Կառավարությունում նախարար Զեյնալյանի խոսքը չարժևորեցին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանին երեկ մամուլից է հայտնի դարձել, որ իր պաշտոնում Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, նշանակում է արել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ Կառավարությունից Ազգային ժողովի հաստատման ուղարկվեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանի թեկնածությունը՝ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Շատերի համար սա սառը ցնցուղի պես մի բան էր՝ այն պատճառով, որ ՏՄՊՊՀ անդամները և նախագահը ունեին դեռ մի քանի տարվա պաշտոնավարման լեգիտիմ իրավունք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել մինչ այդ Արտակ Շաբոյանի հետ նույնիսկ զրույց ունենալ:

Փաշինյանը կանգնած է փակուղու առաջ՝ Սահմանադրության պահանջի համաձայն՝ պիտի հրատապ որոշի ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կարգավիճակը: Նախագահի պաշտոնավարման մեկ տարի ժամկետը լրանալուց հետո այս երկու հանձնաժողովները պիտի դադարեցնեն իրենց լիազորությունները, և նոր մարմինն արդեն պիտի ԱԺ-ն ձևավորի: Մինչդեռ հանձնաժողովականների մեծ մասն ունի դեռևս պաշտոնավարելու իրավունք, օրենքն էր այդպես. նախկինում նախագահ Սերժ Սարգսյանը նշանակել էր նրանց՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Այսօր փաստացի դեռ մեկ տարի՝ մինչև 2020 մարտի 1-ը, պաշտոնավարելու իրավունքով է օժտված մնում Արտակ Շաբոյանը, ՏՄՊՊՀ անդամների հիմնական մասն ունի դեռս 1-4 տարի պաշտոնավարման լեգիտիմ իրավունք:

Ստացվում է՝ մի կողմից՝ Մայր օրենքը վարչապետին իրավունք է տվել փոխել Տնտեսական կառույցի` որոշում ընդունող անձանց կազմը, մյուս կողմից՝ այդ քայլին գնալով ՝ նա բախվելու է պաշտոնյաներին կամայականորեն իրենց զբաղեցրած պաշտոններից հեռացնելnւ խնդրին, ինչի իրավունքը փաստացի չունի:

Եվ, ըստ այդմ, կա՛մ երկու՝ իրար հակասող օրենքների գլուխկոտրուկի մեջ պիտի հաղթի «չորով մարդկանց պաշտոններից հեռացնելու» հեղափոխական կառավարության ձեռագիրը, կա՛մ իրար հակասող դրույթների սահմանադրականության հարցը պիտի վիճարկվի Սահմանադրական դատարանում (ՍԴ): Իհարկե, առայժմ չկա որևէ հիմք՝ կարծելու, որ կառավարությունն իսկապես ուզում է խնդրահարույց դրույթը վերանայել քաղաքակիրթ ճանապարհով՝ ՍԴ-ով:

Այն պահին, երբ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սեփական նախաձեռնությամբ մարտի 7-ին կառավարության նիստում բարձրացրեց այս վիճահարույց հարցը, իսկ վարչապետ Փաշինյանը մարդու բարձր իրավունքի տեսանկյունից կիսեց նրա կարծիքը, թվում էր՝ հարցը բացառապես իրավական դաշտում լուծում կստանա, բայց դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ դա միայն թվում էր:

Այս քննարկումից հետո վարչապետը խոհեմ որոշման գնալու համար ԱԺ-ից լրացուցիչ ժամկետներ վերցրեց, չնայած հետո, այդուհանդերձ, գնաց իրեն հատուկ տոտալ հրամանի ուղիով և կրկին խախտեց կուլիսային պայմանավորվածությունները:

Ափալ-թափալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի բաջանաղ Գարեգին Բաղրամյանին, իսկ երեկ արդեն «Իմ քայլը» խմբակցության թիմակիցներին  «հանձնարարեց» ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում հաստատել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Այս երկու նշանակումներից պարզ է դառնում, որ վարչապետի հաջորդ քայլը լինելու է սեփական թեկնածուներին նաև այս երկու հանձնաժողովների 12 անդամների տեղերում «տեղավորելը», որից 7-ը՝ ՏՄՊՊՀ-ում, + 5-ը՝ ՀԾԿՀ-ում:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր հեղափոխական կառավարության կազմում հանդուրժել նախկին իշխանություններից մնացած կադրերին. Հետո՞ ինչ, որ նրանք, այնուամենայնիվ, կայացած մանագետներ են, խորքային տիրապետում են իրենց ոլորտներին, և ընդհանրապես՝ թքած, թե այդ մասնագետները հանրապետականներ չեն ու  ոչ մի կապ չունեն քաղաքական գզվռտոցների հետ, այլ պարզապես լավ մասնագետներ են:

Կառավարության «կադրավիկների» համար ամենաէականն այն է, որ այս աթոռներին և, առհասարակ՝  պետական համակարգի բոլոր կառույցներում միայն հեղափոխության օրերին իրենց հետ քայլած երիտասարդները բազմեն, որոնք կերկրպագեն «Իմ քայլ»-ական շեֆերին (սա կարևոր պայման է), լուռ ու չտրամաբանված կկատարեն նրանց բոլոր հրահանգները, գլուխները կախ կաշխատեն՝ անկախ այն բանից, թե որքան կձգի սեփական փորձն ու գիտելիքների պաշարը:

Հետևապես՝ նույն տրամաբանությունը, ցավոք, կգործի նաև ՏՄՊՊՀ-ի պարագայում՝ կփոխվի Արտակ Շաբոյանը, և նրա հետևից դուրս կմղվեն հանձնաժողովի բոլոր անդամները, և հենց այն պատճառով, որ, ինչպես վարչապետի, այնպես էլ իր թիմի համար, նախկին պրոֆեսիոնալների հետ աշխատելը մշտապես բարդույթի պես տհաճ զգացողություն է եղել:

Իսկ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ուշացած նախաձեռնությունը, փաստորեն, առոչինչ է վարչապետի գծած սցենարի ֆոնին, քանի որ թե՛ նա, և թե՛ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի քայլ առաջ պարտավոր էին հիշել, թե ինչպես 2018թ. հոկտեմբերին փաստացի մեկ հանրահավաքի միջոցով այսօրվա հեղափոխական իշխանությունները դատարկեցին Ազգային ժողովը՝ արհամարհելով ընտրվածի և նրան ընտրողի իրավունքները, և այսօր նույն կերպ մի «Քայլ անելով»՝ հեղափոխականները «դուրս կշպրտեն» նախկին նախագահի կողմից նշանակված անկախ տնտեսական մարմնի պրոֆեսիոնալ կադրերին, իսկ թե ով և ինչպես հետագայում դուրս կգա դրա տակից, արդեն խիստ երկրորդական հարց է:

Ի դեպ, բացառված չէ, որ այս մեկը կառավարությունը չմարսի: Ապաքաղաքական տնտեսական կառույցի դեռևս ոչ ժամկետանց կադրերին ազատելուց հետո, հնարավոր է, սիրո և համերաշխության հեղափոխականները մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) գնան ապաշխարելու՝ մարդկանց աշխատանքային իրավունքները ոտնահարելու, նրանց սահմանադրական իրավունքը խախտելու համար:

Շատ հավանական է, որ ՏՄՊՊՀ մասնագետներն այլոց պես չհանդուրժեն իրենց իրավունքի նկատմամբ սեփական երկրի ղեկավարի այսպիսի կոշտ ոտնձգությունները և գնան ավելի բարձր ամբիոններով իրենց իրավունքները պաշտպանելու հետևից:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս