Բաժիններ՝

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Արցախում ճշտում է առաջիկա խաղերի հետ կապված անելիքները

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Արցախում է: Ստեղծագործական խումբը տեղում է ճշտում անելիքները: Ինչպես տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից, Իշխան Զաքարյանի խոսքով՝ ամառային խաղերը կանցնեն բարձ մակարդակով: Դրանք Արցախում անցկացնելու առաջարկը կոմիտեն ընդունել է միաձայն:

«Արցախում անցկացնելն ունի նաև այն նշանակությունը, որ համահայկական խաղերի նշանաբանը՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնությամբ, սպորտի միջոցով միասնականությամբ, համերաշխությամբ սիրո գաղափարների տարածումն է, թևածումը ամբողջ համայն հայության շրջանում», -ասում է Կոմիտեի նախագահը:

Համահայկական ամառային խաղերին այս տարի կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում: Մինչ այդ կկահավորեն դահլիճներն ու մարզահրապարակները:

Խաղերի գլխավոր մրցավարը Դերենիկ Գաբրիելյանն է : «Ինձ բախտ է վիճակվել շատ մրցումներում լինել գլխավոր մրցավար: Եվ աշխարհի առաջնությունների և Եվրոպայի, եղել եմ օլիմպիական խաղերի լավագույն մրցավար, բայց ես համարում եմ, որ իմ այս տարիքում ամենամեծ պատիվն է ինձ համար այստեղ լինել գլխավոր մրցավար իմ հայրենիքում՝ Արցախում» – ասում է Գաբրիելյանը:

«Կարծում եմ ոչ միայն համահայկական խաղերի առումով, այլ ընդհանրապես, ցանկացած միջոցառում, ցանկացած ծրագիր, ցանկացած խնդիր լուծելու, քննարկելու, անելու առումով մենք ամենևին առաջնահերթ չպիտի համարենք պայմանները: Առաջնահերթ պիտի համարենք գաղափարը, ցանկությունը, տրամադրվածությունը, բոլորիս կողմից միահամուռ աշխատանքը: Այդ դեպքում մենք կունենանք շատ լավ արդյունք», – ընդգծում է Իշխան Զաքարյանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպիչները Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Առաջին աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ֆեդերացիաների ներկայացուցիչներն ու շահագրգիռ մարմինների պատասխանատուները:

Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի կնշվի խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս