Բաժիններ՝

«Վարչապետը երեկ «կիքս» չի տվել, իսկ իմ ստաժը լրիվ հերիքում է». ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու

Գեղամ Գևորգյանը պնդում է, որ իր աշխատանքային ստաժի հետ կապված խնդիրներ չունի, և կեսագործունեության մեջ ղեկավարի կարգավիճակում գրանցած տարիների քանակը լիովին բավարարում է, որպեսզի իրեն՝ որպես վարչապետի առաջադրած թեկնածու, վաղն ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում:

Այս մասին, ի պատասխան 168.am-ի հրապարակման, մեզ հետ զրույցում նշեց առայժմ Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

Հենց նույն ոլորտում հեղափոխությունից հետո նախարար աշխատած կարճ ժամանակահատվածին, ասում է, նաև պետք էր գումարել իր կենսագրության ԾԻԳ-ում աշխատած տարիները, որպեսզի վերջին հաշվով ստանայինք այն 3 տարվա ղեկավարման շրջանը, ինչը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար պահանջվում է օրենքով:

«Դուք միայն նախարարությունում ունեցած ստաժս եք նկատել, մինչ այդ ես համ ԾԻԳ-ի ղեկավար եմ եղել, համ էլ ծրագրի համակարգման խորհրդի ղեկավար եմ աշխատել, իրականում ունեցել եմ աշխատողներ և ստորաբաժանումներ, կառավարել եմ նրանց, էնպես որ, ստեժս հերիքացնում ա, դա միանշանակ ա»,- իր ինքնակենսագրականին վերաբերող քննարկումներն այսպես է պարզաբանում Գեղամ Գևորգյանը:

Վարչապետի թեկնածուին խնդրեցինք ամեն դեպքում օգնել մեզ, որպեսզի միասին բանավոր հաշվենք իր վկայակոչած տարիների հանրագումարը, սակայն նա ոչ մի կերպ չհամաձայնեց՝ կրկին հղում անելով նախարարության կայքէջում հրապարակած իր ինքնակենսագրականի էջին:

Իսկ ՏՄՊՊՀ – նախագահի ինքնակենսագրականում կարդում ենք հետևյալը՝

  • ՀՀ գյուղատնտեսության նախարար է եղել 4 ամիս

2018 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2019 թ. հունվարի 22-ը`

  • հիմնադրամի գործադիր տնօրեն՝ առնվազն 1 տարի

2017-2018թթ. – ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի վերանվանված Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում

  • ծրագրի ղեկավար՝ 10 ամիս

2016թ.-ի փետրվարից՝ դեկտեմբեր

Համաշխարհային Բանկ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիր:

Եթե նախարարության կայքէջում ինչ-որ բան թերի չէ նշված, ապա ստացվում է, որ Գեղամ Գևորգյանի վիճակն իսկապես լուրջ է՝ նրա կառավարման փորձը 2 տարի 2 ամիս է իրականում, և, եթե նույնիսկ ներկայիս կարգավիճակի 4 ամիսներն ավելացնենք, միևնույն է, պաշտոնի համար պահանջվող 3 տարի սահմանագծին չի հասնում:

Առիթն օգտագործելով՝ փորձեցինք ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում հաստատվող պաշտոնյայից հետաքրքրվել՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՏՄՊՊՀ ներկայիս կարգավիճակի մասով, առ այն, որ այս կառույցի որոշ պաշտոնյաներ դեռևս պաշտպանված են օրենքով, քանի որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նշանակումով դեռ ունեն պաշտոնավարելու ավելի քան 1 տարվա ժամկետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը սկսել է փոխել ՏՄՊՊՀ-ի կազմը, և առաջինը՝ հենց 1 տարվա լիազորություններ ունեցող ղեկավար Արտակ Շաբոյանի պաշտոնանկությամբ:

Գեղամ Գևորգյանը չցանկացավ մեկնաբանել վիճահարույց օրենքը՝ պատճառաբանելով, թե վստահ չէ, որ վաղն իր թեկնածությանը վարչապետի թիմակիցները հավանություն կտան:

Իսկ մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է փորձում վարչապետ Փաշինյանը ՏՄՊՊՀ-ն՝ որպես տնտեսական անկախ օղակ, քաղաքականացնել՝ ԲՀԿ-ի և այլ քաղաքական ուժերի հետ հանձնաժողովականներ ընտրելու կոնսենսուսի միջոցով, Գեղամ Գևորգյանը զգուշավորությամբ փորձեց հարցն այնպես շեղել, թե իբր վարչապետը «կիքս» թույլ չի տվել երեկ, երբ խորհրդարանական ամբիոնից մյուս ուժերին կոչ արեց, թե՝ ձեր թեկնածուներին առաջադրեք ՏՄՊՊՀ հանձնաժողովում:

«Ես չեմ կարող հիշել, թե երեկ ԲՀԿ-ն կոնկրետ ինչ առաջարկ արեց: Հիմա դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ տարբեր մարդկանց առաջարկնե՞րը. մարդը առաջարկեց, պատասխանն էլ ստացավ տեղում: Եթե վարչապետն ասում է՝ պարոն Բագրատյան, խնդրեմ, ներկայացրեք ձեր թեկնածուին, դա իր իրավասությունների մեջ է լրիվ, ինքն է ներկայացնում հանձնաժողովի թեկնածուներին, երեկ ԱԺ-ում ինքն այդ հարցին սպառիչ պատասխան տվեց իրականում: Դա ՏՄՊՊՀ նախագահի լիազորություններից դուրս հարց է, ես չեմ ընտրելու հանձնաժողովականներին, դրա համար էլ բավարարվենք վարչապետի պատասխանով»,- նշեց Գեղամ Գևորգյանը՝ ընդգծելով, որ չի մեկնաբանի վարչապետի խոսքը:

ՏՄՊՊՀ-ի դեռևս գործող կազմի, այդ թվում՝ նախագահ Արտակ Շաբոյանի աշխատանքի որակի մասին Գեղամ Գևորգյանը խուսափեց գնահատականներ տալ՝ նշելով, որ ոչ՝ որպես գործադիրի անդամ, և ոչ էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, գնահատական չունի այս մարմնի աշխատանքի մասին:

«Դուք հիմա կարաք ինձ 10-15 հատ այդպիսի մարմնի մասին հարցեր տաք, ես չեմ գնահատի և չեմ ուզում գնահատել մարդկանց աշխատանքը, իսկ մնացածի մասին կհայտնեմ վաղը՝ ԱԺ ամբիոնից, արդեն պատրաստած ելույթի տեքստ ունեմ»,- եզրափակեց թեկնածուն:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գեղամ Գևորգյանի ստաժի խնդրահարույց հարցը բարձրացվել է նաև ԱԺ-ում: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով փաստաթղթեր, որոնցով Գեղամ Գևորգյանը չի համապատասխանում ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախագահի պաշտոնին, որի համար առաջարկն արվել էր վարչապետի կողմից: Խարհրդարանական խմբակցության ղեկավարը նշել էր, որ Գևորգյանի աշխատանքային գրքույկում բացակայում է ղեկավարման 3 տարվա ստաժը: Այդ պատճառով Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է հանել Գեղամ Գևորգյանի՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունը։

 Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս