«Առնվազն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը վկայում է, որ ՀՀ-ում կա քաղաքական հիմքով հետապնդվող քաղաքական գործիչ». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերին, հայտարարեց, թե ՀՀ վարչապետը մի քանի «ստեր» է հայտարարել իր եթերի ընթացքում:
Նրա խոսքով՝ Փաշինյանի «ստերից» մեկն այն է, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական վրեժխնդրություն չկա:
«Առնվազն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը վկայում է, որ ՀՀ-ում կա քաղաքական հիմքով հետապնդվող քաղաքական գործիչ: Այլ գործիչներ եւս կան: Իմ ընկալմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հալածյալ է: Հետեևբար, Փաշինյանի կողմից քաղաքական համերաշխության մասին խոսելը նույնպես մանիպուլյացիոն ստերի դաշտից է»,- ասաց Աշոտյանը:
Ըստ նրա՝ «ստերից» մեկն էլ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ ասելով. «Ասում է, թե ՀՀ-ն խորացրել է հարաբերություններն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի հետ: Հիշեցնեմ Եվրամիության առնչությամբ իր խոսքերը: Երբ նա մեկնեց Բրյուսել, օդանավակայանում ասուլիսով հանդես եկավ եւ եվրոպացիների վրա մուննաթ եկավ՝ ասելով, որ նրանք չեն բավարարում իր ակնկալիքները եւ չեն ֆինանսավորում իշխանափոխությունը ՀՀ-ում:
Այդ ո՞նց են խորացել հարաբերությունները ԵՄ-ի հետ, երբ անգամ դուք, պարոն Փաշինյան, խոստովանում եք, որ դժգոհ եք ԵՄ-ից: Էլ չասեմ, որ ոչ համաձայնագիրն եք կյանքի կոչել, ոչ աշխատանքային ծրագիրը կա՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Փաշինյանն ասում է, թե խորացրել է հարաբերությունները ռուսների հետ:
Հիշեցնեմ, որ երբ նա մեկնել էր ՌԴ եւ ՀՀ-ի անունից ստանձնում էր Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահության հերթը, ասաց, որ իրեն անգամ ՌԴ պաշտոնական այցով չեն հրավիրում՝ «դե կհրավիրեն, կգամ»… այսինքն, դուք մեկ տարվա վարչապետ եք, բայց ձեզ ՀՀ ռազմավարական դաշնակիցն ու թիվ մեկ գործընկերը, ում հետ իբրեւ թե խորացրել եք հարաբերությունները, ձեզ չի հրավիրում պաշտոնական այցով: Շատ տարակուսելի խորացում է հարաբերությունների: Իմ դիվանագիտական եւ միջազգային հարաբերությունների ոլորտներում մեծ փորձով հանդերձ՝ զարմանում եմ, թե ինչպես եք այդ հարաբերությունները խորացրել նման պայմաններում»: