
«Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում պաշտպանել նրա թեկնածությունը». Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախստանցիներին խնդրել է պետության ղեկավարի ընտրություններում պաշտպանել հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին Nur Otan կուսակցությունից։
Ապրիլի 23-ին Նուր Սուլթանում տեղի է ունենում Nur Otan կուսակցության համագումարը, կուսակցություն, որի նախագահը Նազարբաեւն է: Նա առաջարկել է նախագահի պաշտոնի համար առաջադրել Տոկաեւի թեկնածությունը: Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին:
«Ես կշռադատված որոշում եմ ընդունել, ուստի հայտարարում եմ՝ վստահ եմ, որ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն այն մարդն է, որը լիովին կհետեւի բոլոր ղազախստանցիների բարեկամության եւ հավասար իրավունքների քաղաքականությանը: Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում պաշտպանել նրա թեկնածությունը: Դա անսխալ որոշում կլինի»,- ասել է Նազարբաեւը՝ ելույթ ունենալով համագումարում:
Ղազախստանը գրեթե 30 տարվա ընթացքում գլխավորած Նազարբաեւը երկրի նախագահի լիազորությունները վայր է դրել մարտի 20-ին: Պետության ղեկավար է դարձել Տոկաեւը, որը մինչ այդ երկրի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահն էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: