«Նոր իշխանությունների հետ աշխատելիս բացարձակ անհարմարավետություն չեմ զգում». ՍԴ նախագահ
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքով՝ ի պաշտոնե չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհալածյալ է։ Այս մասին նա ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։
Նաև նաև նշեց, որ ի պաշտոնե չի կարող ասել, թե արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ կան։
Հարցին՝ ՍԴ-ի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասնագիտական որակներն ինչպե՞ս է գնահատում, նա պատասխանեց. «Բավարար՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու համար»։
«Ազգային ժողովն ում ընտրի, նրա հետ էլ կաշխատեմ, իսկ նոր իշխանությունների հետ աշխատելիս բացարձակ անհարմարավետություն չեմ զգում։ Արդեն անցել է իմ պաշտոնավարման մեկ տարին, և ինչ-որ պահի ես հրաժարական չեմ տա, այնպես որ, այդ հարցը, կարծում եմ՝ պետք է հանեք»,- նշեց Հ. Թովմասյանը։
Հաջորդ հարցին՝ իշխանություններն իր հետ քննարկե՞լ են սահմանադրական փոփոխությունների հարցը, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ իր պաշտոնում չպետք է մասնակցի նման փոփոխությունների։
«Հաշվի առնելով, որ նախորդ սահմանադրական փոփոխությունների ակտիվ մասնակիցն եմ եղել, չեմ կարող այդ զգացողությունը բացատրել, բայց մի փոքր այլ է, երբ դու այդ ամենին կողքից ես նայում։ Ես սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն՝ նույնպես։ Ընտրական օրենսգրքի երկու համակարգերն էլ՝ մեծամասնականը և համամասնականը, կարևոր են, մեծամասնականի դեպքում առաջնահերթությունը տրվում է թեկնածուին և երկրորդ պլան է մղվում նրա կուսակցական պատկանելությունը, իսկ համամասնականի դեպքում առաջանում է մեծ անջրպետ բնակչության և թեկնածուի միջև, մեծամասնականն այդ հարցը լուծում է»,- հավելեց Հրայր Թովմասյանը։
Զվարթ Խաչատրյան