
Առաջնագիծը կհամալրվի ևս 300 ջրի ուսապարկով

ՀՀ-ում գործող «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջնագծի համար ջրատար ուսապարկեր գնելու նպատակով ընթացիկ տարվա հունվարի 28-ին մեկնարկել էր դրամահավաք, որն արդեն ավարտվել է:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը` մանրամասնելով, որ մարտի 15-ին ավարտված դրամահավաքին մասնակցել են ՀՀ-ից, Արցախից և Սփյուռքից:
«Մեր բանակցությունների արդյունքում Չինաստանում գործող ընկերությունից ուսապարկերը կգնենք զեղչված գնով: Պատվիրել ենք 300 հատ ջրի ուսապարկ: Չնայած սկզբում նախատեսել էինք գնել նվազագույնը 50 հատ, բայց հավաքված գումարով ու արված զեղչերով հնարավոր է եղել պատվիրել 6 անգամ ավելի շատ: Բեռնափոխադրումը Չինաստանից Հայաստան կիրականացնի «Գլոբբինգ» ընկերությունը: Նշենք, որ «Գլոբբինգ»-ը հայ զինվորի համար բերվող ջրի ուսապարկերի օդային առաքումը կիրականացնի բացարձակ անվճար»,- նշել է Դ. Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մոտ 2-3 շաբաթվա ընթացքում ջրի ուսապարկերը կլինեն Հայաստանում: Ի դեպ, կազմակերպությունը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև 2018 թ.-ի օգոստոսին՝ Արցախի մի քանի զորամասերի համար գնելով շուրջ 60 ուսապարկ: