
«Էդ Կարաբինան կրթության նախարարի մոտ ի՞նչ էր քննարկում, բարձրագույն կրթության խնդիրնե՞րը». Էդուարդ Շարմազանով

«2018 թվականի մայիսից իմ անհանգստությունն եմ բարձրաձայնել՝ Հայաստանում համասեռամոլության քարոզի հետ կապված։ երբ Շուռնուխում համասեռամոլության լկտի քարոզ էր տեղի ունենում, ՀՀ իշխանությունը լռեց, երբ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության բաժանմունքի վրա և ապտակեցին ոստիկանին, Փաշինյանը, որը հայտնի էր իր աննպատակ սելֆիներով և լայվերով՝ կրկին լռեց։ Երբ ԿԳ նախարարը, որը Փաշինյանի աջ կամ ձախ հենարանն է, ընդունեց հայտնի Կարաբինային, որը հայտարարեց, թե բավարարված է հանդիպումից, որևէ մեկը չասաց՝ լավ, ի՞նչ եք քննարկել, որ բավարարված եք։ Էդ Կարաբինան կրթության նախարարի մոտ ի՞նչ էր քննարկում, բարձրագույն կրթության խնդիրնե՞րը, մեր երեխաների սեռական դաստիարակության խնդիրնե՞րը, լավ, ի՞նչ»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հոգևոր անվտանգության հարցերին ու ավանդական արժեքներին։
Անդրադառնալով ապրիլի 5-ին ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Փաշինյանը չի պատասխանել իր բարձրացրած հարցին՝ կո՞ղմ է ԱԺ բարձր ամբիոնից տրանսգենդերի քարոզին, թե՞ ոչ։
«Ուզում եմ իմ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից իմանալ, որը ծնվել և մեծացել է ավանդական ընտանիքում, մեր ավանդական Իջևանում, և իրեն համարում է Առաքելական եկեղեցու հետևորդ, կո՞ղմ է, թե՞ դեմ տրանսգենդերի քարոզին ԱԺ ամբիոնից»,- եզրափակեց է. Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան