Բաժիններ՝

«Մեր կորուսյալ հայրենիքում ապրող ծպտյալ հայ ընտանիքներին Հայաստանը պետք է ականջալուր լինի». Պոլսահայ երգիչ

«Որպես Թուրքիայում ապրած մարդ, այո՛, հավատում եմ, որ հնարավոր է բարեկամանալ։ Բայց կա մի մեծ բայց… 1915 թվականին և նրանից առաջ ու նրանից հետո կատարված շարունակության ճիշտ անվանումը հստակացնել… եթե իրենք կարողանան ինձ հետ նույն անվանումը տալ ու հավատալ իմ ցավին ու իմ իրողությանը, ինչո՞ւ ոչ, կբարեկամանանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլից 1999 թվականին Հայաստան եկած ու այն այլևս չլքած բանասեր, օպերային երգիչ Պողոս Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է առանց նախապայմանների սահմանի բացմանը՝ նկատեց.

«Առանց նախապայմանների՝ ոչ մի դուռ բացել… բայց իմ նախապայմանը Թուրքիայից չէ, այլ իմ Հայրենիքից՝ Հայաստանից է. այն պետք է տնտեսապես ոտքի կանգնեցնել և հետո մտածել սահմանի բացման մասին։ Անշուշտ, սա միակ պայմանը չէ, սակայն ամենակարևորն է այս դեպքում, քանի որ նրա հետ շաղկապված ամեն ինչ բարգավաճելու է, և դու կարող ես հանգիստ բացել քո դուռը…»։

«Մեր ընտանիքի ցեղասպանության պատմությունը դժբախտաբար ինձ չի հասել, այդ ուղղությամբ պրպտումների մեջ եմ, բայց միայն մի բան կուզեմ ավելացնել. այսօր մեր կորուսյալ հայրենիքում ապրող ծպտյալ հայ ընտանիքներին Հայաստանը պետք է ականջալուր լինի: Նրանք ոչ իրենց կամքով դավանափոխվեցին, ոչ իրենց կամքով հայրենազուրկ դարձան և ոչ իրենց կամքով որբացան… Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ եթե քրիստոնյա չեն, ուրեմն հայ չեն, այս մոտեցումը մեզ պառակտելուց ու թուլացնելուց բացի՝ ոչ մի օգուտ չի տա։ Այսօր Հայաստանում հակաքրիստոնեական շատ ավելի մեծ հոսանքներ կան, քան այդ մարդկանց ակամա որդեգրած ճակատագիրն է»,- եզրափակեց Պողոս Եղիազարյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս