Բաժիններ՝

«Մենք Հայաստանը պատկերացնում ենք՝ որպես բարձր որակավորման աշխատուժի երկիր». Նիկոլ Փաշինյան

«ՀՀ տնտեսության տեսլականը հետևյալն է՝ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի: Մեր պատկերացումը հետևյալն է՝ 10 տարվա արդյունքով ՀՀ 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի, ի տարբերություն այսօրվա, որ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական, կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերության ոլորտում:

Երբ ասում ենք, որ տեխնոլոգիաները պետք է դառնան տնտեսության շարժիչ ուժը, նկատի ենք ունենում փափուկ կամ soft տեխնոլոգիան, այնպես էլ՝ ավելի առարկայական, շոշափելի կամ, ինչպես ընդունված է ասել՝ hard տեխնոլոգիաները: Հենց այս տրամաբանության մեջ պետք է կառուցենք ապագա տնտեսական հեղափոխության մասին մեր պատկերացումները: Մենք Հայաստանը պատկերացնում ենք՝ որպես բարձր որակավորման աշխատուժի երկիր: Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից»,- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կրթության ոլորտում պետք է ունենանք լուրջ բարեփոխումներ, ուսանողները պետք է բարձր որակավորում, մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան:

«Մեր տեսլականն այն է, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, որի կարևոր գործիքներից մեկը ՀՀ հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է՝ նախապայմանով, որ եկամտահարկն առաջիկա 3-4 տարիների ընթացքում մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի: Այսպիսով, կարծում ենք, որ խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը, կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով՝ նկատի ուեննք ոչ միայն՝ տեխնոլոգիական ոլորտը, այլև այն, որ հույս ունենք՝ ՀՀ-ում բորսայական համակարգն առաջիկայում էականորեն կզարգանա: Մենք փորձում ենք ՀՀ-ում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա: Որոշակի կարգավորումներով կփորձենք խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի գնան այդ ճանապարհով: ՀՀ-ում բանկային համակարգը կայացած է, բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտում ևս աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա, բարեկեցության որոշակի մակարդակ:

«Ինչ վերաբերում է մեթոդին, ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիների տնտեսական գործունեությունը խրախուսելը, յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը»,- հավելեց ՀՀ վարչապետը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս