«Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիրը կստանա 1 միլիոն դոլար
«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա երեք հերոսներն են մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա Ալ-Սարարին:
Այս մասին հայտնեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը՝ ավանդույթի համաձայն՝ ապրիլի 24-ին կազմակերպված ասուլիսում։
«Հանձնաժողովի համար ընտրությունը դժվար է եղել, բայց նրանք առանձնացրել են երեք անուն: Առաջինն է Միրզա Դինային` «Օդային կամուրջ Իրաք» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար: Երկրորդ թեկնածուն է փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան` «Futureprowess» իսլամական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար: Երրորդ թեկնածուն է փաստաբան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա Ալ-Սարարին»,- հայտնեց Աֆեյանը:
Աֆեյանն ու Վարդանյանը ներկայացրեցին հերոսների կարճ կենսագրությունները։
Աֆեյանի խոսքով` Հուդա Ալ-Սարարին հետաքննել և բացահայտել է Եմենում գոյություն ունեցող գաղտնի ցանցը, որտեղ կամայականորեն անազատության մեջ են պահում, խոշտանգում հազարավոր տղամարդկանց և տղաների: Ալ-Սարարին այդ ապացույցներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունների` բարձրաձայնելով Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մասին։
Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց մյուս թեկածուին՝ Միրզա Դինային, ով «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության հիմնադիրն է և օգնում է Իրաքում տուժած եզդիներին` նրանց օդային ճանապարհով տեղափոխելով Գերմանիա՝ ցուցաբերելով անհրաժեշտ բժշկական օգնություն: Բժիշկ Դինային օգնել է Իսլամական պետության տարածքներից դուրս բերելու հարյուրավոր կանանց և տեղափոխելու նրանց անվտանգ վայր:
Երրորդ հերոսին` Զանա Բուկար Մուստաֆային ներկայացնելիս Աֆեյանը տեղեկացրեց, որ նա փաստաբան է և հիմնադրել է «Futureprowess» իսլամական հիմնադրամն ու հիմնադրամի երկու դպրոցները, որոնք կրթություն, անվճար սնունդ և առողջապահական ծառայություն են տրամադրում Նիգերիայի քաղաքներից մեկի՝ կարիքի մեջ գտնվող երիտասարդներին: 2016-ին նա բանակցել է մի ահաբեկչական կազմակերպության հետ և օգնել է ազատ արձակել հարյուրից ավելի երեխաների, մասնավորապես՝ աղջիկների:
Ի դեպ, դափնեկիրը հայտնի կդառնա 2019թ. հոկտեմբերին՝ առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում: Դափնեկիրը կստանա 1 միլիոն դոլար մրցանակ: Ինչպես տեղեկացրեց Ռ. Վարդանյանը, 2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ:
Համահիմնադիրները պատասխանեցին նաև լրագրողների հարցերին։
Արձագանքելով 168.am-ի հարցին, թե որն է այս մրցանակաբաշխության արագ միջազգայնացման ֆենոմենը՝ հաշվի առնելով ընտրող հանձնաժողովում և բարի կամքի դեսպանների թվում ավելացող ազդեցիկ ու հանրաճանաչ անունները, և արդյո՞ք նախաձեռնության սկզբում հավատում էին, որ այսքան արագ ճանաչում կունենան՝ Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ երբ սկսում էին այդ ծրագիրը, անհանգիստ էին։ Ըստ նրա՝ մրցանակաբաշխությունն արագ արձագանք գտավ, քանի որ վերջին հինգ տարիները դժվար տարիներ էին աշխարհի համար, ու մարդիկ զգացին պահանջը։
«Ոչ թե հարուստ ազգ, որն արդեն ամեն ինչի հասել է ու օգնում է ուրիշներին, այլ ազգ, որ ինքն է անցնում դժվար վերականգնման ճանապարհ ու փորձում է ասել «շնորհակալություն» և օգնում է շատերին»,- Վարդանյանն ընդգծեց իրենց մոտեցման եզակիությունը։
«Թուրքերը տալիս էին մահ, մենք պետք է տանք կյանք, մեզ բաժանում էին, պետք է միանանք այսօր, մենք սոված էինք, հիմա ուրիշներին պետք է տանք սնունդ, մեզ վախեցնում էին, հիմա ուրիշներին պետք է տանք քաջություն. Եթե այդ հակառակորդ քայլերն անենք. Աշխարհը կտեսնի՝ ինչի դեմ ենք դիմադրում»,- հետաքրքիր ուղերձով իրենց հաջողության բանաձևն ամփոփում է Աֆեյանը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, որոնք մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը:
Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան, Հայաստան):
Նախորդ տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին և հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների համար։ 2017 թվականին «Ավրորա» մրցանակ է շնորհվել բժիշկ Թոմ Քաթինային: Իսկ «Ավրորա» 2016թ. մարդասիրական նախաձեռնության դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն:
ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