ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծին:
Նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պարզաբանեց, թե ում է տրամադրվելու աջակցությունը:
«Աջակցության տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»,- ասաց Նազարյանը:
Լենա Նազարյանը հավելեց, որ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:
«Աջակության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, որը պետք է լինի 3 ամսվա ընթացքում: Իսկ քաղաքացիներն աջակցության համար կկարողանան դիմել 3 տարվա ընթացքում»,- նշեց Լենա Նազարյանը:
ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ կարող է խոսք լինել ոչ միայն ֆինանսական, այլև այլ տեսակի օժանդակության մասին, որովհետև կան մարդիկ, ովքեր առողջական, հոգեբանական խնդիրներ ունեն: