Բանակցությունների շարունակականությո՞ւն, թե՞ կարգավորում. ո՞րն է բանակցային գլխավոր օրակարգը

Չնայած օրերս ՀՀ ԱԳՆ-ն հերքեց ապրիլի 15-ին Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով-Լավրով ձևաչափով հանդիպման ընթացքում 2016թ. ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները քննարկելու մասին ադրբեջանական կողմի շրջանառած տեղեկատվությունը, փորձագիտական հանրության մի ստվար հատվածի համար ակնհայտ է, որ կողմերն ինչ-որ հարցերի շուրջ միմյանց դիրքորոշումներին են ծանոթանում, ինչպես հայկական կողմն է պնդում, փորձում է դիտարկել կարգավորման ինչ-ինչ տարբերակներ։ Սրանով, ըստ այդ վերլուծությունների, ներկայիս կարգավորման օրակարգը միայն հումանիտար պրոյեկտներ իրականացնելու պայմանավորվածություններով չի սահմանափակվում։

Սակայն օդում կախված հարցերը չափազանց շատ են, հատկապես, երբ գործընթացում ներգրավված երկու կողմեր, այս դեպքում՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, ԱԳ նախարարների մակարդակով պնդում և ակնարկում են, որ քննարկվել են կարգավորման փաթեթներ կամ ինչ-որ առաջարկներ։

Որոշ պնդումների համաձայն՝ կրկին բանակցային սեղանին է դրվել Լավրովի ծրագիրը, ինչը, սակայն, հերքվեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կողմից: Կան նաև վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ կրկին քննարկվում են Կազանի առաջարկները, իսկ ոմանց պնդմամբ՝ կան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միացյալ առաջարկներ, որոնց ուղղությամբ Ռուսաստանն աշխատում է։

Սակայն կա նաև ձգտում՝ հավասարակշռել ՌԴ դիվանագիտական ակտիվությունը բանակցային գործընթացում։ Հայտնի դարձավ, որ մոսկովյան հանդիպմանը հաջորդել է ԱՄՆ առաջարկը՝ նախարարների հանդիպում կազմակերպել Միացյալ Նահանգներում։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը չողջունեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտնած տեղեկատվությունն այս հրավերի մասին, սակայն նաև չհերքեց՝ պնդելով, որ հանդիպումների մասին հայկական կողմը տեղեկացնում է բոլոր համաձայնեցման աշխատանքներից հետո։

Մեզ հետ զրույցում ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ակնհայտ է՝ չկա համաձայնեցված բովանդակային բանակցային օրակարգ կողմերի միջև, այլապես ինչո՞ւ պետք է կողմերն իրականացնեին հումանիտար նախաձեռնություններ, կունենային բովանդակային քննարկումներ։ Նրա ենթադրություններով՝ այն, ինչ կարող է տեղի ունենալ, քննարկումներ են ընդհանուր առաջարկների շուրջ, որոնք հրապարակվել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, որոնք հիմք են եղել բոլոր տարբեր փաթեթների համար։ Կողմերից մեկը, ըստ նրա, դա կարող է որակել՝ որպես ռուսական կամ արևմտյան փաթեթ, էականն այն է, որ բոլոր կողմերը համաձայնեցված խոսեն այդ մասին։

«Ռուսական կողմը չի հաստատել Ադրբեջանի հայտնած դիրքորոշումը, պարզապես լռել է այդ հարցով, ապա ներկայացրել ընդհանուր սկզբունքները, որոնց աջակցում են համանախագահ բոլոր երկրները։ Երբ փաթեթը հասնում է մի փուլի, երբ պետք է քննարկվի արդեն ղեկավարների մակարդակով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, նշանակում է, որ, եթե նույնիսկ այն որևէ առանձին երկրի ջանքերի արդյունքում է փաթեթավորվել և մշակվել, կտրված չէ մյուս համանախագահներից։ Ուստի, եթե խոսվել է կամ խոսվում է առաջարկների մասին, որոնք չեն հասնում այդ փուլին, անիմաստ է խոսել դրանց առկայության կամ առանձին երկրի ակտիվության հետևանքով այդ երկրի շահերի առաջմղման և մյուս կողմերի շահերի ստորադասման մասին։

Ներկայիս գործընթացում չկա այս ուղղությամբ կայուն օրակարգ, իմ տպավորություններով՝ կան քննարկումներ, դա չեն հերքել իրենք՝ կողմերը, բայց կան նաև խոչընդոտներ այդ բանակցությունների համար, քանի որ հայկական կողմը շարունակում է պահանջել Ստեփանակերտի մասնակցություն: Ուստի ներկայումս տեղի ունեցողը չի կարող լինել ավելին, քան ծանոթությունն է դիրքորոշումներին, քննարկումը, այլապես դա կարող է դիտարկվել՝ որպես հրապարակային պահանջներից հրաժարում։

Սակայն գործընթացն ամբողջությամբ թափանցիկ չէ մեզ համար, մենք կարող ենք միայն մեր տպավորություններով և ենթադրություններով կիսվել։ Ակնհայտ է նաև մեկ այլ հանգամանք, որ սա երկարատև և բարդ հակամարտություն է, ինչպես նմանատիպ բոլոր հակամարտությունները, յուրաքանչյուր հակամարտություն իր նրբություններն ու մոտեցումներն ունի, երկար ժամանակ է հարկավոր փոխընդունելի լուծումներ մշակելու և գործընթացը խաղաղ կարգավորելու համար»,- ասաց նա։

Նրա կարծիքով՝ այս կամ այն փաթեթները, որոնք քննարկվել են՝ որպես կարգավորման պլան, քիչ են տարբերվել միմյանցից։ Նա նշեց, որ այս փուլում հումանիտար ծրագրեր իրականացնելու հարցում համաձայնությունը երաշխիք է, որ հակամարտության գոտում իրավիճակը համեմատաբար խաղաղ կլինի։

«Վերջին հանդիպումը միայն սրանով է տարբերվում նախորդներից, մնացած բոլոր հարցերում ոչինչ չի փոխվել, և իրավիճակը՝ և բանակցություններում, և սահմանին, փխրուն է»,- ասաց նա։

Իր հերթին՝ ռուս մեկ այլ վերլուծաբան՝ Ֆյոդոր Լուկիանովը, ասաց, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը, լինելով դիվանագետ, հստակ մեկնաբանել է այս հարցի շուրջ առկա տեղեկությունները, որոնցից ակնհայտ է դարձել, որ, եթե նույնիսկ քննարկվել է ռուսական կողմի առաջարկած փաթեթ, ապա դրանում ներառված են եղել ընդհանուր առաջարկներ։ «Բայց ներկայումս չեմ կարող պնդել, թե որքանով է տեղին խոսելն այդ մասին, քանի որ ռուսական կողմը լռեց այդ հարցով։ Կարող ենք հիշել, թե որքան քննարկումներ են եղել այս կամ այն փաթեթների բանակցելու վերաբերյալ, որոնք այդպես էլ պաշտոնական ընթացք չեն ստացել, այլ մնացել են՝ միայն որպես տեղեկություն։ Ունենք փաստ, որ նախարարները հանդիպել են, համաձայնել իրականացնել մարդասիրական քայլեր՝ փոխելու իրավիճակ հանդիպումների մթնոլորտում, հասարակությունների միջև, սա դրական քայլ է, պետք է արձանագրել։

Պետք է արձանագրել նաև, որ սա երաշխիք չէ, որ հետագա բանակցություններն անպայմանորեն դրական հունով են ընթանալու։ Բայց կարևոր է, որ ժողովրդական դիվանագիտությունն աշխատի նման հակամարտություններում, դա դրական կարող է անդրադառնալ։ Կարծում եմ՝ երբ կողմերը որոշակի համաձայնեցված կարծիքներ ունենան կարգավորման վերաբերյալ, այն կարտացոլվի ՄԽ հայտարարություններում և ղեկավարների հայտարարություններում։

Այս պահին կա գործընթաց, որը դրական է, եթե հաշվի առնենք, որ լինում են դրա բացակայության փուլեր, կա նաև որոշակի քայլ առաջ՝ ոչ բուն կարգավորման ուղղությամբ։ Ներկայիս իրադրությունն ունի զարգացման երկու հնարավորություն, կարող է այս ամենը դրական անդրադառնալ, բայց նաև հնարավոր է՝ ոչ, ինչպես միշտ, քանի որ զիջումների դեռ պատրաստ չեն կողմերը, ուստի կարող են ժամանակ շահել նման պրոյեկտներով գործընթաց իրականացնելով, մինչև որ կլինեն առաջընթացներ կողմերի դիրքորոշումներում»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Վաշինգտոնի՝ հանդիպում անցկացնելու նախաձեռնության մասին խոսակցություններին, նա նշեց, որ, ինչպես համանախագահ Մոսկվայի դեպքում, որը հաճախ է հանդես եկել նախաձեռնություններով, այնպես էլ դրական կլինի, որ համանախագահ բոլոր երկրներն ակտիվություն ցուցաբերեն և գործեն համաձայնեցված, քանի որ գործընթացը կտուժի, երբ երկրներից յուրաքանչյուրն իր օրակարգով հանդիպումներ անցկացնի։ «Նման վտանգ ներկայումս չեմ տեսնում, բայց կարևոր է, որպեսզի համանախագահներն ունենան նույն օրակարգը։ Ավելին ասեմ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մյուս համանախագահները հասկանում են, որ ՌԴ-ն ունի որոշակի դիրք, ազդեցություն, և ժամանակ առ ժամանակ տալիս են հնարավորություն՝ օգտագործելու այդ ազդեցությունը, որից հետո նաև շտապում են այն հավասարակշռել»,- ասաց նա։

Նրա կանխատեսումներով՝ առաջիկայում հանդիպումները կշարունակվեն նույն ինտենսիվությամբ և ոգով։ «Կարևոր է, որպեսզի այս հանդիպումները կողմերին ետ պահեն կոշտ քայլերից շփման գծում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս