«Սերժ Սարգսյանը կխոսի և կխոսի ոչ մեկ անգամ». Շարմազանով
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2019 թվականին կխոսի և կխոսի ոչ մեկ անգամ։
«Շատ ուրախ եմ, որ պարոն նախագահի խոսքի սպասումն ու անհրաժեշտությունը մեծ է, և հաշվի առնելով հանրության մոտ առաջացած այս սպասելիքները՝ ասում եմ՝ 2019 թվականին պարոն նախագահը կխոսի և կխոսի ոչ մեկ անգամ։ Նա մեր կուսակցության առաջնորդն է և ակտիվ մասնակցում է բոլոր քաղաքական գործընթացներին։ Պարզապես ամեն մեկը պետք է խոսի, երբ գտնի, որ դրա ժամանակն է, երբ ժամանակը գա՝ նախագահը կխոսի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը։
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն իր հրաժարականի օրն ասել, որ Նիկոլը ճիշտ էր, ինքը՝ սխալ, Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ նախագահը երբ խոսի, դրա մասին էլ կխոսի։
Հաջորդ հարցին՝ իշխանափոխության օրերին ինչո՞ւ այդքան շուտ իշխանությունը հանձնեցին Նիկոլ Փաշինյանին, Է. Շարմազանովը նշեց, որ ինքը մինչև այսօր էլ չի հանձնվել և իշխանափոխության օրերին էլ հստակ հայտարարել է, որ մանդատը վայր կդնի, սակայն Նիկոլ Փաշինյանին չի ընտրի, քանի որ Ն. Փաշինյանի մոտ չի տեսել այն գաղափարախոսական հենքը, փորձառությունը, պետական առաջնորդի համար կայունությունը, որն անհրաժեշտ է Հայաստանին։
«Իշխանությունը գնաց հրաժարականի մեկ պարզ պատճառով՝արյունահեղությունից խուսափելու համար, քանի որ Փաշինյանը հայտարարել էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Մեզ համար մեր պետության և հայրենիքի շահը շատ ավելի կարևոր է, քան երկու պետական պաշտոն»,- հավալեց Է. Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան