմաններ առաջարկվեին, բնականաբար, ապա ձեռնտու տարբերակը տեղական արտադրողից օգտվելը կլիներ: Մենք այսօր էլ հայտնում ենք նույն պատրաստակամությունը։ Եթե օրենսդրությունը կարգավորվի և ձեռնտու առաջարկ արվի, բնականաբար, պատրաստ ենք համագործակցել:

– Իսկ ինչո՞ւ եք պնդում, որ չի կարող կլինկերի նկատմամբ պետտուրք սահմանվել, ի՞նչ հիմքով:

– Այո, մենք շարունակում ենք պնդել, որ կլինկերի նկատմամբ որևէ տուրք չի կարող սահմանվել, քանի որ այն իրենից հումք է ներկայացնում, ընդամենը բաղադրիչ է: Մենք այդպիսի քանի՞ անուն բաղադրիչ ենք ներկրում տարբեր ոլորտներում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե, օրինակ, կաթի փոշի ներկրելիս՝ կանխավ, այն որպես պանիր՝ պետական տուրքով հարկվեր, այն դեպքում, երբ կաթի փոշին, վստահաբար, վերջնական արտադրության 95%-ն է կազմում, մինչդեռ կլինկերը ցեմենտի 80%-ն է: Սա միակ օրինակն է, սակայն մենք, սննդից մինչև պլաստիկե կապսուլաներ և շինանյութ, կարող ենք անթիվ-անհամար օրինակներ բերել: Չկա տրամաբանություն՝ հումքը՝ որպես վերջնական արտադրանք, հարկելու պահանջի մեջ, նույնիսկ վիճարկելի չէ՝ կլիկերը հո՞ւմք է, թե՞ արտադրատեսակ: Եվ մեր գործող օրենսդրության մեջ դրա կիրառումը չկա մյուս բոլոր հումքերի պարագայում, հետևապես՝ այս դեպքում, եթե օրենքը կիրառվի, ուրեմն շղթայաբար պիտի այն տարածվի նաև մյուս բոլոր հումքերի վրա: Ի դեպ, հումքին վերաբերող օրենսդրության մեջ շատ դեպքերում պետությունը ոչ միայն պետտուրք, այլև մաքսատուրք չի սահմանում:

– Ժամանակին այս հարցերն ինչպե՞ս են կարգավորվել, այդ թվում՝ քաղաքական դաշտում, մինչ այս պահն ի՞նչ տուրքեր ունի կլինկերը:

– Այս խնդիրը չի եղել, ցեմենտը մաքսազերծվել է միշտ՝ հիմք ընդունելով մաքսազերծման հսկիչ գինը՝ 200 ԱՄՆ դոլար: Դա որոշակի զսպող ազդեցություն է ունեցել շուկայում: Բայց անցած տարի հունիսին՝ հեղափոխությունից հետո, մի պահ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) երկմտեց, փորձեց վերանայել այս մոտեցումը և սկսեց մաքսազերձել ձեռքբեման ինվոյսային արժեքի հիման վրա: ՊԵԿ-ում քննարկում կազմակերպվեց՝ բոլոր կողմերիս մասնակցությամբ, և արդյունքում որոշվեց՝ վերադառնալ նախկին դրությանը, քանի որ շարունակվելու դեպքում տեղական արտադրողներին սա մեծ հարված կլիներ: Մենք այն ձեռք ենք բերում Իրանից, հասցնում սահման, այնտեղ մաքսավճար ու մաքսատուրք տալիս, ԱԱՀ, և փոխադրում Երևան, այստեղ արդեն վերջնական արտադրությունից հետո ավելանում է շահութահարկը: Պնդում են, որ այս ամենին պետտուրք ավելացվի:

– Ցեմենտի գինը շուկայում այսօրվա դրությամբ ուռճացվա՞ծ է, թե՞ ոչ:

– Ես կդժվարանամ ստույգ պատասխան տալ, սպասենք ենթահանձնաժողովի քննարկումներին: Ես միայն կարող եմ ասել, որ «Գաջ» ՓԲԸ-ի արտադրած ցեմենտի մեկ տոննան 41.000 դրամ է, ներառյալ՝ ԱԱՀ-ն, «Արարտցեմենտինը», կարծեմ, 40.000 դրամ է՝ նախկինում ունեցած 50.000 դրամի փոխարեն: Ինչպես հիշում եք, նրանց կողմից հայտարարվեց, որ այս գնի իջեցումն ուռճացված գնի իջեցում չէ, քայլն արվել է տնտեսական հեղափոխությանը մաս կազմելու նկատառումով:

– Այսպես ասած՝ հակառակորդ կողմի պնդումներն այն են, որ կլինկերը ևս հանքանյութ է ու համարյա ցեմենտ, այն կազմում է վերջնական արդյունաբերական ապրանքի 90%-ը նույնիսկ, ուստի պիտի հարկվի:

– Ոչ, դրանք անհիմն հայտարարություններ են, իրականում զարգացած արտադրության մեջ կլինկերի տոկոսը ցեմենտի բաղադրության մեջ կարող է նվազել՝ մինչև 65 տոկոս կազմելով, բացեք և կարդացեք տեղեկատվական նյութեր, ի վերջո, Google-ում փնտրեք հումքի բացատրությունը, դրա կիրառելիությունը: Մեզ համար, ճիշտն ասած, այդ հայտարարությունը շատ զարմանալի էր, որ այդպիսի գիգանտ արտադրողների մոտ դեռևս կլինկերը կազմում է վերջնական արտադրանքի 90% բաղադրությունը… իսկ միգուցե դրա համա՞ր է իրենց ապրանքն այդքան թանկ արժենում:

– Դուք պնդում եք, որ կլիկերի վրա պետտուրք չսահմանելը պետության շահերից է բխում, իսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը»՝ իր 1200 աշխատատեղով, կանգնած է փակուղու առաջ։ Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ, եթե կլինկեր բերելն ավելի ձեռնտու է, ապա այսուհետ ինքը ևս կներկրի և չի արտադրի՝ արտադրության, հանքարդյունաբերության մեջ միլիոնավոր դոլարներ կորցնելով, և այս դեպքում նաև քիչ աշխատուժ կպահի: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն անհանգստություն հայտնեցին հանքարդյունաբերական գիգանտ արտադրողին արհեստականորեն կասեցման տանելու համար, այս սոցիալ-տնտեսական վակուումի փաստարկները, կարծում եք, համոզիչ չե՞ն։ Մի՞թե ներկրումը խոշոր գործարարի համար ավելի ձեռնտու չէ, և այս դեպքում նորից հարվածը փոքրին չի՞ լինի:

Ձեր այս հարցերի պատասխանները շուտով վերլուծություններով կներկայացնենք ԱԺ-ում, անձնական շահերի բախումից դուրս, առողջ վերլուծած, հիմնավոր թվերով կխոսենք, հանրությունն իրականում պիտի հասկանա, թե ի՞նչ է կատարվում ցեմենտի շուկայում: Մենք մինչև երկրորդ ընթերցում անցնելը՝ ԱԺ Տնտեսական մշտական հարցերի հանձնաժողովին խնդրել ենք, որպեսզի մեր կողմի ներկայացվածություն ապահովվի հաջորդիվ բոլոր քննարկումներին: Մենք ողջունում ենք ենթահանձնաժողովի ձևավորման քայլը և պատրաստ ենք մեր առաջարկներով մասնակցել՝ որպես շահագրգիռ կողմ։ Ինձ հետ միասին, հավանաբար, նաև Դավիթ Սեդրակյանը կմասնակցի խորհրդարանական քննարկումներին: Ակնկալում ենք, որ այս անգամ ըստ էության հարցը կքննարկվի, և բովանդակային կլինի բանավեճը:

– Ի՞նչ կասեք ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան-Մհեր Սեդրակյան հարաբերություների մասով: Ձեր ընդդիմախոսների կողմից վկայակոչվում են այս հարաբերությունները, և, որ ի շահ «Գաջ» ՓԲԸ-ի է ստեղծված իրավիճակում իշխանական «Իմ քայլը» դաշինքը պայքարում այսօր:

