«Կա՛մ մենք Նիկոլի իշխանության օրոք թաթախված ենք կոռուպցիայի մեջ, կամ արդարադատությունը շինծու գործեր է անում». Շարմազանովը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ժխտում է այն լուրերը, թե իբրև այս տարվա մայիսին Հանրապետական կուսակցությունն ակտիվանալու է ներքաղաքական դաշտում։
«Նման բան չկա, կարծում եմ՝ այսօր Հանրապետականից ավելի ակտիվ քաղաքական ուժ չկա, էլ ի՞նչ պետք է անենք, հո դուրս չե՞նք գալու մենք էլ քայլերթ անենք՝Մեղրիից գնանք Նոյեմբերյան։ Այսօր այլընտրանքային կարծիքի իշխանությունը ներկայացնում է մեր կուսակցությունը։ Ի՞նչ է նշանակում՝ ակտիվանալ, կգա ընտրությունները, կակտիվանանք։ Մեր տարածքային կառույցները շատ ակտիվ աշխատում են, պարոն նախագահն ակտիվ գալիս է կուսակցություն, բոլորս ամենօրյա ռեժիմով կուսակցությունում լինում եք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, որ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ Սերժ Սարգսյանին հորդորում են, որպեսզի ակտիվանան, սակայն վերջինս նշում է, որ դեռ ժամանակը չէ։
Ըստ Շարմազանովի՝ այս ամենը նշանակում է, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչների նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելանում է։
Անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, էդուարդ Շարմազանովն ասաց, որ տհաճ միջադեպ է, և այն, ինչ տեղի է ունեցել մինչև այժմ, խոսում է Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի և ձախողման մասին։
«Հնարավոր է ընդամենը երկու զարգացում, երկու դեպքում էլ Նիկոլը և իր իշխանությունը պարտված են։ Եթե չեմ սխալվում, երեկ Դավիթ Սանասարյանն ասել է, որ սա շինծու գործ է, հիմա եթե սա շինծու գործ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում չկա արդարադատություն։ Եթե Նիկոլ Փաշինյանի նշանակած մարդը և «դըմփ-դըմփ-հու»-ի հեղաշրջման արդյունքում պետական պաշտոն ստանձնած նրա քայլող եղբայրն ասում է, որ շինծու գործ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում հնարավոր է շինծու գործ ունենալ։ Ինձ համար ակնհայտ է, որ Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի գործերը շինծու են, բայց արդեն Նիկոլ Փաշինյանի դաշնակիցն է ասում, որ դրանք շինծու գործեր են»,- շեշտեց Է. Շարմազանովը։
Նրա խոսքով, եթե Դավիթ Սանասարյանի գործը շինծու չէ, և նրան առաջադրված մեղադրանքն իրականություն է, ապա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե «Նոր Հայաստանում» չկա կոռուպցիա՝ բլեֆ է։
«Կա երկու բան՝ կա՛մ մենք Նիկոլի իշխանության օրոք թաթախված ենք կոռուպցիայի մեջ, կա՛մ արդարադատությունը շինծու գործեր է անում, երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը ստախոս է և երկու դեպքում էլ արատավոր իրավիճակի մեջ ենք»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան