Կառավարությունը 30 օր ժամանակ է ուզել՝ պատասխանելու՝ վառելիք խնայե՞լ են, թե՞ ոչ. «Փաստինֆո»
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին իր ֆեյսբուքյան էջում գրառել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը 70%-ով կրճատվելու է։ Նույն գրառման մեջ նշված էր նաև ավտոմեքենաների ցանկ, որը նախատեսված էր հերթապահ ծառայություն մատուցելու համար։ Էդուարդ Աղաջանյանը նշել էր, որ դրանք այն ավտոմեքենաներն են, որոնք միայն աշխատանքային այցերի նպատակով սպասարկում են վարչապետի աշխատակազմի անխտիր բոլոր աշխատակիցներին ։
Ապրիլի 15-ին «Փաստինֆո» գործակալությունը հարցում ուղարկեց Էդուարդ Աղաջանյանին՝ տեղեկանալու քանի ավտոմեքենա է կրճատվել, և որքան վառելիք է խնայել կառավարությունն այս ընթացքում։
Մասնավորապես խնդրել էինք տեղեկացնել այն մասին, թե 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ վարչապետին և կառավարությանը սպասարկող քանի ծառայողական մեքենա է եղել, ում է սպասարկել և ամսական որքան վառելիք է օգտագործվել։ Խնդրել էինք ասել նաև, թե ապրիլի 1-ի դրությամբ քանի ծառայողական ավտոմեքենա կա, ում է սպասարկում և յուրաքանչյուրին որքան վառելիք է ամսական հատկացվում, ում են սպասարկում հերթապահ մեքենաները եւ նրանց համար որքան վառելիք է խնայվում։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղարկած հարցման միջոցով փորձեցինք հասկանալ նաև՝ ինչպիսին է հերթապահ ավտոմեքենաներից օգտվելու պայմանները, արդյոք հաստատվել է հերթապահ մեքենաների շահագործման կարգը՝ խնդրելով մեզ տրամադրել այդ կարգի պատճենը։
ՀՀ կառավարությունը 5-օրյա ժամկետում չպատասխանեց մեր այս հարցերին։ Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար կառավարությանն անհրաժեշտ է 30 օր, թեեւ թվում է, որ նախքան հերթապահ մեքենաներ գործարկելը պետք է որ մշակված լիներ նաեւ դրա օգտագործման կարգը։ Ավելին՝ վառելիքի հատկացումը եւս պետք է իրականացվեր հաստատված ակտի հիման վրա։