-Խնդիրն ի սկզբանե փորձ էր արվում այլ դաշտ տեղափոխել և շեղել հասարակության ուշադրությունը բուն խնդրից: «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժի գործիչները անձնավորում են հարցը, սլաքներն ուղղում են դեպի Մհեր Սեդրակյան, Արթուր Վանեցյան: Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունը շահարկելը, պարոն Վանեցյանին մեզ «կռիշ» կարգելու մանիպուլյացիոն գործիքներն այս միտումն ունեին, որ սպառողը շուկայի գնագոյացման թեմայից շեղվի, արդյունքում՝ ստորադասվեց նրա շահը: Եվ այս գործիքը մի քանի օր էֆեկտիվ կարծես ծառայեց:

– Այսինքն՝ Վանեցյանի հետ այդ հարաբերությունները չկա՞ն իրականում, և դուք հերքո՞ւմ եք, որ ԱԱԾ պետի հովանավորչությունն է Մհեր Սեդրակյանը վայելում, և, որ այս վիճահարույց օրինագծի համար իշխանական թևն ակտիվ պայքարում է հենց այս հաշվենկատությունից ելնելով:

– Հարաբերությունների մասին ես ոչինչ չեմ կարող ասել, չեմ մեկնաբանի երկու անձանց հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ՝ վստահեցնում եմ, եթե նույնիսկ այդ հարաբերությունները կան և շատ ջերմ են, միևնույն է, այսօրվա պայմաններում այդ հովանավորչությունն ուղղակի բացառված է:

Ինքներդ էլ հասկանում եք և այդ թեզը պնդող շատ ու շատ գործիչներ, որ հնարավոր չէ որևէ պաշտոնյայի «կռիշ» լինելը թաքցնել կամ ընդհանրապես՝ այսպիսի դրսևորումներ մեր օրերում: Ուղղակի բացառված է, և վերջ… Իրականում Արթուր Վանեցյանի անունն օգտագործվում է, որպեսզի իշխանությունը կաշկանդվածություն ունենա, որոշակի լարվածություն է ստեղծվում օրինագծի քննարկման փուլում, սա տեղեկատվական մանիպուլյացիա է, և ես չեմ կարծում, որ այսօրվա իշխանություններն այդ խայծը կուլ կտան: Վստահ եմ, որ կընդունվի մի օրենք, որը կբխի ՀՀ քաղաքացու և մեր երկրի տնտեսական շահերից:

– Այս երկու օլիգարխների՝ նախկին և ներկա իշխանական ազդեցիկ դեմքերի հարաբերությունների մասին ոչ մի վատ բան չի խոսվել մինչ օրս: Իրականում ինչպիսի՞ն են Գագիկ Ծառուկյան-Մհեր Սեդրակյան հարաբերությունները, ԱԺ-ում այս հեռակա փոխհրաձգությունների օրերին նրանք կոնտակտի դուրս չե՞ն եկել, չի՞ եղել որոշակի կոնսենսուս խնդրի շուրջ:

– Որքանով ես եմ տեղյակ՝ այդ հարաբերություններում, այո, լարվածություն չի եղել, և այսօր էլ, կարծում եմ, չկա: Տեղյակ չեմ, հանդիպում կամ հեռախոսազրույց եղե՞լ է նրանց միջև, թե՞ ոչ: Բայց մյուս կողմից՝ վստահ եմ, որ Մհեր Սեդրակյանը ձեռնպահ կմնա, նա իրեն դուրս է բերել քաղաքական դաշտից, այսօր որևէ գործունեություն չի ծավալում: Մհեր Սեդրակյանը չի միջամտում նաև «Գաջ» ՓԲԸ-ի գործունեությանը, արտադրությունը լիովին որդու՝ Դավիթ Սեդրակյանի տիրույթում է, ինքն է բիզնես գործունեության ամբողջ պատասխանատուն:

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրինագիծն ԱԺ-ի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ առանց խորն ուսումնասիրության և ծանրակշիռ հիմնավորումների: Կողմ է քվեարկել թվով 78 պատգամավոր, դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։ Հիշեցնենք, որ այս նախագծով Հայաստան ներկրվող ցեմենտի վրա 22 հազար դրամ պետական տուրք է դրվում։ Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս