Բաժիններ՝

«Թարս թզուկը» առաջին հորիզոնականում է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Լուսինե Շահնազարյանի «Թարս թզուկը» հեքիաթը: Հերոսը Թարս թզուկն է, նա ամեն բան թարս է անում…Նոր ու հրաշալի գիրք թարս թզուկի մասին, թե ինչու է նա թողնում Թզուկավանը, ինչու է ճամփորդում, ում է հանդիպում…

Երկրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Երրորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» չորրորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Հինգերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գիրքը: Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղանակները:

Վեցերորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Յոթերորդ հորիզոնականում Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունն է: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Ութերորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներառող մեկ այլ ժողովածու՝նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:

Տասներորդ հորիզոնականում է Աննա Իսաբեկյանի «Փիսոն վատ երազ է տեսնում» մանկական գիրքը։ Փոքրիկ Փիսոն ապրում է իր մայրիկի ու հայրիկի հետ: Նա ունի իր զարմանահրաշ աշխարհը, որտեղ զարմանում ու զայրանում է տարբեր բաների վրա, վախենում ու դառնում է քաջ, ուրախանում ու երազում: Փիսոյի մասին պատմությունների շնորհիվ մեր փոքրիկները կսովորեն հաղթահարել իրենց վախերը, մանկական խանդը` ընտանիքում ծնված նոր բալիկի հանդեպ, քմահաճույքները, մայրիկից անկախանալու և այլ խնդիրներ…

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս